Չինաստանն արդեն 3,96 մլրդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Չինաստանի ֆինանսական գերատեսչություններն ընդհանուր առմամբ 27,3 մլրդ յուան (շուրջ 3,96 մլրդ դոլար) են հատկացրել նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարության՝ հունվարի 30-ին հրապարակված հայտարարության մեջ։
«Բոլոր մակարդակների ֆինանսական գերատեսչություններն ակտիվորեն պաշտպանում են համաճարակի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ջանքերը: Հունվարի 29-ի ժամը 17:00-ի դրությամբ հիվանդության տարածման դեմ պայքարելու համար բոլոր մակարդակներով ընդհանուր առմամբ հատկացվել էր 27,3 մլրդ յուան»,- նշվում է հայտարարության տեքստում:
Ինչպես այսօր հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն, երկրում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Միայն հունվարի 29-ին Չինաստանում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1737 նոր դեպք եւ 38 մահաբեր վախճան: Հունվարի 29-ի երեկոյի դրությամբ առնվազն 162 մարդ է մահացել Հուբեյի նահանգում: Նշվում է, որ մեկ օրում նահանգում զոհերի թիվն ավելացել է 37-ով, իսկ ախտահարվածների ընդհանուր թիվն՝ ավելի քան հազարով՝ կազմելով շուրջ 4,5 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: