Բաժիններ՝

«Կառավարությունը պետք է փորձի ճանապարհներ գտնել, որ այս մեքենաներն անպայման Հայաստանից դուրս գան». ավտոներկրող

Հայաստանում ավտոներկրողները լուրջ խնդրի առջև են կանգնած. հազարավոր մեքենաներ չեն կարողանում գտնել իրենց գնորդներին:

«Շատ բարդ վիճակ է, գնորդները շատ քիչ են, գրեթե չկան: Եթե առաջ ամեն օր Հայաստանից 600-700 մեքենա էր դուրս գալիս, հիմա այդ ցուցանիշը համարյա թե զրո է: Այնպես չէ, որ կարող ենք ասել՝ ոչինչ, հայերը կգնեն: Բոլորն էլ մեքենա են բերել: Հիմա մեր հույսը, կարող եմ ասել՝ Ռուսաստանի քաղաքացիներն են, սակայն չգիտեմ, թե ինչն է խնդիրը, որ նրանք էլ չեն գալիս: Մի քանիսի հետ խոսել եմ, ասացին, որ պարզապես սպասում են՝ տեսնեն, թե ի՞նչ է կատարվում, քանի որ լսել են ղազախների մասին, ովքեր իրենց երկրում խնդիրներ ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

«ՀՀ կառավարությունը մի փոքր ուշադրություն պետք է դարձնի այս հարցին, որովհետև մարդիկ կան, որ նույնիսկ իրենց հողակտորները, անգամ բարեկամների տներն են գրավ դրել ու այդ գումարով մեքենաներ բերել: Օրինակ՝ ես 33 մեքենա եմ բերել, մինչև Ամանոր վաճառել եմ 7-ը, իսկ մյուս մասը մնացել է: Սակայն կան խոշոր ներկրողներ, ովքեր 150-250 մեքենա են գնել: Ղազախստանում հարցը լուրջ է դրված, չգիտեմ ինչու՝ այդ երկրի ղեկավարությունն առաջինն իր ժողովրդին վնաս տվեց, այնինչ մեկ տարի առաջ իրենց ղեկավարությունն ասում էր, թե օտար համարներով մեքենաներ ներկրելու հարցում ոչ մի խնդիր չկա: Դրանից հետո սկսվեց ղազախների աննախադեպ հոսքը դեպի Հայաստան, իսկ Ամանորին միանգամից հարցը կտրուկ դրեցին՝ ընդգծելով, որ անպայման պետք է մուծեն մաքսազերծման տարբերությունը: Մեր Կառավարությունը պետք է փորձի ճանապարհներ գտնել, որ այս մեքենաներն անպայման Հայաստանից դուրս գան, ժողովուրդը կարողանա իր գումարը հետ բերել»,- նշեց ավտոներկրողը:

Հավելենք, որ Ղազախստանում մեքենաներ գնած ղազախները բողոքում են՝ հայտնելով, որ իշխանություններն իրենց խաբել են:

Փետրվարի 3-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նրանք ասացին, որ կան ապացույցներ այն մասին, որ Ղազախստանի իշխանությունը հավաստիացրել է՝ Հայաստանի Հանրապետությունից, ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների դեպքում խնդիրներ չեն առաջանալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս