«Չեմ զարմանա, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ձևավորվի՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով, եթե այդպես է՝ ողբամ մեր պետության ապագային». Գևորգ Պետրոսյան

Երեկ Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համար ձևավորվող հանձնաժողովի կազմին, նշել էր, որ հանձնաժողովում իրավաբան-գիտնականներ և հ/կ-ներ ընտրելիս նպատակ չեն ունեցել, որպեսզի այնտեղ լինեն ընդդիմադիրներ և իշխանամետներ, այլ պետք է լինեն իրավաբան-գիտնականներ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ։

Ինչ վերաբերում է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, որը դիմում էր ներկայացրել հանձնաժողովում ընդգրկվելու համար, նախարարն ասել էր, որ նրա դիմումի մերժումը քաղաքական որոշման արդյունք է եղել։

Այսօր «Հրապարակ» թերթն էլ գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում միակ ընդդիմադիրը ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է, որի շուրջ կոնֆլիկտն ուներ հեռահար նպատակ՝ամեն ինչ անել, որպեսզի նա մանդատը վայր դնի։

Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյայի նիստի ժամանակ «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Գևորգ Պետրոսյանը «հին աշխարհում մնացած մի անձնավորություն է, որը չի հասկացել և դժվար թե հասկանա, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել, ուստի խորհրդարանը նրա նման պատգամավորների տեղը չէ»։

168.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում իր ոչ ցանկալի անձ լինելու մասին թերթի հրապարակմանը, նախ անդրադարձավ Ալեն Սիմոնյանի իրեն տված բնորոշմանը:

«Եթե Ալեն Սիմոնյանը նոր աշխարհի ներկայացուցիչ է, ուրեմն նոր աշխարհի համար շատ վատ է։ Ինչ վերաբերում է իմ մանդատը վայր դնելուն, ապա հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ այն ստանալիս ուրախությունից ցայտնոտի մեջ չեմ ընկել ոմանց նման, իսկ դրանից հրաժարվելը լինում է օրենքով սահմանված դեպքերում։ Այս երկրում մեկ մարդ կա՝ իմ քաղաքական ղեկավարը, որը կարող է ինձ այդպիսի առաջարկ անել, մնացած դեպքերում որևէ մեկը, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, հանգիստ կարող է իրեն հեռու պահել իմ մանդատի հետ կապված տվայտանքներից»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը վստահ է, որ իրեն հանձնաժողովից պարզապես չեն կարող հանել կամ հեռացնել, այլ հարց է, երբ հասկանա հանձնաժողովում իր աննպատակահարմարությունը՝ հաշվի առնելով հանձնաժողովի խիստ խայտաբղետ կազմը, ինքը կորոշի լքել հանձնաժողովը։

«Նման դեպքում իմ քաղաքական ղեկավարի հետ կքննարկեմ խնդիրը և դուրս կգամ, բայց նման արարողակարգ չկա, որ  ինչ-որ մեկն ինձ հեռացնի»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, Գևորգ Պետրոսյանը նշեց, թե ապշած է, առաջին անգամ չէ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նման սայթաքումներ են թույլ տալիս և մատնում են, որ առերևույթ ձևական իրավական գործընթացների հիմքում ընկած են քաղաքական շարժառիթները։

«Այս ամենի հետ մեկտեղ՝ նաև չենք զարմանում, քանի որ իշխանության ամենաբարձր օղակներով անթաքույց ասում են, որ Սահմանադրական դատարանի և անձամբ Հրայր Թովմասյանի խնդիրն ունի քաղաքական բնույթ, չեմ զարմանում, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նույնպես ձևավորվի՝ առավելապես քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Եթե դա այդպես է, ապա ողբամ մեր պետության ապագային, որովհետև  Արդարադատության նախարարը նման սայթաքում թույլ տալու իրավունք չունի. ի՞նչ է նշանակում՝ Արփինե Հովհաննիսյանին քաղաքական շարժառիթներով չեն ընտրել։

Փաստորեն նշանակում է, որ իրենց պետք է քաղաքական հնազանդությամբ օժտված մեկը, ով, անկախ իր մասնագիտական ունակություններից՝ կարևոր է, որ  քաղաքականապես մատչելի լինի իշխանությանը։ Սա խայտառակության գագաթնակետն է, և այս վիճակից պետք է ազատվել»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս