«Երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա. մեկ-երկու գրիչ էլ ցույց տա՝ մեկ ամիս էլ չի ձգի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ինձ համար մի ցավալի բան բացահայտվեց՝ երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա: Անկախ այն փաստից, թե ով է զբաղեցնում պետության ղեկավարի պաշտոնը, ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետության համար սրտացավ ցանկացած մարդու մոտ առնվազն տարակուսանք կա, որովհետև տեսնում ես, որ ամեն ինչ անլրջացել է: Դա վկայում է այն մասին, որ պետական ինստիտուտները չեն գործում, և ամեն ինչ դարձել է թամաշա»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց. «Այսօր իրավական ևս մեկ ապօրինության լուրջ սպառնալիք կա՝ ի դեմս Հրայր Թովմասյանի կալանավորման, և տեղեկատվություն կա դրա մասին: Ընդ որում՝ ոչ միայն նրա կալանավորման մասին է խոսքը: Առիթ ունեցանք նայելու նաև վարչապետի լայվը, որտեղ իբրև թե փորձում էր պարզաբանել իր քայլերի շարժառիթները, տրամաբանությունը. ճիշտն ասած՝ այնտեղ ես տրամաբանական որևէ բան չտեսա, բայց, այնուամենայնիվ, այդ խոսքից էլ երևաց, որ Հրայր Թովմասյանը և Արթուր Վանեցյանը կալանավորման սպառնալիքի տակ են»:

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել էր, թե ամբողջական տեղեկատվությանը՝ ամբողջ մանրամասներով, տիրապետում է 3 հոգի: «Այդ 3 հոգուց 2-ը այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև հանդես են գալիս գործող իշխանության նկատմամբ թշնամական դիրքերից: Այդ 3-ից 2-ն ամեն ինչի դիմել և դիմում են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ քաղաքագետի՝ այստեղ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն ավելի մեղմ էին. «Կապանում նա ավելի խիստ բառեր էր գործածում: Նա չէր էլ մտածում, թե ինչ է խոսում մարդկանց մասին, երբ ասում էր՝ ժողովրդի թշնամին են, պետության թշնամին են: Նա շատ հեշտ էր ցրիվ տալիս այդ բառերը, և ոչ միայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի հասցեին, այլև՝ մյուս դատավորների, ովքեր բարեխիղճ կերպով իրենց պարտականություններն են կատարում: Նման բառեր ասելուց հետո, իհարկե, նա կարող է գնալ այդ ձերբակալություններին և որևէ բացատրություն չտալ դա համար՝ ասելով, որ ազգային անվտանգությանը սպառնացող գաղտնի տեղեկատվություն կա, այս կա, այն կա: Բայց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ստերի հարցում է խճճվել, նույն կերպ էլ ապօրինի գործողություններ անելու հարցում այլևս որևէ սահման չի ճանաչում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի մոտ տպավորություն կա, որ «ռևանշի փորձերի ողնաշարը կոտրվել է» այն օրը, երբ պետական լրատվամիջոցներով տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանը ստուգում է անցել Նաիրի բժշկական կենտրոնում և լիարժեք առողջ է. «Կապանում տված ասուլիսի ժամանակ էլ բացահայտեց, չէ՞՝ պլանը ինչպես է. սկզբից կլինի իշխանություններին քննադատող տեղեկատվություն, հետո մարդիկ կսկսեն դժգոհել, հետո ինչ-որ մի պահի կասեն, որ վարչապետն առողջ չէ, և այդպես իշխանափոխություն կանեն: Փաշինյանն այդպես նկարագրեց, և երբ այն պահին, երբ իրենք հայտարարեցին, որ Փաշինյանը կատարյալ առողջ է, վարչապետը որոշեց, որ այդ ողնաշարը կոտրել է, և այդ պլանը տապալվեց»:

Նրա խոսքով՝ Փաշինյանի հրապարակած գրիչի դեպքով կարելի է քրեական գործ հարուցել. «Այդ ամբողջը տեսաձայնագրված է, և երբ նայում էի, տեսա, որ մարդուն գրիչ էր պետք, Թովմասյանը տվեց իր գրիչը, Փաշինյանը վերցրեց  ու գնաց: Փաստացի, գողություն է տեղի ունեցել, չի վերադարձրել: Հիմա Հրայր Թովմասյանի ազնվությունը, դաստիարակությունը թույլ չի տվել, որ ասի՝ գրիչս վերադարձրու, բայց դա չի նշանակում, որ պետք է վերցներ և տաներ՝ իր տանը պահեր: Ի դեպ, ուղիղ եթերի ժամանակ նկատեցի՞ք՝ քանի գրիչ էր դրված պահարանում: Ես խորհուրդ եմ տալիս ԱԱԾ-ին՝ անպայման ստուգել՝ Փաշինյանը վերադարձրե՞լ է ադրբեջանցու գրիչը, առաջին հերթին՝ դա ստուգել Փաշինյանի մեջքի հետևում դրված գրիչների շարքում: Աստված չանի՝ պազվի, որ մեր երկրի վարչապետի տանն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ձայնագրող սարք է դրված: Այդ նվիրողը հենց հատուկ ծառայությունների աշխատակից էր»:

Քաղաքագետը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանին ցանկացած ոք կարող է փոխարինել. «Դժվար չէ փոխարինել մի մարդու, ով պատկերացում չունի պետություն ղեկավարելուց, չունի բարոյական նվազագույն նորմեր, ով չգիտի՝ ինչ է օրենք, իրավունք և այլն: Այսինքն՝ եթե այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, ում ասես, կարող ենք դնել, սկսած՝ այն աղջիկ պատգամավորից, որին բոլորը Եկատերին են ասում, եթե, իհարկե, տարիքային ցենզը ներում է, և վերջացրած Նիկոլ Փաշինյանի կնոջով՝ Աննա Հակոբյանով, կամ՝ աներձագով: Այսինքն՝ նման կադրեր իրենք շատ ունեն, ումով ուզեն՝ կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին, բայց հարց է՝ դա երկրի առջև ծառացած խնդիրները կլուծի՞, թե՞ ոչ: Այս իշխանությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, իրական չարիք է մեր պետության համար, և դարձել ենք համընդհանուր ծաղրի առարկա և՛ երկրի ներսում, և՛ դրսում»:

Նա ողբերգություն է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հղում արեց «Կարգին հաղորդմանը». «Հետո էլ ասում է՝ քաղաքակրթական հեղափոխություն եմ անելու, զուգարանները տների ներսում կառուցեք, և այլն: Հասկանո՞ւմ եք՝ դա ողբերգություն է, երկրի ղեկավարը հղում չի անում դասականներին, ներդրում ունեցած անձանց, այլ անընդհատ «Կարգին հաղորդման տրամաբանության» մեջ է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե լրատվամիջոցներից մեկն Արցախի հարցում նախորդ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ հրապարակում է արել, նրանք էլ չեն հերքել, ուրեմն իրականություն է, քաղաքագետը հետևյալն ասաց.

«Լրատվամիջոցները պարբերաբար գրում են, որ Նիկոլ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ մարդ է, բայց իրենք կոնկրետ այդ փաստը չեն հերքում, նշանակում է, որ այդպե՞ս է: Եթե դու երկրի վարչապետ ես, ուզում ես խոսել փաստերի լեզվով, պետք է ցույց տաս փաստեր, ոչ թե գրիչներ: Եվ Արցախի հարցում դա բացառություն չէ, դա այն խնդիրն է, որտեղ մշտապես շահարկումներ են եղել: Լրատվամիջոցում գրվածն էլ ինչ-որ չափով չափազանցված էր: Մադրիդյան սկզբունքները երկու հիմնարար կետ ունեն, որոնց միշտ ենթարկվում էին կողմերը՝ առաջին՝ համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ, երկրորդ՝ դրանք ներքին հակասություններ ունեն, հնարավոր չէ համաձայնել և՛ առաջին կետին, և՛ երրորդին: Այն, ինչ արեց Փաշինյանը, էժան շահարկում էր»:

Նա նշեց, որ Ադրբեջանն օգտվում է խաղաղության նախապատրաստվելու գործընթացից և մեծ թափով ինժեներական աշխատանքներ է իրականացնում առաջնագծում.

«Ես տեսնում եմ Փաշինյանի հակասական հայտարարությունները, հասկանում եմ, որ Փաշինյանը չի ասում հանրությանը այն, ինչ կա իրականում բանակցությունների սեղանի շուրջ: Պայմանական հրադադարը Ադրբեջանին է ձեռնտու. երբ ասում են՝ տեսեք՝ առաջնագծում շատ քիչ են զոհերը, շատ ցավոտ բան եմ ասում, բայց այդ զոհերը խաղաղության գինն են: Եթե այսօր Ալիևին պետք է, որ առաջնագծում լարվածություն չլինի, որ ինքը Նախիջևանի ուղղությամբ դիրքեր ամրապնդի, Մատաղիսի դիմաց ամրաշինական աշխատանքներ տանի, ամբողջ սահմանով մեկ բետոնից կառույցներ ստեղծի, իրենց ռազմատեխնիկայի համար ապաստարաններ ստեղծի, և այլն, ու մերոնք չխանգարեն այդ պրոցեսներին, կներեք, բայց ապագայում դրա ձայնը մենք լսելու ենք, շատ վատ ենք լսելու»:

Արցախի նախագահի թեկնածուներին Նիկոլ Փաշինյանի դիմելը և նրանցից ոմանց արձագանքները քաղաքագետը որակեց՝ խղճուկ տեսարան. «Ինչ խղճուկ տեսարան էր, չէ՞, ինչ ամոթ էր: Դեռ չեն իմացել՝ ինչի մասին է խոսքը, ինչի վրա է հղվում, միանգամից մեկը՝ սարի գլխից, մյուսը՝ չգիտեմ որտեղից՝ պարոն Փաշինյան… լավ էլի, Արցախը պետք է ունենա ինքնուրույնություն, լինի քաղաքական ինքնուրույն սուբյեկտ, այսպես ամեն ինչ զոհաբերելը, ամեն ինչ մատուցելը՝ քաղաքական կարճաժամկետ շահերից ելնելով, ուղղակի ամոթ է և ծիծաղելի: Որևէ մեկը կասկածի տակ չդրեց՝ ինչ ես ներկայացնում, ինչի մասին է խոսքը, ուրմեն՝ այդ մարդիկ պետք է Արցախի ճակատագիր որոշե՞ն ապագայում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ երեկվա օրը ճակատագրական և շրջադարձային էր գործող իշխանությունների համար. «Ինչպես նշեցի՝ Նիկոլ Փաշինյանը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա, և դրա արձագանքները լինելու են երկար ժամանակ: Երեկվանից սկսած կարող ենք ֆիքսել իշխանությունների հեռացման պրոցեսի սկիզբը: Մեկ-երկու գրիչ էլ ցույց տա՝ մեկ ամիս էլ չի ձգի: Այս իշխանություններն արդեն տապալված իշխանություններ են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս