«Սպանդանոցը պետք է լինի պետական, քանի որ վաղը կարող է բիզնեսմենը որոշի այդ սպանդանոցը վերածել ավտոլվացման կետի»
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց սպանդանոցների վերաբերյալ որոշումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց՝ առաջարկել են փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն:
Առաջինը՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝ միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում, և երրորդ՝ մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:
«Այսինքն՝ մենք, այս երեք փոփոխությունները կատարելով, հիշում ենք նա, որ ունենք ևս երկու աջակցության գործիք, որոնք կարող են օգտագործել այս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները: Դրանցից առաջինը. եթե շենք է կառուցվում, առանձին վարկավորման գործիք ունենք, կարող են օգտվել դրանից: Եթե կենդանիներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, ապա ունենք մեկ այլ ֆինանսավորման գործիք նույնպես»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց՝ կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ երբ լինեն շարժական սպանդանոցներ, դրանք ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը կմեղմացնեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանին, հետաքրքրվեց՝ եթե մարդիկ ուզում են ստեղծել սպանդանոց, ձեռք բերել շարժական սպանդանոց կամ իրականացնել կենդանի կամ մորթված կենդանիների տեղափոխում, ի՞նչ պետք է անեն:
Պատասխանելով վարչապետի հարցին՝ Ավետիսյանը նշեց, որ պետք է դիմեն Սննդի անվտանգության տեսչական մարմին։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շարժական սպանդանոցը շատ մեծ ռիսկեր է պարունակում:
«Հայաստանում շարժական սպանդանոցը կարող ենք օգտագործել բացառապես յայլաներում: Գաղտնիք չէ, որ եզդիները մի քանի ամիս անց են կացնում այդտեղ: Արոտավայրում պետք է տեղ ֆիքսվի, կառուցվեն մի շարք ենթակառուցվածքներ, այդ թվում՝ կենսաբանական թափոնների վերամշակման, խոտանման, ոչնչացման համար: Սակայն շարժական սպանդանոցն օգտագործել՝ Հայաստանում համայնքից համայնք շարժվելու և կենդանիների սպանդ կատարելու համար, որպես փորձագետ՝ համարում եմ անթույլատրելի: Կարծում եմ՝ ռիսկերով լի է, քանի որ դրանք կարող են արհեստական հիվանդությունների տարածման և հիվանդությունների հարուցիչների սփռման խթան հանդիսանալ՝ հաշվի առնելով այն, որ մեզ մոտ կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների հսկողությունը պատշաճ չի կատարվում»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետի խոսքով՝ համայնքներում կառուցվող սպանդանոցները պետք է լինեն համայնքային ենթակառուցվածքի մի մասը, լինեն հատուկ տարածքներում: Համայնքի կողմից ընտրված, համապատասխան գնահատական պետք է տրվի, այդ թվում՝ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ, կազմվի հատակագիծ, հաշվի առնեն ջրամատակարարման հարցերը, քանի որ ջրամատակարարումը չի կարող ուղղակի միացված լինել բնակչությանը տրամադրվող ջրամատակարարման համակարգին կամ ոռոգման ցանցին, քանի որ սպանդանոցը համարվում է ռիսկային օբյեկտ, և որոշ հիվանդությունների հարուցիչներ չպետք է կարողանան ներթափանցել ընդհանուր կենտրոնացված ջրային ցանց:
Սպանդանոցները պետք է լինեն սեյսմակայուն, ցանկալի է՝ մի քիչ բարձր տեղում՝ 300-500 մետր հեռավորության վրա:
«Կարևոր է, որ սպանդանոցները լինեն պետական, այլ ոչ թե՝ որևէ մեկի բիզնեսը, քանի որ անվտանգության ապահովումը պետք է լինի պետական մենաշնորհ: Եթե իրենք ցանկանում են դա վարձակալության հանձնել որոշակի ընկերությունների, բիզնես զարգացնել՝ շատ լավ: Ընկերություններին թող հանձնեն, գան, ծառայություններ մատուցեն, բայց ենթակառուցվածքը պետք է լինի պետական, քանի որ ընկերությունը, որը փող է ներդնում, վաղը կարող է որոշել՝ այդ սպանդանոցը վերածել ավտոլվացման կետի: Այսինքն, սպանդանոցը կփակվի: Իսկ եթե պարզապես ընկերությունը ծառայություն է մատուցում, նա չի կարող այդ ենթակառուցվածքը վերացնել: Կամ, եթե ոչ պատշաճ ծառայություն մատուցեն՝ պետությունը միշտ կարող է կասեցնել պայմանագիրը՝ հիմնավորելով իրենց աշխատանքի ոչ պատշաճ լինելը, ու դա հանձնեն մեկ այլ ընկերության:
Մասնավոր սպանդանոցը կարող է գործել միմիայն հատուկ բիզնեսների համար, օրինակ՝ Իրան ոչխարի միս արտահանելու դեպքում, եթե իրենք ցանկանում են պարսիկների հետ գործ անել, ու նրանք չեն ցանկանում, որ այդ սպանդանոցում խոզ մորթվի, և այլն: Թող կառուցեն մասնավորն ու ծառայություն մատուցեն: Սպանդանոցի աշխատողները պետք է լինեն համայնքային աշխատողներ, ստանան ֆիքսված աշխատավարձ, որովհետև կարող է՝ օր լինի՝ 10, օր լինի՝ ոչ մի անասուն չմորթեն»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը: