10 ցուցում՝ հյուրանոցներին․ ԱԱՏՄ-ն հորդորում է վիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել
Հայաստանում հյուրանոցներին հորդորում են կորոնավիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տասը ցուցում է հրապարակել, որոնք անհրաժեշտ են վարակի ներթափանցումը թույլ չտալու համար:
«Հաշվի առնելով, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համարվում է համաճարակային անբարենպաստ երկիր կորոնավիրուսի 2019-nCoV ենթատեսակով հարուցված վարակի ներթափանցման տեսանկյունից՝ ԱԱՏՄ-ն հայաստանյան հյուրանոցների ղեկավար կազմերին հորդորում է պատշաճ համաճարակաբանական հսկողություն իրականացնելու նպատակով հիվանդի հայտնաբերման կամ կասկածելի դեպքերում մի շարք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
Մասնավորապես՝ անհրաժեշտ է՝
- Հիվանդի կամ կասկածելի դեպքի վերաբերյալ տալ շտապ հաղորդում՝ հրավիրված բժշկի կողմից՝ սահմանված կարգով:
- Ապահովել հրավիրված բժշկի կողմից հիվանդին ցուցաբերվող բժշկական օգնությունը՝ մինչև շտապ օգնության ժամանումը։
- Արգելել կողմնակի անձանց մուտքը հիվանդի սենյակ հյուրանոցային համար։
4. Հիվանդին ժամանակավորապես մեկուսացնել հյուրանոցային համարում՝ մինչեւ նրա հոսպիտալացումը։
5. Հյուրանոցային համարում փակել դռները և պատուհանները, անջատել օդափոխության համակարգը։ - Պարզել հիվանդի՝ հյուրանոցում և դրանից դուրս բոլոր շփումները, կազմել հիվանդի հետ շփված անձանց անվանացանկ։
- Հիվանդին շտապ օգնության մեքենայով տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխումն արգելել հանրային տրանսպորտով, այն կազմակերպել շտապ օգնության մեքենայով կամ առանձին մեքենայով, հնարավորության դեպքում հիվանդին տեղափոխելու ժամանակ մեքենայի պատուհանները բացել:
- Խորխով կամ այլ արտազատուկներով աղտոտված մակերեսները մշակել կենցաղային ախտահանող քլոր պարունակող նյութերով: Ախտահանող նյութի նոսրացումը՝ 1:99 1 մաս քլոր պարունակող նյութ: 99 մաս ջուր հարաբերակցությամբ:
- Վարակի հաստատման դեպքում՝ հիվանդի տեղափոխումից հետո, չթույլատրել հիվանդի համարից պարագաների դուրս բերումը՝ մինչև եզրափակիչ ախտահանման իրականացումը։
- Հիվանդին հոսպիտալացնելուց հետո հիվանդի այցելած բոլոր շինություններում կազմակերպել և իրականացնել եզրափակիչ ախտահանում, որից հետո աշխատել սովորական ռեժիմով»: