«Սա ուղիղ միջամտություն է դատական իշխանության գործերին». Արա Ղազարյանը՝ վարչապետի գրառման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված ռեպորտաժը՝ գրելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։
Վարչապետի գրառումից հետո Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ն. Փաշինյանի այս գրառմամբ «գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և Սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»։
168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն անդրադառնալով վարչապետի գրառմանը՝ նշեց, որ այն իշխանական ճյուղերի տարանջատման ակնհայտ խախտում է:
«Տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ իշխանության տարբեր թևերի կողմից լինում են քննադատություններ, բայց, որպես կանոն, այդ ամենը պետք է զսպված լինի, որպեսզի չընկալվի, որ միջամտում են։ Հիմա եթե գործադիր իշխանության ղեկավարն է նման բան ասում, իսկ գործադիր իշխանությունը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի, որը չունի դատական իշխանությունը, ապա ամբողջ կոնտեքստը գնահատելով՝ կարելի է ասել, որ սա ուղիղ միջամտություն է դատական իշխանության գործերին»,- ասաց Արա Ղազարյանը։
Հարցին՝ վարչապետի այդ քայլը սահմանադրական կարգի տապալման փո՞րձ է, Ա. Ղազարյանը պատասխանեց, որ սահմանադրական կարգի տապալում հասկացությունը դեռ երբեք չի մեկնաբանվել:
«Միջազգային, համեմատական իրավունքում, տարբեր պետությունների իրավազորության ներքո, որպես կանոն, սահմանադրական կարգի տապալումը սահմանվում է, որ այն ուղեկցվում է բռնությամբ։ Հիմա մեզ մոտ, որ բռնությունը հանվել է և մնացել է սահմանադրական կարգի տապալում, բոլորն իրար ասում են, թե դա ինչ է նշանակում։
Երբեք այն չի կիրառվել, և դատական ակտ չենք ունեցել, երբեք քաղաքական գնահատական չի եղել։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, թե դա ինչ է, այն իրավաբանորեն խիստ անորոշ տերմին է։ Հիմա եթե մարդիկ ինչ-որ խնդիր ունեն և որոշում են գյուղ տանող ճանապարհը փակել, հիմա սա սահմանադրական կարգի տապալո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ խոսքը վերաբերում է ազատ տեղաշարժ իրավունքին: Ամեն ինչ այնքան անորոշ է, որ որևէ բան չենք կարող ասել»,- շեշտեց նա։
Ըստ նրա՝ վարչապետի այդ գրառումը դիտարկելիս կարևոր չէ՝ որոշեն՝ այն ուղղորդո՞ւմ է, թե՞ ոչ, տպավորությունն ինքնին բավարար է.
«Նույնիսկ, եթե դատավարության մասնակիցների կողմից կա տպավորություն, որ կարող է ազդեցություն ունենալ նախաքննության ընթացքի վրա, ուրեմն դա արդեն իսկ խախտում է»,- եզրափակեց Արա Ղազարյանը։