Հայ ատլետների մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցականի տակ է
Հայաստանի ատլետիկայի հավաքականի մասնակցությունը Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:
Ատլետները փետրվարի 6-20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ստամբուլում, այնուհետև կմասնակցեն այնտեղ կայանալիք Բալկանյան երկրների առաջնությանը, որը վարկանիշային է Տոկիոյի օլիմպիական խաղերի համար: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնեն 9 մարզիկներ` Լևոն Աղասյանը, Արտակ Համբարձումյանը, Տիգրան Մկրտչյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Մանուկ Մանուկյանը, Յանա Աբրահամյանը, Լիլիթ Հարությունյանը, Մարիաննա Բավեյանը, Մարիետա Մինասյանը: Թիմը կգլխավորի Արսեն Պետրոսյանը:
Շահբազյանի խոսքով` այժմ ատլետների մասնակցությունը Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է կորոնավիրուսի պատճառով: «Այս պահի դրությամբ աշխարհի առաջնության անցկացումը հարցականի տակ է»,-շեշտեց նա:
Մինչ Օլիմպիական խաղերը ատլետները կարող են նաև մասնակցել միջազգային մի շարք մրցաշարերի, որոնք դեռևս հստակեցված չեն:
«Եթե իրատեսորեն նայենք, ակնկալիքներ ունենք Լևոն Աղասյանից և Երվանդ Մկրտչյանից: Նրանց արդյունքները մոտ են քվոտային: Հայաստանի քաղաքացիություն ունի նաև Ալեք Դոնիկյանը, որը ևս Տոկիոյի խաղերի ուղեգիր նվաճելու մեծ հնարավորություններ ունի: Նա վազորդ է և լավ արդյունքներ ունի»,- նկատեց Շահբազյանը:
Ատլետներն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեն մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն 1964 թվականից հետո երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:
Վարվառա Հայրապետյան