Բաժիններ՝

«Սերն է պակասել… եթե այդ սերը պակասում է, ամեն ինչ դադարում է, չարը սկսում է գործել». Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

168.am-ը բանակում տիրող իրավիճակի և վերջերս հաճախակի դարձած սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի պատճառների մասին զրուցել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

– Եթե գլոբալ նայենք, ցավը բոլորինս է, քանի որ դա վերաբերում է մեր երիտասարդ տղաների ընդհանուր դաստիարակությանը: Ես ավելի քան 20 տարի այս կառույցի ղեկավարն եմ, և որպես ավագ ընկեր` խորհրդատու, հոգևորական, միջանձնային հարաբերություններին միշտ անդրադառնում եմ: Մեր հոգևորականները ևս չեն թերանում: Մենք երբևիցե չենք զլանում բռնել մարդու ձեռքը և դարձի բերել: Բայց մենք՝ այս փակ կառույցի մեջ գտնվողներս՝ սպա, հոգևորական, հոգեբան, բոլորս ներգրավված ենք, բայց սա քիչ է: Լինի զինվորական թե հոգևորական, միշտ մի բան պիտի տա՝ դա սերն է, որը պակասում է: Սիրո գաղափարը սպունգի նման կլանում է, եթե այդ սերը պակասում է, ամեն ինչ դադարում է, չարը սկսում է գործել: Ես միշտ ասում եմ՝ ինչ անում եք, սիրով արեք: Եթե մենք ուզում ենք հզոր պետականություն կառուցենք, ուրեմն՝ պիտի հավատք լինի, սեր լինի, նվիրյալ ծառայություն: Իսկ եթե ուզում ենք անենք զուտ այն բանի համար, որ կանք և գոյություն ունենք, դա իր բացասական արդյունքը, հետևանքներն է տալու: Գլոբալ իմաստով սա է իմ մտածումը: Անելիք ունենք բոլորս, որ ընկերն ընկերոջ վրա զենք չբարձրացնի:

– Այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ կան թերացումներ, մասնավորապես, սպայակազմի կողմից ոչ բավարար վերահսկողության առումով, ինչպես պնդում են շատերը:

– Չեմ կարծում: Մարդիկ առավոտը 6:30-ից գնում են և 24-ժամյա ծառայություն են մատուցում: Այսօր մեր հանրային կյանքում չկա այնպիսի մի անձ, որ այդքան կարողանում է իր գործը կատարել: Ես սա անկեղծ եմ ասում: Բոլորը հոգնում են, բոլորը վազելով գնում են տուն, իսկ սպայի ծառայությունը նվիրյալ ծառայություն է: Իմ ասածն ընդհանուրին է վերաբերում, որ սիրո պակաս կա:

– Իսկ եթե ավելի առարկայական խոսենք, բանակում ի՞նչ քայլեր պիտի արվեն, որ նվազեն ոչ մարտական կորուստները, գուցե ինչինչ խստացումներ պիտի արվեն՝ կանոնագրքի, և ոչ միայն:

– Խստությունը լավ բաների չի բերում: Առանց այն էլ բանակը խիստ կառույց է:

– Խոսքը պատճառաբանված խստության մասին է, որը հաստատ բերում է լավ բաների:

– Պարտադրանք չպետք է լինի, այլ գաղափարախոսություն՝ սկսած դպրոցից, ընտանիքից, վերջացրած բանակով: Պետք է մեկ ընդհանուր գաղափարախոսության կրողը լինեն, և դա շեշտադրված լինի: Սա աքսիոմա է: Եթե դպրոցում, տանը և բանակում նույնը չեն անում, եթե չկա սեր, արժեհամակարգ, երեխան ուրիշ ճանապարհով է գնում, գնալու: Միակողմանի չպետք է դատենք՝ դե բանակ է, թող բանակը դաստիարակի… Ոչ, մենք դաստիարակված պետք է մեր տղային բերենք բանակ: Սա գլոբալ հարց է, որը գրեթե բոլոր երկրներում կա: Բոլորն էլ այս ցավով տառապում են: Ի վերջո, համակարգիչ է, հեռախոս, մենք դարձել ենք նաև եսակենտրոն՝ մոռանում ենք, որ մեր կողքին մարդիկ կան, ընկեր, շրջապատ, աստվածահաճո ծրագրեր, որոնք պիտի արվեն: Եվ այս ամենը պիտի համեմված լինի սիրով, եթե դա չկա, ոչ մի բան չի լինելու:

– Զինվորների հետ հոգևորականը որքա՞ն հաճախակի է զրուցում, եթե վերցնենք ամսվա կտրվածքով: Տարիներ առաջ, գիտեմ, որ սպասավորների թվի խնդիր կար:

– Բանակը մեծ կառույց է, իսկ հոգևորականների թիվը սակավ է: Փորձում ենք մեր գնդերեցներին տեղաբաշխել այն ծառայության վայրերը, որտեղ սահմանային զորամասերն են, որտեղ մարտական դիրքերն են և մշտապես մարտական հերթապահություն է իրականացվում: Փորձում ենք սա անել, մյուս զորամասերում, անշուշտ, չկան հոգևորականներ: Սա համատարած աշխատանք է պահանջում և նվիրյալ ծառայություն: Եվ այս բացերը չէին լինի, եթե մարդն իր ընտանիքում պահպանի քրիստոնեական արժեհամակարգը: Այս արժեհամակարգում մեծացած երեխան երբեք ձեռք չի բարձրացնի իր ընկերոջ վրա, այս արժեհամակարգի պակասն է, որ բերում է սրան: Ընտանիքը սրբություն է, դա պիտի լինի: Բանակն էլ, իր հերթին՝ մեծ ընտանիք է, և այս արժեհամակարգը պիտի աշխատի:

– Բանակում վերադաստիարակվելու հնարավորություններ չկա՞ն, կամ համապատասխան գործիքներ:

– Կան: Սա լուրջ տեղ է, ամեն ինչ հնարավոր է անել. ծխող զինվորին դարձնել չծխող, հայհոյողը դառնա չհայհոյող… Անշուշտ, շատ անելիքներ կան, բայց սրա հետ մեկտեղ՝ նա լավ մարտնչող զինվոր պիտի դառնա: Այս ամեն ինչի համար 24 ժամը չի բավականացնի, որ օրվա կտրվածքով մեր անելիքներն անենք: Բանակում մահվան դեպքերը մեզ համար ծանր են, և շատ ծանր ենք մենք տանում դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս