Ճանապարհ թրեյլ, բերքի տոն, ժենգյալով հացի փառատոն. Արցախն ընդլայնում է զբոսաշրջային հնարավորությունը

Արցախն աստիճանաբար հայտնվում է աշխարհի իրադարձային զբոսաշրջության քարտեզի վրա։ Արցախ այցելությունը նախընտրում են մշակութային տուրիզմի սիրահարները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցրեի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Արտակ Գրիգորյանը՝ վերլուծելով 2019 թվականի ցուցանիշները, ներկայացնելով առաջիկա անելիքները:

-2019 թվականի Արցախի զբոսաշրջության թվերն արդեն հրապարակվել են, 46 տոկոս այցելությունների աճ է գրանցվել: Ո՞րն է այս հաջողության հիմքը, ըստ ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Զբոսաշրջությունն Արցախում, իսկապես, դրական ցուցանիշներ է գրանցել 2019 թվականին։ Նախ պետք է նշեմ, որ վերջին 10 տարիների ընթացքում միջին հաշվով գրանցվում էր զբոսաշրջիկների թվի 20 տոկոս աճ։ Նման կայուն աճը պայմանավորված էր թե՛ տեղում զբոսաշրջային արդյունքի մրցունակության ուժեղացման և ճանաչելիության բարձրացման, թե՛ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման և ընդհանուր առմամբ՝ համաշխարհային զբոսաշրջության զարգացման արագ տեմպերով։ Նախորդ տարի Արցախում կազմակերպվել էր երկու խոշոր միջոցառում՝ «ԿՈՆԻՖԱ» ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն և Համահայկական խաղեր, որոնք դրական ազդեցություն են ունեցել բնագավառի զարգացման վրա։ Եթե առաջինի դեպքում խոսքը հիմնականում անուղղակի ազդեցության մասին է, այն է՝ դրական տեղեկատվության տարածում և ճանաչելիության բարձրացում, ապա երկրորդի պարագայում ազդեցությունն ուղղակի էր` տարբեր երկրներից մեր հայրենակիցների՝ Արցախ այցելության տեսքով։ Կարող ենք արձանագրել, որ կայուն աճի տեմպերին գումարվել է մոտ 20-25 տոկոս հավելյալ արժեք՝ շնորհիվ նման մասշտաբային միջոցառումերի։

-Ընդլայնվել է նաև Արցախ այցելությունների աշխարհագրությունը՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Լիբանան, Ռուսաստան և այլն: Ո՞ր գործոններն են նպաստել դրան, արդյո՞ք միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունն է իր դերակատարումն ունեցել, թե կոնկրետ ուղղություններ եք թիրախավորել:

-Իմ կարծիքով՝ պատճառներն ավելի հոլիստիկ բնույթ են կրում։ Ես միանշանակ չէի առանձնացնի ցուցահանդեսներին մասնակցությունը կամ թվային մարքեթինգի գործիքների թիրախավորված կիրառումը կամ նշված երկրներում հայկական սփյուռքի առկայությունը։ Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ հիմնական ուղղությունները, որ մենք նախանշել էինք մարքեթինգային պլանով դա Հայաստանի Հանրապետությունն է, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ, եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներ։ Այս տարի ավելացնելու ենք հայկական զբոսաշրջային շուկայում Արցախի ներգրավվածությունը՝ օգտագործելով տարբեր մեխանիզմներ և համագործակցության ձևաչափեր։ Ունենք համագործակցության պայմանավորվածություններ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի, «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի և այլ կազմակերպությունների հետ։ Հաշվի առնելով ռեսուրսների սղությունը՝ փորձում ենք մաքսիմալ արդյունավետ միջոցներով հասնել թիրախներին, չնայած ունենք նպատակ հասնելու նաև այլ տարածաշրջանների։ Օրինակ՝ զբոսաշրջային ուղղությունների համար առավել հետաքրքիր շուկա է հանդիսանում Չինաստանը և ընդհանուր առմամբ Արևելյան Ասիան՝ հաշվի առնելով այդ երկրներում բնակչության կյանքի բարելավումը և որպես հետևանք՝ հանգիստն այլ երկրներում անցկացնելու կարողությունը։

-Փորձն ի՞նչ է ցույց տալիս, արտասահմանցի զբոսաշրջիկներին Արցախում ի՞նչն է հետաքրքրում: Ինչո՞ւ են ընտրում Արցախը:

-Ըստ Արցախի ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմակերպված ընտրանքային հետազոտության, զբոսաշրջիկների գերակշռող մասն Արցախ է այցելել բնության կամ մշակույթի հետ առնչվելու նպատակով։ Արցախ այցելության նպատակներից էր նաև մասնագիտական շրջագայությունը և Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ես կավելացնեի նաև չճանաչվածության փաստը, բայց ոչ թե քաղաքական, այլ զբոսաշրջային առումով։ Որքան էլ բարձր են զբոսաշրջության զարգացման ցուցանիշները, այնուամենայնիվ Արցախը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա դեռ պետք է ձևավորվի։ Տարիներ շարունակ Արցախը կապելով հակամարտության հետ՝ տարբեր երկրներում մեր մասին զբոսաշրջության առումով ոչ այնքան դրական կերպար է ձևավորվել։ Հասնելով մեր տարածաշրջան տեղեկատվության աղբյուրներն ավելի վստահելի և օբյեկտիվ են մատուցվում զբոսաշրջիկներին, ինչի հետևանքով զբոսաշրջիկների մոտ ցանկություն է առաջանում ծանոթանալու մեր երկրի հետ և «առաջին ձեռքից» առնչվելու մեր մշակույթին, մարդկանց և բնությանը։ Նաև այդ պատճառով ևս մեր զբոսաշրջային կարգախոսը դեռևս անփոփոխ է՝ «Արցախ. թաքնված գանձ»։

-Բացի ավանդական մշակութային, տեսարժան վայրեր այցելելուց Արցախը ներկայանում է տարբեր տուրպրոդուկտներով: Ներկայում ի՞նչ եք առաջարկում զբոսաշրջիկներին, և առաջիկայում տուրպրոդուկտների բազմազանությունն ապահովելու համար ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-Իրականում, շատ կարևոր հարց եք բարձրացնում, քանի որ վերջին տարիներին Արցախն իսկապես մշակութային տուրիզմ նախընտրող զբոսաշրջիկների էր գրավում ու մեր կանխատեսումներով տուրիզմի այդ ձևը դեռ մնալու է՝ որպես այցելության հիմնական նպատակ։ Միաժամանակ մենք աշխատում ենք զբոսաշրջային առաջակի բազմազանության վրա՝ հաշվի առնելով նաև միջազգային զբոսաշրջության միտումները։ Անցած տարի մշակվել և այս տարի հանրությանն է ներկայացվելու գյուղական տուրիզմի զարգացման հայեցակարգը, որն իր մեջ պարունակելու է ստանդարտացված որակավորմամբ հյուրատնային ծառայությունների ստեղծում և մատուցում, գյուղերում զբոսաշրջությանն առնչվող այլ ծառայությունների և առաջարկի ուսումնասիրում ու զարգացում։ Նշված աշխատանքներն իրականացվելու են պետություն-մասնավոր հատված ակտիվ համագործակցությամբ, մարդկային ռեսուրսների զարգացման և ֆինանսական աղբյուրների հասանելիության ապահովմամբ։ Խնդիրն,իհարկե, միջնաժամկետ ու երկարաժամկետ բնույթ ունի, սակայն դրան ուղղված աշխատանքներն արդեն սկսել ենք։ Երկրորդ կոմպոնենտը, որ կցանկանայի առանձնացնել՝ արկածային զբոսաշրջությունն է, որի զարգացման համար մենք ունենք բոլոր նախադրյալները։

Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում «Ճանապարh թրեյլ» քայլուղիների համակարգի զարգացման վրա, այլ տարածաշրջաններում քայլուղիների հետազոտության և զարգացման ուղղությամբ։ Բացի այդ, մասնավոր հատվածում ևս տեսնում ենք արկածային տուրիզմի զարգացման հետաքրքրություն, անհատական տուրերի առաջարկ, ձիարշավներ և այլն։ Հիմա մտածում ենք նաև արկածային տուրիզմի կլաստերների ձևավորման մասին` նման ռեսուրսներով հարուստ տարածաշրջաններում ստեղծելով համապատասխան ծառայությունների համար անհրաժեշտ պայմաններ։

-Առանձին որպես զբոսաշրջային ուղղություն Արցախը դիտարկում էր միջոցառումային տուրիզմը: Այն ի՞նչ հաջողություններ է ունենում: Եվ այս տարվա ընթացքում այդ համատեքստում ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:

-Միջոցառումների կազմակերպման առումով 2019 թվականը կարելի է համարել բացառիկներից։ Վերոհիշյալ երկու մասշտաբային միջոցառումները՝ արդեն ավանդական դարձած փառատոններն ու համապետական նշանակության միջոցառումները տեղի բնակչության և մեծ թվով զբոսաշրջիկներին իսկական տոն էին պարգևում։ Ինչ վերաբերում է Արցախի՝ որպես իրադարձային ուղղության նկարագրին, ապա պետք է նշեմ, որ այդ առումով մեր երկիրն իսկապես տարեցտարի հայտնվում է իրադարձային զբոսաշրջության քարտեզի վրա։ Ուրախալի է նաև այն փաստը, որ ունենք ամենամյա միջոցառումների թե՛ քանակական, թե՛ որակական դրական փոփոխություն։ Այսպես միայն ամենամյա ձևաչափով և արդեն իսկ կայացած միջոցառումներից կառանձնացնեի «Արցախի գինու փառատոնը», որը կազմակերպվում է սեպտեմբերին Տող գյուղում, ամռանը կազմակերպվող «Արցախի օդային փառատոնը», Ստեփանակերտում նշվող «Բերքի տոնը», Հաթերք գյուղում անցկացվող «Ժենգյալով հացի փառատոնը» և այլն։

Քանի որ նշված միջոցառումները ունեն հստակ ժամանակաշրջան և առանձնանում են իրենց յուրահատկությամբ, զբոսաշրջիկների և զբոսաշրջային ընկերությունների համար կանխատեսելի են՝ փաթեթների կազմման և իրացման առումով։ Վերոհիշյալ բոլոր միջոցառումները կազմակերպվելու են նաև այս տարի։

Աննա Գզիրյան

Տեսանյութեր

Լրահոս