Արփինե Հովհաննիսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չընդգրկելը քաղաքական որոշում է եղել. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների համար նախատեսված հանձնաժողովն իրականում դեռ չի ձևավորվել։
«Հանձնաժողովում իրավաբան-գիտնականներ և հ/կ-ներ ընտրելիս նպատակ չունեինք, որպեսզի այնտեղ լինեին ընդդիմադիրներ և իշխանամետներ, այլ պետք է լինեին իրավաբան-գիտնականներ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչներ»,- ասաց Արադարադատության նախարարը։
Անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի դիմումին, որը ներկայացրել էր հանձնաժողովում ընդգրկվելու համար, Ռուստամ Բադասյանը նշեց, որ գնահատում են նրա անկեղծ մղումները։
«Մենք մեր այս քայլով չենք ուզում ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, դրա մասին չէ խոսքը։ Ուղղակի տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ նա մասնակցել է նախորդ սահմանադրական բարեփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում խոսքը գնում է ոչ ֆորմալ մասնակցության մասին, քանի որ նայել ենք, նա ֆորմալ առումով հանձնաժողովի անդամ չի եղել։ Մեր սկզբունքը հետևյալն է, որ դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթի ռազմավարության մեջ նշվում է, որ քննադատություններ են հնչում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների և այդ քննադատությունների հետ կապված։ Բնականաբար, մենք այդ ամենը չէինք կարող դրական առումով գնահատել։ Այո, սա քաղաքական որոշում է եղել, իսկ այստեղ ի՞նչ կա զարմանալու»,- ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ ի գիտություն է ընդունում, որ Արփինե Հովհաննիսյանն անկեղծ մղումներով է ուզում իրենց օգնել։
Նախարարը նշեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած անձանց շրջանում այլ ավելի արժանի անձինք կային, պարզապես պետք է ընտրեին ընդամենը 6 իրավաբան-գիտնականի։
«Տիկին Հովհաննիսյանի մասնագիտական ունակությունները որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց ավելի համապատասխանողներն ընդգրկվել են հանձնաժողովում։ Եթե այլ հանգամանքներով մենք տեսնեինք, որ տիկին Հովհաննիսյանն ամենալավ թեկնածուն է, ապա մենք կընտրեինք ամենալավ թեկնածուին»,- հավելեց նա և նշեց, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները «խայտառակություն են եղել երկրի համար», և իրենց մշակած ռազմավարությամբ այդ քայլը քննադատում են։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ հանձնաժողովի ընտրված անդամները բոլորն անկախ մարդիկ են, և նրանց չպետք է թիրախավորեն՝ հնարավորություն տալով, որ աշխատեն։