«Հայերն ավելի երջանիկ ազգ են, քան ֆրանսիացիները և գերմանացիները». GALLUP
Հայտնի են 2019-ի աշխարհի երջանիկ և դժբախտ, լավատես և հոռետես երկրները՝ ըստ «GALLUP International association»-ի:
Հետազոտությունն իրականացվել է 46 երկրում, ՀՀ-ում համապատասխան հարցումներն անցկացրել է «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը:
«ՀՀ-ում ընտրանքի քանակը կազմել է 1517, հարցումներն իրականացվել են և՛ Երևանում, և՛ մարզերում՝ մարզկենտրոններ, գյուղեր»,- հայտնեց «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը:
Լավատեսության կամ հույսի և հուսահատության ինդեքսը պարզող հարցին՝ «ի՞նչ եք կարծում՝ 2020-ը կլինի ավելի վա՞տը, թե՞ կմնա, ինչպես 2019-ը թվականն էր», ՀՀ-ում հարցվողների 62 տոկոսը պատասխանել է՝ կլինի ավելի լավը, 7 տոկոսը՝ ավելի վատը, 25 տոկոսը նշել է, որ կմնա նույնը, ինչպես 2019-ին էր, իսկ 6-ը տոկոսը դժվարացել է պատասխանել:
Ըստ այդմ՝ Հայաստանը հայտնվել է լավատես երկրների հնգյակում՝ 5-րդ տեղում: Այս շարքում առաջին տեղում Պերուն է, երկրորդում՝ Ալբանիան, երրորդում՝ Նիգերիան, չորրորդ տեղում Ղազախստանն է:
Ադրբեջանը լավատեսության ինդեքսով 11-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 12-րդ, Թուրքիան 35-րդ տեղում է:
Հոռետես երկրների թոփ հնգյակում Լիբանանն է, Հոնկոնգը, Հորդանանը, Իտալիան, Բոսնիա և Հերցեգովինան:
Ինչ վերաբերում է երջանկության ինդեքսին, ապա աշխարհի երջանիկ երկրների հնգյակը գլխավորում է Կոլումբիան, որին համապատասխանաբար հաջորդում են Ինդոնեզիան, Էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան և Ֆիլիպինները:
Իսկ ոչ երջանիկ երկրների հնգյակը հետևյալ պատկերն ունի՝ Հորդանան, Լիբանան, Սիրիա, Հոնկոնգ, Իրաք:
Հայաստանը երջանիկ երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը:
Մեր երկրում իրեն շատ երջանիկ է համարել հարցվածների 13 տոկոսը, երջանիկ՝ 60 տոկոսը, ոչ երջանիկ, բայց ոչ էլ դժբախտ՝ 23 տոկոսը, դժբախտ իրեն համարել է հարցվածների 2 տոկոսը, շատ դժբախտ՝ 1 տոկոսը:
Ադրբեջանը երջանկության ինդեքսով 10-րդ տեղում է, Վրաստանը՝ 20-րդ, Թուրքիան 36-րդ տեղում է: Ի դեպ, 36-րդ տեղում են նաև Ֆրանսիան և Գերմանիան: