Ինչո՞ւ են իշխանությունները թեման գցում ժողովրդի վրա

ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում հիմնական զարգացումները տեղի են ունեցել քաղաքական մանիպուլյացիաների ու նմանատիպ հայտարարությունների հիման վրա։ Վերջին օրերին հանրային դիսկուրսի առանցքային թեման կապված է Արցախի բանակցային գործընթացում իշխանությունների փակուղային դրության հետ։

Վերջին շրջանում էլ ՀՀ ներքին օրակարգում ամենաառանցքային թեման կապված է ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումների հետ: Երկար չմանրամասնելով, թե ինչ ընթացակարգեր կիրառվեցին իշխանությունների կողմից ՍԴ նախարար Հրայր Թովմասյանից ազատվելու համար՝ նշենք, որ ներկայումս իշխանությունների սեղանին հարցի հետ կապված հերթական սցենարն է դրված:

Իշխանություններն այսօր առավոտյան նախաձեռնել էին հրավիրել արտահերթ նիստ, որտեղ ներառված էր երկու նախագիծ, մեկը՝ պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախաձեռնած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «ՍԴ մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, ինչպես նաև պատգամավորների 1/3-ի կողմից նախաձեռնած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին հարցը:

Այլ կերպ ասած՝ վերջին նախագծով պատգամավորները ձեռնամուխ էին լինելու վերջնականապես լուծել ՍԴ հարցը: Նախօրեին լրատվականներում և սոցցանցերում սկսեց շրջանառվել այն թեզը, ըստ որի՝ Սահմանադրական մարմինների, այդ թվում՝ ՍԴ սահմանադրական լիազորությունների ժամկետի կրճատումը գործող սամանադրությամբ հնարավոր է, բայց՝ հանրաքվեով։

Ընդ որում՝ հանրաքվեի դրվող իրավական ակտի նախագծի սահմանադրականության նախնական ստուգում Սահմանադրական դատարանի կողմից չի պահանջվելու։

Միաժամանակ նախօրեին ԱԺ-ում բավական երկար հանդիպում էր տեղի ունեցել ԵԱՀԿ երկրներում հավատարմագրված դեսպանների հետ: Տեղեկություններ կան, որ դեսպաներն իրենց դժգոհությունն են հայտնել ընթացիկ գործընթացների վերաբերյալ:

Ահա, հավանաբար, հիշյալ փաստերը հաշվի առնելով՝ առավոտյան արտահերթը չեղարկվեց, և լրացուցիչ խորհրդի նիստ գումարելուց հետո՝ նոր նիստ նշանակվեց՝ օրակարգում ունենալով միայն ՍԴ հարցը հանրաքվեով կարգավորելու նախագիծը: Ասել է թե՝ իշխանությունները, հասկանալով, որ իրենց վրա վերցնելով այդ հակասահմանադրական քայլը, հետագայում ամբողջությամբ դառնալու են բացահայտ քննադատության թիրախ, այդ պատճառով թեման «գցեցին» ժողովրդի վրա: Իրենց ելույթներում իմքայլականներն այդպես էլ ոչ մի հիմնավոր փաստարկ չհնչեցրեցին, թե որ բնագավառում է պետության գործունեությանը խանգարում կամ խանգարել ՍԴ-ն: Փոխարենը՝ հնչում են պաթետիկ ելույթներ՝ հայտարարելով, թե ՍԴ-ում արագ փոփոխությունները հանրային պահանջ է և բխում է ժողովրդի շահերից:  Որևէ մասնագիտական հիմնավորում այդպես էլ չհնչեց, և տպավորություն է, թե քննարկվում է ոչ թե պետության համար առանցքային նշանակություն ունեցող հարց, այլ շարքային ինչ-որ մի իրավակարգավորում:

Փաստացի ստացվում է այնպես, որ, երբ ՍԴ յոթ դատավորները միանգամից լիազորություններ են դադարեցնում՝ երկրում ստեղծվում է սահմանադրական ճգնաժամ և հակասահմանադրական մթնոլորտ:

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր խորհրդարանում, ՀՀ Սահմանադրության դասական ոտնահարում էր: Պատգամավորների հնչեցրած տեքստերում ամբողջովին բացակայում էր իրավական բաղադրիչը, և ողջ հռետորաբանությունը կառուցված էր քաղաքական ենթատեքստով: Այսինքն՝ ստացվել էր այնպես, որ Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնած քաղաքական ուժը լծվել է այդ սահմանադրական փոփոխությանը բացառապես քաղաքական նպատակներով: Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ ներկայումս ԱԺ-ում ելույթ ունեցող պատգամավորները պառլամենտարիզմի և օրենսդրականության հետ բացառապես ոչ մի աղերս չունեն, ավելին, մեկ տարուց ավելի լինելով պատգամավոր, չեն հասկացել իրենց մանդատի իրական գործառույթները:

Խոսում էին սահմանադրականության ավտորիտար լինելու մասին, խոսում են դատարանների անկախության և կատարելության մասին, սակայն չեն հասկանում, որ խոսքն առաջին ատյանի և վերաքննիչ, վճռաբեկ դատարանների մասին է, այլ ոչ թե՝ ՍԴ-ի:

Իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթների հիմնական մասում դարձյալ հիշեցին նախկին իշխանություններին, անընդհատ շեշտվում էր, թե 2015-ին Սահմանադրությունն անցել է կեղծիքով, որ Հրայր Թովմասյանը բռնազավթել է ՍԴ-ն և փորձում է այն ծառայեցնել նախկին իշխանություններին՝ քաղաքական նպատակներով, և այլն:

Ալեն Սիմոնյանը հերթական անգամ փորձեց էլ ավելի շեղել թեման, և հերթական անգամ հրապարակ իջեցրեց պարտիզանական խմբերի մասին իր վերջին օրերի հնչեցրած թեզը: Ըստ էության, գործ ունենք հերթական ֆեյք օրակարգի ներդրման փաստի հետ, երբ իշխանություններն իրենց համար արհեստական օրակարգ առաջ քաշելով՝ փորձում են հանրության ուշադրությունը շեղել բուն գործընթացներից՝ իրենց բնորոշ պոպուլիզմով ու մանիպուլյացիայով:

Վերջին շրջանում նկատվում է մի միտում, որը շարունակական բնույթ է ստանում. և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ իշխանության մյուս ներկայացուցիչներն առաջ են քաշում այն պնդումը, թե իրենք ընտրվել են ժողովրդի կողմից, ժողովուրդն իրենց ձայն է տվել, և իրենք առաջնորդվում են այդ մանդատով: Այստեղ գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հետ, երբ իշխանություններն իրադարձությունները հերթական անգամ աղավաղում են, թե իրենք ունեն ժողովրդի 70 տոկոսի վստահության քվեն՝ մոռանալով, որ ԱԺ վերջին ընտրություններին չի մասնակցել ընտրողների 57 տոկոսը, այսինքն՝ իրենք 43 տոկոսի 70 տոկոս քվեն են վայելում, ոչ թե՝ ողջ ազգաբնակչության:

Ապացուցված փաստ է, որ քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին՝ կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, սակայն այդ ստիպման գործընթացը պետք է տեղի ունենա այնպես, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»): Նշենք, որ քաղաքական մանիպուլյացիայի գործիքները բազմազան են, անմիջական խոսքից՝ մինչև լրատվական միջոցների կիրառում: ՀՀ գործող իշխանությունները քաղաքական բուրգի գագաթին հայտնվելու ողջ գործընթացում առաջնորդվել են նշյալ քայլերով։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս