Ինչի վրա է հույսը դրել կառավարությունը. Մնում էր ձնով «կերակրվել»
Իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ հիմա նրանք ավելի լավ են ապրում, որ տնտեսության մեջ ամեն ինչ փայլուն է, որ ամեն ինչ ընթանում է ցանկալի հունով։ Եթե նույնիսկ ինչ-որ բան դեռ այնպես չէ, ապա շուտով դա էլ կփոխվի։ Նիկոլ Փաշինյանը միայն աննախադեպ զարգացումներից ու բարձր աճերից է խոսում։ Կարևոր չէ, թե խոսքն ինչի՞ մասին է, ինչի՞ հետ է կապված, և դրանից ի՞նչ է շահում հասարակությունը։ Ձյուն է գալիս, ու անգամ դրա մեջ է վարչապետը փորձում ինտրիգ դնել։
«Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա մեր սպասումները: 2020-ը բերքառատ տարի է լինելու, և ոչ միայն՝ գյուղատնտեսական իմաստով»,- օրերս Ֆեյսբուքում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Կարծես նախկինում ձյուն չէր գալիս։ Անցած տարի լավ էլ ձնառատ էր, ջրամբարները լիքն էին ջրով, բայց ի՞նչ ունեցանք՝ գյուղատնտեսությունը մի բան էլ անկում գրանցեց, բերքի ծավալները նվազեցին։ Եթե հույսը միայն բնության վրա է, այդպես էլ պետք է լիներ։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի բերքառատ տարի լինի։ Նախկինում, լավ թե վատ, դեռ էժան պարարտանյութ ու վառելիք, սերմացու էին տալիս գյուղացուն։ Հիմա դա էլ չկա։
Մնում է ձնով «կերակրել» գյուղացուն։ Դեռ չհաշված այն խնդիրները, որոնց անընդհատ բախվում են գյուղացիներն ու գյուղատնտեսության մեջ զբաղվածները։
Կարծես եղածը քիչ էր, վերջերս էլ սպանդանոցների հետ կապված պատմությունն է պատուհաս դարձել։ Հանպատրաստից ուզում են քաղաքակիրթ մորթ իրականացնել։
Ոչ մեկը դեմ չէ սպանդանոցներին։ Բայց մինչ այդ պետք է պայմաններ ապահովել, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել դրանից, վնասներ չկրեն։
Մի քանի օր պահանջվեց, այն էլ՝ բողոքի բավական բուռն գործողություններից հետո, որպեսզի կառավարությունը հասկանա, որ խնդիրներ կան, որ այդ խնդիրները պետք է լուծվեն, որ մարդիկ լավ օրից չէ, որ բողոքում են։
Հիմա էլ վարչապետն է վերջնագրեր ներկայացնում. մինչև փետրվարի 6-ը ժամանակ է տվել սպանդանոցային մորթի դեմ պայքարողներին։ Եթե նրանք կհամաձայնեն առաջադրված պայմաններին, ապա սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի կիրառումը կհետաձգվի մի քանի ամսով։ Հակառակ դեպքում՝ այն այժմվանից կհամարվի պարտադիր։
«Պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունն անցնելու է այս համակարգին, և որևէ ցույց չի լինելու: Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է, կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստին մենք այս հարցին անդրադառնում ենք, և վերջ, իսկ եթե պարզվի՝ ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի»,- ասում է վարչապետը։
Իսկ ինչպե՞ս է կառավարությունը որոշելու՝ առաջադրված պայմաններն ընդունելի՞ են բողոքի գործողություններ իրականացնողների համար, թե՞ ոչ։ Իսկ եթե մինչև հուլիսի 1-ը չլուծվեցին այն բոլոր խնդիրները, որոնք անհանգստացնում են անասնապահներին։ Այնպես չէ, որ պարտադիր սպանդանոցային մորթի իրականացման դեմ բողոքողների պահանջը դրա կիրառումը մի քանի ամսով հետաձգելն է։ Խնդիրը ոչ թե ժամկետների, այլ պայմանների ապահովման մեջ է։ Իսկ ո՞վ է երաշխավորում, որ այդ ժամկետում բոլոր պայմանները կապահովվեն, և ինչո՞ւ է այժմվանից վարչապետը փորձում երաշխիքներ ստանալ, որ բողոքներ այլևս չեն լինելու։
Վարչապետն անասնապահներից երաշխիքներ է ուզում՝ առանց երաշխիքներ տալու։ Ոչ ոք չի կարող նման երաշխիքներ տալ։ Ի վերջո, մարդիկ հաճույքի համար չէ, որ օրերով բողոքի գործողություններ են անում։
Պետք է մտածել գյուղացու համար աշխատելու պայմաններ ապահովելու մասին։ Կառավարությունը ձախողել է գյուղատնտեսության ոլորտի քաղաքականությունը, հիմա էլ վարչապետը որոշել է, որ փրկությունը ձյան մեջ է. ձյուն եկավ՝ ուրեմն բերքառատ տարին ապահովված է։
Բերքառատ տարվա մասին գրառում կատարելուց մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց գյուղատնտեսությանը։ Այս անգամ խոսքը գյուղատնտեսությունն անկումից հանելու մասին էր։
«Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից: Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Դժվար է ասել, թե ի՞նչ էր նկատի ունեցել վարչապետը՝ «բոլորով աշխատել» ասելով, բայց միանշանակ է, որ կառավարությունը լուրջ անելիք ունի գյուղատնտությունը ռեցեսիայից դուրս բերելու գործում։ Այս պահին այդ աշխատանքը տեսանելի չէ։ Տեսանելի չեն նաև այն նախադրյալները, որոնք պիտի պայմաններ ստեղծեն՝ ինչպես գյուղատնտեսության մեջ առկա անկումը դադարեցնելու, այնպես էլ՝ 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար։
Ինչի՞ հաշվին պիտի լինի այդ աճը, եթե դրա համար հիմքեր չեն ստեղծվել։ Տնտեսական աճ, այն էլ՝ 8-9 տոկոս, ապահովելու համար հարկավոր են լուրջ ներդրումային ծրագրեր։ Իսկ քանի՞ այդպիսի ծրագրեր են մեկնարկել Հայաստանում անցած տարվա ընթացքում։ Չկան նման ծրագրեր։
Անցած տարին դեռ այլ էր. անցած տարվա տնտեսական աճին օգնության եկան մի շարք ոլորտներում արձանագրված վիճակագրական կամ հաշվարկային աճերը։ Բայց դրանք անսահման չեն։ Դրանք շուտով սպառվելու են։
Թեև չի բացառվում, որ այս անգամ էլ հույսը գյուղատնտեսությունն է։ Որ գյուղատնտեսությունը տալիս է այդպիսի հնարավորություն, նորություն չէ։ Այստեղ միշտ էլ կարելի է սրբագրել ցուցանիշները և աճեր ապահովել։ Չնայած դրանից ո՛չ գյուղացու վիճակն է լավանալու, և ո՛չ էլ գյուղատնտեսության։ Շահելու է միայն կառավարությունը, որի համար կարևորը հասարակությանը հեղափոխական տրամադրությունների մեջ պահելն է։
Ոչինչ, որ խնդիրներն ինչպես եղել, այնպես էլ մնում են։ Զարմանալի չէ, որ կառավարությունն ինչքան շատ է խոսում հաջողություններից, այնքան բողոքավորների քանակն ավելանում է։ Այդպես է, որովհետև գործ ունենք ձևական ու երևակայական աճերի հետ, որոնք մարդկանց կյանքում բան չեն փոխում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ