Ի՞նչ էին Ժնևում 2 օր քննարկում Մնացականյանն ու Մամեդյարովը
Օրերս Ժնևում ավարտվեց Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների հերթական ռաունդը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Փորձագիտական համայնքի գնահատմամբ՝ նախարարական մակարդակով վերջին հանդիպումն աննախադեպ էր մի քանի դրվագով: Այս օրերին ամենաշատն ուշադրության արժանացավ հանդիպման տևողությունը: Նախարարները հանդիպեցին երկու օր, ըստ էության, զրուցելով միմյանց հետ շուրջ 11 ժամ, որի գաղտնի բնույթը մի շարք տեղեկությունների տարածման և վերլուծությունների պատճառ դարձավ, որոնցից գլխավորն այն էր, որ ընթանում է բանակցություն բովանդակային հարցերի շուրջ:
Հակամարտության կարգավորման գործընթացին տարիներ շարունակ հետևող փորձագետներից շատերը հակասություն արձանագրեցին ՀՀ իշխանությունների պնդումների և նման երկարատև հանդիպումներ անցկացնելու փաստի միջև՝ նշելով, որ 11 ժամ նախարարները չէին կարող քննարկել հումանիտար նախագծեր:
Մյուս ուշադրության արժանի դրվագն այն էր, որ Մնացականյան-Մամեդյարով երկօրյա «խոսակցությունը» տեղի ունեցավ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հանդիպումից հետո, ինչը էլ ավելի առարկայացրեց կասկածներն այն մասին, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայաստանյան պահանջներին զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է բանակցային սեղանին մոտեցնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքին՝ փորձելով Արցախի կարգավիճակը հավասարեցնել վերոնշյալ համայնքի կարգավիճակին:
Հունվարի 29-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որի ընթացքում քննարկվել էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, ավելին, Էմանուել Մակրոնն այս օրերին իր հրապարակային ելույթներից մեկում առաջընթաց էր արձանագրել կարգավորման գործընթացում:
Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ երկար դադարից հետո Ժնևում նախարարներին հաջողվեց համաձայնեցնել և հայտարարություն տարածել համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մեկտեղ, որում ամրագրված էր հանձնառությունը կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ: «Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը»,- ասված էր հայտարարության մեջ:
Պաշտոնական հայտարարություններում նորություն էր նաև «կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքների ու տարրերի» մասին հիշատակումը, ինչը ևս թույլ է տալիս ենթադրել, որ կարգավորման գործընթացը մտել է ավելի պատասխանատու փուլ՝ դուրս գալով միայն հումանիտար պրոյեկտների մասին պայմանավորվածությունների սահմաններից:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսը Կապանում, որի ընթացքում նա մեջբերեց ԶԼՄ-ներից մեկում ներկայացված մի հրապարակում՝ «Կրակովյան առաջարկներ» վերտառությամբ, որն իրենից ներկայացնում էր բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները, որակելով դա՝ որպես նախորդ իշխանությունների ժառանգություն:
Նա նաև նշեց, որ, եթե հայ ժողովուրդը դրան դեմ չէ, ՀՀ իշխանությունները կարող են շարունակել բանակցություններն այդ կետից: Սակայն, ըստ նրա, իր առաջարկը, իր «կետը» ներկայացրել է անցյալ տարի Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ խոսել էր Մադրիդյան սկզբունքների շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները հստակեցնելու և տարաբնույթ մեկնաբանությունները վերացնելու մասին:
«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ գործընթացում միանշանակորեն առաջընթաց կա, որի ապացույցն են այն բոլոր հայտարարությունները, որոնք տարածվեցին հանդիպումից հետո: Ըստ նրա, հանդիպման նման տևողությունը նշանակում է, որ ընթանում է քննարկում ինչ-որ ծրագրի դետալների շուրջ, դրանք կարող են լինել՝ ինչպես մարդասիրական ծրագրերի տեխնիկական լուծումները, այնպես էլ՝ կարգավորման սկզբունքներն ու տարրերը:
«Նկատելի է, որ տարածված բազմակողմ տեքստը լավ մշակված է և կողմերի համար բավականին անվտանգ, այսինքն՝ կա և տպավորություն, որ քննարկվում են կարևոր հարցեր, որն Ադրբեջանի դիվանագիտական շահերի տիրույթում է, և խոսք է գնում ապագա կարգավորման սկզբունքների ու տարրերի մասին, մարդասիրական օրակարգի մասին, որը Հայաստանի շահերի տիրույթում է, այսինքն՝ երկար բանակցության և խոսակցության արդյունքում հաջողվել է համաձայնության գալ մի տեքստի շուրջ, որը չի վտանգի ներգրավված կողմերին՝ հակասությունների պատճառ դառնալով նրանց հրապարակային հայտարարությունների և քայլերի միջև»,- ասաց Հալբախը:
Ըստ նրա՝ սա այս պահին հեռանկարային առաջընթաց չի թվում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ընտրություններ են սպասվում թե Ադրբեջանում, և թե Արցախում, որտեղ իշխանությունների փոփոխություն գուցե լինի, ինչը, հնարավոր է՝ փոխի ներկայիս գիծը, հնարավոր է և՝ չփոխի:
«Ակնհայտ է, որ համանախագահները փորձում են օգտագործել իրավիճակը բեկելու ցանկացած հնարավորություն, թեկուզ այն քաղաքականապես կասկածելի է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կողմերին այս առաջընթացը հարկավոր է՝ ժամանակավորապես կրկին պատերազմի վտանգից հեռանալու և ներքին խնդիրներով զբաղվելու համար: Ես չեմ կարծում, որ դիրքորոշումներում սկզբունքային փոփոխություն է եղել, ավելին, կարծում եմ, որ կողմերը դա հասկանում են, պարզապես գիտակցաբար ներկայումս գնում են այս ճանապարհով, որը գոնե ավելի անվտանգ է»,- ասաց վերլուծաբանը:
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ անկախ նման հանդիպումների տևողությունից, պաշտոնական հայտարարությունների բովանդակությունից, կա բարդ հակամարտություն, արդեն 25 տարուց ավելի ձգվող հակամարտություն, ինչն արդեն չափազանց խոսուն է:
«Ես իրականում չեմ կարծում, որ կողմերը մոտենում են կարգավորմանը կամ կարգավորման որևէ փաթեթի: Դիվանագիտությունը հրաշալի գործիք է, որից կողմերը, համանախագահ երկրներն այս կամ այն փուլում հրաշալիորեն օգտվում են՝ որևէ ցանկություն չունենալով փոխել իրավիճակ հակամարտության գոտում: Ուստի կարծում եմ, որ հակամարտությունն իր ներկայիս տեսքով դեռ շատ է ձգվելու, իսկ ներկա հանդիպումների վերաբերյալ միանշանակ կարծիք հայտնելը բարդ է, նախորդ հանդիպումից հետո բավականին բացասական միտումներից էին խոսում եվրոպացի պաշտոնյաները, ներկայումս՝ դրական: Կարծում եմ՝ չենք էլ կարող ենթադրել, թե ինչ կլինի հաջորդ հանդիպմանը: Ես ինքս գտնում եմ, որ առանցքային ոչինչ չի փոխվում»,- ասաց նա: