«Պետությունը որևէ հայեցակարգ չունի՝ ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ անասնապահության զարգացման». փորձագետ
Հարկադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց առաջ պետք էր հրավիրել և քննարկում անցկացնել մասնագետների հետ, ինչը չի եղել. լրագրողների հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն օրենքի կիրառումը խստացվել է միայն այս տարվանից: Ստեփանյանի խոսքով՝ մեկ քայլ առաջ գնալու փոխարեն՝ մեր Կառավարությունը երկու քայլ հետ է գնում, այս գործընթացները պետք էր սկսել անասունների հաշվառումից.
«Մարդահամարի, մեքենաների հաշվառման նման, պետք է հաշվառել նաև կենդանիներին: Խոսքը վերաբերում է խոշոր ու մանր եղջերավորներին և խոզերին, մնացածն առայժմ թող մնան ստվերում: Առաջին գրանցումը պետք է լինի գյուղապետարաններում, երկրորդը՝ անասնաբույժի մոտ, երրորդը՝ սպանդ կատարողի, ջոկատի մոտ կամ մսի կոմբինատում, որտեղ կենդանու ելքն է»:
Դասախոսի գնահատմամբ՝ գոյություն ունեցող սպանդանոցներն այնքան էլ լավ վիճակում չեն, բայց կողմ չէ նաև կենդանիներին սեփական բակերում մորթելուն: Խնդրի կարգավորման համար դեռ տարիներ առաջ առաջարկ է ներկայացրել շարժական սպանդանոց ստեղծելու մասին.
«Առաջարկում եմ՝ լեռնային շրջանների համար զինվորական մեքենա՝ Գազ 66, հարթավայրերում՝ ցանկացած մեքենա վերակահավորել, մեքենայի կողքին վրան իջեցնել, վրանի տակ գործողությունը մաքուր կատարել: Ջոկատը դրան կից պետք է ունենա նաև սառնարանային մեքենա, որտեղ կամ պահեստավորվում է, կամ տալիս է գյուղացուն: Սա լինելու է անթափոն, միայն կենդանու ձայնն է մնալու: Առաջարկում եմ գործը շղթայի կեսից չսկսել ու կանգնել փակուղու առաջ: Չգիտեմ, երևի մեր իշխանությունները փորձում էին, ուզում էին տեսնել՝ գյուղացու մեջ ուժ, եռանդ մնացե՞լ է, կարո՞ղ են իրենք էլ հավաքվել, ճանապարհ փակել, կարող է՝ փորձ էին անում»:
Անասնապահները օրեր շարունակ Կառավարության առջև բողոքի ցույցեր էին անցկացնում՝ ընդդեմ սպանդանոցների, ճարահատյալ նաև ճանապարհներ փակեցին: Պարգև Ստեփանյանն ասում է՝ ինքն էլ այդ օրերին այնտեղ էր ու վատ է զգում, որ Կառավարությունից ոչ ոք չիջավ, փոխարենը՝ օրեր անց վարչապետն ԱԺ ամբիոնից վերջնագիր ներկայացրեց գյուղացիներին՝ ժամկետ է տրվում, մինչև հուլիսի 1-ը, մինչ այդ օրը անասնապահները կարող են մթերքն իրացնել Երևանից դուրս:
«Շերտավորում է գնացել՝ քաղաքի բնակիչներին ապահովել սպանդանոցային միս, իսկ գյուղացի՞ն, նրանք երկրո՞րդ սորտի մարդ են: Ամոթ է, ժողովրդի առողջությունը մեկ է»,- ասաց Պարգև Ստեփանյանը:
Ագրարային համալսարանի մեկ այլ դասախոս՝ Րաֆֆի Ավետիսյանը, անիմաստ է համարում անասնապահության մասին խոսակցությունները, քանի որ պնդում է՝ մեր երկրում այն մեծ ծավալ չունի:
«Խեղճ գյուղացիներին, որոնք մեկ, երկու կամ հինգ հատ կով ունեն, որ ստիպված են մորթել իրենց հոգսերը լուծելու համար, դնում ենք մի դրության մեջ, որ՝ բերեք պարտադիր սպանդանոցային մորթ արեք: Արդեն մեկ ու կես տարի խոսում են սննդի անվտանգության մասին, բայց պետական ծրագիր չկա: Հետաձգեցին մինչև հուլիս, բայց մինչև այդ ի՞նչ ծրագիր առաջարկեց Կառավարությունը, ինչո՞ւ ոչ՝ մինչև օգոստոս: Ծրագրային մոտեցում է պետք»,- ասաց Րաֆֆի Ավետիսյանը:
Պետական սուբսիդավորմամբ շարժական սպանդանոցներ ստեղծելու գաղափարը, ըստ դասախոսի, խնդիրը չի լուծելու:
«Տնտեսագիտությանը մոտ կանգնած ոչ մեկը չի գնա այդպիսի սպանդանոց ստեղծի, որովհետև դա այնպիսի մի ծախսատար խնդիր կլինի, որ ինքը, օրական մի մորթ կատարելով, ծախսերը չի կարողանա ծածկել, պարտքի տակ կմնա: Կգա հուլիսի 1-ը, ոչ ոք չի դիմի, պետությունը կասի՝ մենք փողը տվեցինք, մարդիկ չեկան, բայց ինչո՞ւ չեկան, պետք է շահավետ լինի առաջարկը»,- ասաց դասախոսը:
Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար Րաֆֆի Ավետիսյանը բացել ու ընթերցել է Հայաստանի տնտեսության զարգացման 2020-2030թթ. հայեցակարգը, վստահեցնում է՝ պետք չէ անգամ փորձել հասկանալ դա:
«Եթե որևէ մեկը ուզում է փորձի ծանոթանալ, ապա հնարավորություն չունի, այն իմաստով, որ այդտեղ հայեցակարգ չկա, դա բառակույտ է, անտրամաբանական է: Պարզ երևում է , որ պետությունը որևէ հայեցակարգ չունի ո՛չ գյուղատնտեսության զարգացման, ո՛չ անասնապահության զարգացման: Այս խոսակցությունները կլինեն, կշարունակվեն անգամ հուլիսից հետո: Մեր պետությունը, բացի հարկահավաքությունից, ուրիշ բան չի կարողանում անել»,- եզրահանգեց դասախոսը:
Ագրարային համալսարանի դասախոսը մտավախություն է հայտնում, որ այս պարագայում անասնապահները կշտապեն արագ ազատվել կենդանիներից և այլևս չեն զբաղվի անասնապահությամբ: