Ժնևում արձանագրվեց տեղաշարժ, որի ողջ բովանդակությունն ու հեռանկարայնությունը պարզ կդառնա ապագայում. վերլուծաբան
«Ժնևից հետո կողմերի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ քննարկվել է խնդիրների մի քանի խումբ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին և 30-ին Ժնևում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որն ընդհանուր առմամբ տևեց 11 ժամ: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր հնգակողմ հայտարարություն:
«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասված էր հայտարարության մեջ:
Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ կողմերի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ քննարկվել է խնդիրների մի քանի խումբ, որոնցից մեկը վերաբերում է մարդասիրական նախագծերին ու կողմերի միջև մթնոլորտի առողջացմանը, մյուսը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին կամ այն կետերին, որոնք կարող են դառնալ հիմք ապագա կարգավորման համար, և վերջինը, թե այս գործընթացը երբ կարող է ավելի հստակ ժամանակացույց ունենալ:
«Կարծում եմ՝ այս հանդիպման արդյունքները համանախագահների տեսանկյունից կարող է գնահատվել դրական, քանի որ նրանց հաջողվել է ավելի լուրջ խոսակցության մղել կողմերին: Սա և դրական է, և ինչ-որ առումով՝ նաև բացասական, քանի որ հենց այս փուլում է հնարավոր, որ գլուխ կբարձրացնեն ամենասուր ու ցավոտ հարցերը, որոնցում կողմերն ունեն տարաձայնություններ և տարաբնույթ մոտեցումներ: Բայց Հայաստանի Հանրապետությունը նշել է նաև, որ որևէ լուրջ օրակարգ տեղ չի ունենալու բանակցություններում, քանի դեռ դրանց չի միացել Արցախը, ուստի, գուցե այն հարցերը, որոնք ամենակարևորն են և առաջացնում են ամենասուր քննարկումները, հետաձգվեն մինչ Արցախի մասնակցությունը նման հանդիպումներին, իսկ մինչ այդ հնարավոր է խոսել որոշ գաղափարների մասին, որոնք չեն սրի մթնոլորտը: Կարծում եմ՝ հասկանալով այդ հեռանկարը՝ կողմերը ժամանակ կշահեն հումանիտար պրոյեկտների մասին քննարկումներով, որոնց մանրամասների շուրջ քննարկումները ևս կարող են պահանջել ժամեր»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա՝ հասկանալի է նաև, որ Ադրբեջանում ընտրական շրջափուլից առաջ իրավիճակի սրացում հակամարտության գոտում տեղի չի ունենա:
«Իսկ թե ինչ կլինի հետո` կախված կլինի թե՛ իշխանությունից, թե՛ ստեղծվող իրավիճակներից: Ներկայումս երևակվող տեղաշարժը հանդիպումների ընթացքում ծառայելու է այս փուլում շփման գծում և կողմերի միջև, ընդհանուր առմամբ, կայունության պահպանմանը, իսկ հետո դժվար է ասել՝ սա կշարունակվի՞, թե՞ ոչ»,- ասաց Մաքֆարլեյնը:
Ըստ նրա՝ կարգավորման համար հիմքեր դեռ չեն ուրվագծվում, սակայն կա տեղաշարժ, որի ողջ բովանդակությունն ու հեռանկարայնությունը պարզ կդառնա ապագայում: Այս փուլում, նրա գնահատմամբ՝ ավելի քիչ է հավանականությունը, որ իրավիճակի սրում կլինի շփման գծում, քանի որ այս փուլում դա չի բխում ոչ մի կողմի շահից:
Հարցին, թե սա բանակցությո՞ւն է, թե խորհրդակցությո՞ւն, կամ ինչպիսի՞ ձևաչափ է, Մաքֆարլեյնը պատասխանեց, որ կողմերն իրենք են որակում տալիս իրենց հանդիպումներին:
«Ադրբեջանը հանդիպելով հայկական կողմի հետ, տարիներ շարունակ խոսում էր սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտության մասին, հայկական կողմը հանդիպումը որակում է խորհրդակցություն կամ խոսակցություն, այսինքն՝ կարծում եմ, սահմանումն այդքան կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է, որը, կարծում եմ, լիովին արտացոլված է հայտարարության մեջ, ինչը, ի դեպ, հնգակողմ է, այսինքն՝ ինչին համաձայնել են Հայաստանը, Ադրբեջանը և միջնորդները»,- ասաց նա: