«Բանակի մասին հայտարարություններ, մեկնաբանություններ են անում մարդիկ, որոնք գաղափար չունեն բանակի նիստուկացից, խնդիրներից». Գրիգոր Գրիգորյան

Բանակում տիրող իրավիճակի, դրա պատճառների մասին 168.am-ը զրուցել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ։ Նա Պռոշյանի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունը Արցախի ու Հայաստանի մի շարք սահմանապահ զորամասերում։

– Վերջին շրջանում բանակում հաճախակիացել են սպանության և ինքնասպանության դեպքերը, օրենսդրական, կանոնադրական, կարգապահական ի՞նչ փոփոխություններ, գուցե կոշտացումներ պիտի արվեն՝ նվազեցնելու նման դեպքերը: 

Նախ՝ խնդիրը չի գալիս բանակից, այլ ընտանիքից, դպրոցից: Երեխան, ապագա զինվորը պիտի դաստիարակվի մանկապարտեզում, դպրոցում, ընտանիքում: Փողոցային բարքերը ձևավորվում են նախքան բանակ գնալը, որը հետո մտնում է բանակ: Իսկ բանակում առաջնահերթ կարգով պետք է խստացվի կարգապահական կանոնագիրքը, որովհետև համաձայն այդ կանոնագրքի՝ զինվորին որպես պատժիչ տարբերակ՝ թողել են միայն նկատողությունը և խիստ նկատողությունը, ինչը ոչ մի կերպ չի ազդում: Հնարավորինս պետք է խստացվի, հստակեցվի, և յուրաքանչյուր զինվոր պիտի իմանա, որ իր չենթարկվելու, խնդիրները չկատարելու կամ կատարումից հրաժարվելու և նմանատիպ գործողությունների դեպքում ինքը կպատժվի ինչ-որ կարգով, որը կարող է ազդել իր ծառայության վրա: Նախկինում, եթե դու գտնվել էիր կարգապահական մեկուսարանում, քո ծառայության ժամկետը համապատասխան չափով ավելացվում էր: Եվ զինվորը գիտեր՝ եթե նման դեպք լինի, իր ծառայությունը երկարելու է, դա զինվորի համար շատ ցավալի էր:

– Սպաների դեպքում ի՞նչ գործողություններ պիտի արվեն, եթե ասում ենք, որ կա նաև վերահսկողության խնդիր: Զինվորի մահվան վերջին դեպքն արձանագրվեց հունվարի 30-ին, այն էլ՝ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում:

– Այնպես չէ, որ բոլոր սպաներն իդեալական վիճակում են, և եթե սպայի գործոնը կա, կա նաև հակառակ դեպքը, որ զինվորն է սպային դրդում ինչ-որ քայլերի: Այսինքն՝ երբ սպան ինչ-որ գործողությունների է գնում, դա զինվորի միջավայրն է դրդում: Իսկ այն, որ յուրաքանչյուրս փորձում ենք քարկոծել սպաներին, հրամանատարին, նույնիսկ՝ նախարարի, Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի հրաժարականն ենք պահանջում: Եվ սա անում են մարդիկ, որոնք ընդհանրապես գաղափար չունեն բանակի նիստուկացից, և նրանք հայտարարություններ, մեկնաբանություններ են անում: Այո, պետք է խստացում լինի բոլոր առումներով: Այստեղ ուզում եմ ասել, որ բանակը պետք է նաև փակ լինի կամ բաց չլինի բոլորի համար: Այսօր բանակը դարձել է բոլորի «մատի փաթաթանը», ով ինչ ուզում՝ ասում է, ով ուզում՝ քիթը մտցնում է: Բոլորն արդեն բանակը, այս ոլորտը քննարկողներ են դարձել՝ սա կարելի է, սա չի կարելի, սննդի համակարգը, որ ներդրել են՝ ճիշտ է, բայց այս զենքը, որ գնել են՝ ճիշտ չի… Բառիս բուն իմաստով՝ բանակը սարքել ենք մանկապարտեզ:

– Բանակի փակ լինելն անվտանգային ինչ-ինչ առումներով, այո, լավ է, ամեն մեկը չպետք է կարողանա մտնել բանակ: Բայց մյուս կողմից՝ սա կարող է չարաշահվել, և թույլատրելի բաների մասով էլ չիմանանք, թե ինչ է իրականում կատարվում:

– Փակ ասելով՝ նկատի չունեմ, որ պետք է ինչ-որ բացթողումներ թաքցվեն, ոչ: Պետք է իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին ճիշտ աշխատեն, և սա՝ անկախ նրանից՝ կլինի զինվոր, սպա կամ չգիտեմ ում տղեն: Ով ուզում է՝ լինի, եթե իրականացրել է հանցագործություն, ուրեմն թող համապատասխան մարմիններն իրականացնեն իրենց գործառույթները, գործը հասցնեն մինչև դատարան, այնտեղ էլ թող բացահայտում իրականացնեն: Այսինքն՝ իրավապահ մարմինները պիտի ճիշտ աշխատեն: Կրկնում եմ՝ չեմ ասում՝ բանակը փակելով՝ թաքցնենք մեր թերությունները: Ոչ, թերությունները պետք է բացահայտվեն, բայց այնպես չպետք է լինի, որ ցանկացած մեկն իր «քիթը խոթի» բանակ: Չգիտեն՝ բանակն ինչ կառույց է, բանակի մասին են խոսում, նախարարի հրաժարական պահանջում՝ չմտածելով, որ նախարարը, շատ գեներալներ 20-ից ավելի տարվա ճանապարհ են անցել, մինչև հասել են այդ պաշտոններին, այդ ճանապարհը հաճախ փշոտ է եղել, ու հիմա եսիմ ով՝ վեր է կենում և հայտարարում՝ թող հրաժարական տան:

– Բայց միայն կանոնագիրք փոխելով, խստացնելով՝ կարողանալո՞ւ ենք բանակում ոչ մարտական կորուստները կանխել կամ նվազեցնել: Եվ հետո, այդ մահվան դեպքերի մեծ մասը պահի՞ տակ ծագած վեճի հետևանք են, թե՞ կուտակումների, որոնք չեն նկատել սպայակազմից:

– Եթե զինվորն իմանա, որ իր հայրը, հորեղբայրը, քեռին չի կարողանալու գալ բանակ և իր հարցերը լուծել, և ինքն իր չկատարած ինչ-որ բանի համար պատժվելու է, հաստատ այդ զինվորը շարժվելու է ծառայության օրենքներով: Բայց ինչ-որ մեկի հայրը, հորեղբայրը, քեռին, որ ինչ-որ դերակատարում ունի երկրում, զինվորին ասում է՝ գնա, դու պրոբլեմ չունես, ցանկացած դեպքում քո «մեջքին կանգնած ենք», ինչ ուզես՝ քեզ համար կանենք: Եվ այս դեպքում ուրիշ բաներ չենք էլ կարող սպասել, երբ զինվորը գիտի, որ խնդիր չունի: Առաջին հերթին կարգ պիտի փոխվի, և զինվորը պիտի հասկանա՝ այս ամենն իր համար հնարավոր չի լինելու: Երկրորդ՝ պետք է հագեցվի զինվորի ծառայությունը, իրենց ոչ թե ազատ՝ սկայպ, ինտերնետ մտնելու ժամեր տրամադրեն, այլ՝ զուտ զինվորական կարգապահության, շարային կանոնադրության, մարտական պատրաստության: Զինվորի ծառայությունը, առօրյան պիտի հագեցած լինի, որ նա ուրիշ բանով զբաղվելու ժամանակ չունենա, և այնքան հոգնի, որ արագ պառկի քնելու:

– Օրերս քաղաքագետներից մեկն առաջարկեց, որ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի նվազեցման արդյունավետ միջոցներից կարող է լինել զորամասերում և հարակից տարածքներում, դիրքերում և հարակից տարածքներում, այլ հնարավոր վայրերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը:

Սա կարող է իր վատ և լավ կողմերն ունենալ: Եվ հետո դեպքերի մեծամասնությունը նախապատմություն չեն ունենում, շատ դեպքեր տեղի են ունենում վայրկյանների ընթացքում: Ասենք՝ 50 հոգի գտնվում են հրաձգարանում, բոլորի ձեռքին զենք կա, քանի որ գնացել են մարտական հրաձգության, և պահի տակ մեկը մի խոսք է ասում, դրան ի պատասխան՝ մեկ այլ խոսք, ու րոպեների ընթացքում դառնում է դեպք: Այստեղ տեսանկարահանող սարքն ի՞նչ կարող է փոխել: Ընդամենը տեսանկարահանող սարքի արձանագրածը հետագայում կարող է իրավապահների համար նյութ լինել, բայց ուրիշ բանի, ինձ չի թվում, որ կարող է օգուտ տալ:

Տեսանյութեր

Լրահոս