«Ակնհայտորեն փորձ է արվում շրջանցել ՍԴ դիմելու պարտականությունը. կոչով դիմում եմ ՀՀ նախագահին և խորհրդարանական ընդդիմությանը». Գոհար Մելոյան

«Սա Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հերթական փուլն է, որ նախաձեռնվել է իշխող ուժի կողմից: Մասնավորապես, նախագծեր են ներկայացվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից: Միանգամից ասեմ, որ նախագծերն ակնհայտ հակասահմանադրական բնույթ ունեն»,- ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ««Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենք և ՍԴ մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ» թեմայով ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ-ն ցանկանում այս օրենքում փոփոխություններ կատարել:

Վերջինս նշում է, որ նախագծերի նպատակը, ըստ իշխող ուժի, ՍԴ-ի շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամը լուծելն է՝ հավելելով, որ նշում է, որ ճգնաժամն արհեստական է, քանզի ՍԴ-ն գործում է բնականոն կերպով՝ կատարելով իր սահմանադրական գործառույթներն ու լիազորությունները, արդյունավետ գործակցելով գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև նախագահի ինստիտուտի ու քաղաքացիների հետ:

«Ներկայումս ՍԴ 168-րդ հոդվածը սահմանում է, որ ՍԴ-ն, «ՍԴ-ի մասին» օրենքով սահմանված կարգով, ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի, հանրաքվեի իրականացման վերաբերյալ իրավական ակտի՝ որոշում է դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Հաջորդ՝ 169-րդ հոդվածը  տալիս է ՍԴ դիմելու սուբյեկտների շրջանակը, և տվյալ հոդվածի տրամաբանությունը երկու մասի է բաժանվում՝ սուբյեկտներ, որոնք կարող են դիմել ՍԴ, և սուբյեկտներ, որոնք պարտավոր են դիմել ՍԴ: Օրինակ, ԱԺ-ն կոնկրետ սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցով պարտավոր է դիմել»,- ասաց Գոհար Մելոյանը՝ շեշտելով, որ ՍԴ դիրքորոշումը ստանալը սահմանադրական փոփոխությունների ժամանակ պարտադիր սահմանադրական պահանջ է, որովհետև ՍԴ-ն պետք է եզրակացություն տա՝ արդյո՞ք այդ փոփոխությունները հետագայում չեն հակասելու Սահմանադրությանը:

Սահմանադրագետը ներկայացնում է, որ ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծերով՝ Սահմանադրությունից բխող կարգերը դառնում են ոչ պարտադիր բնույթի:

«Այսինքն՝ իրենք ընթացակարգ են սահմանում, որ ընդամենն ԱԺ-ն քվեարկության է դնելու ՍԴ դիմելու հարցը, և եթե անհրաժեշտ քանակով ձայներ չստացան, իրենք ընդամենը չեն դիմում ՍԴ: Այսինքն՝ ակնհայտորեն փորձ է արվում շրջանցել ՍԴ դիմելու պարտականությունը, ինչն ուղղակիորեն հակասում է մեր Սահմանադրությանը: Բացի դրանից, փորձ է արվում շրջանցել նաև նախագահի ինստիտուտը»,- ասաց Գոհար Մելոյանը:

Ըստ սահմանադրագետի՝ շատ հատկանշական է, որ հրապարակվեց ԵԽԽՎ մոնիտորինգային համազեկուցողների հայտարարությունը, որտեղ հատկապես ընդգծված էր զսպումների և հակակշիռների մեխանիզմը, այսինքն՝ նրանք ընդգծել էին իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևորությունը:

«Միանշանակ արդեն ուղղակիորեն ոտնահարվում է իրավունքի գերակայությունը, օրինականության սկզբունքը և ժողովրդահեն պետության բոլոր իրավական կարգավորումները»,- ասաց Գոհար Մելոյանը:

Սահմանադրագետի պնդմամբ՝ Սահմանադրությունը պաշտպանելու գործառույթների մեջ կենտրոնական դիրք է տրված Հանրապետության նախագահին, ինչպես նաև՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին 1/5-ով:

«Ես կոչով դիմում եմ ԱԺ-ում գտնվող մեր ընդդիմադիր ուժերին, որ եթե, այնուամենայնիվ,այս օրենքը դրվի քվեարկության ու անցնի առանց որևէ կոնսենսուսի, 1/5-ով դիմել ՍԴ այս օրենքների հակասահմանադրականության հարցով: Կամ Հանրապետության նախագահին եմ դիմում՝ իր հիմնական գործառույթն իրացնելու և իր ստորագրմանն ուղարկելուց հետո դիմելու ՍԴ՝ այս իրավիճակը կանխելու նպատակով»,- ասաց Գոհար Մելոյանը:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը կարծում է, որ այս օրենքներն ընդունելուց հետո երկրորդիվ անմիջապես ներմուծվելու է սահմանադրական փոփոխությունների փաթեթ, և իրենց տրամաբանության շրջանակում փորձ է արվելու փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում:

«213-րդ հոդվածը 2015թ. ընդունված Սահմանադրության անցումային դրույթ է, որն ապահովում է այն ժամանակվա ՍԴ նախագահի ու անդամների հետագա պաշտոնավարումը: Անցումային դրույթը չի հանդիսանում հիմնական Սահմանադրության բաղկացուցիչ մաս: Այդ դրույթները մեկանգամյա օգտագործման համար են նախատեսված, այսինքն՝ կոնկրետ իրավանորմերի իրականացման ապահովման, և իրականացումից հետո արդեն մեռելածին նորմ են հանդիսանում, և դրանք որևէ կերպ փոփոխության ենթակա չեն: Սակայն այս տրամաբանության շրջանակում ամեն ինչ սպասելի է, և սա իմ կանխատեսումն է, թե ինչ են նախատեսում հետագայում իրականացնել»,- ասաց սահմանադրագետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս