Այս ամբողջ պատմությանը ծայրից ծայր տիրապետում է երեք հոգի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած իր վերջին գրառմանը՝ փորձելով բացատրել, թե ինչո՞ւ որոշեց հրապարակել ՍԴ  նախագահ Հրայր Թովմասյանից «նվեր» ստացած գրիչի լուսանկարը։

Նրա խոսքով՝ որոշել է ուղիղ եթերում որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ մտցնել, քանի որ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ գնում են տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններին հայտնում, թե իբր Հայաստանում քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։

«Հիմա եկեք հետ գնանք… Եթե հիշում եք՝ 2018 թվականին մենք Հրայր Թովմասյանի հրաժարականը չպահանջեցինք, որովհետև առաջնորդվում էինք պետական մտածողությամբ, և բանը հասավ նրան, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քննադատվեց նրա համար, երբ ասաց, որ չի կարծում, որ Թովմասյանը պետք է հրաժարական տա»,- ասաց  Փաշինյանը։

Ըստ նրա՝ իրեն դիմել են որոշ իրավաբաններ և հայտնել, որ պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանի նախագահի հարցը, քանի որ վերջինիս ՍԴ-ում գտնվելն ապօրինի է, կեղծիքներով է ընտրվել, իսկ երբ ի հայտ եկավ նաև Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի հայտնի նամակը, խնդիր առաջացավ այդ բոլոր հարցերն ուսումնասիրելու համար։

«Ես առիթ ունեցա և այդ մարդկանց հրավիրեցի և ասացի՝ էդ որ ասում եք, մի հատ  բացատրեք՝ տեսնեմ, թե ի՞նչ է կատարվում, որովհետև սա հարց էր, որն ինձ համար սկզբունքային է։ Երբ ինչ-որ փաստ կա, որը դրված է սեղանին,  այդ ժամանակ ինձ համար չկա ընտրություն՝ մենք պե՞տք է դրանով զբաղվենք, թե՞ ոչ»։

Նա նշեց, որ այն ժամանակ, երբ փաստեր դրվեցին սեղանին՝ իրենք հետազդակներ են ստացել, թե Սահմանադրական դատարանը նորմալ աշխատում է, ՍԴ նախագահն էլ լոյալություն է ցուցաբերում, հետևաբար՝ ինչո՞ւ է պետք այդ փաստերով զբաղվել, սակայն ինքն իրեն խոստացել է՝ «անսկզբունքային  կոմպրոմիսների չի գնալու»։

«Սահմանադրական դատարանի համար, երբ ակնհայտ էր, որ իշխանությունը չի կոծկելու որևէ բան, այն ժամանակից սկսած՝ ՍԴ նախագահը սկսեց իր համար պաշտպանության միջոցներ փնտրել  և տարբեր տեղերում, այդ թվում՝ հանրապետությունից դուրս, սկսեց պաշտպանություններ փնտրել, և այդ պաշտպանություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության դեմ։ Երբ այդ ամենը պայթեց, դրանց հիման վրա հարուցվեցին քրեական գործեր, և անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով։ Ինչն է այստեղ կարևոր, որ եղել է երկու տրամաբանություն՝ կա՛մ այդ փաստը օգտագործել և ՍԴ-ն առնել կանտրոլի տակ, կա՛մ լինել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ լուծումների  ճանապարհով»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ այն գրիչի լուսանկարը, որն ինքը հրապարակել է, այն մասին է, որ իրականում իրենք  կարող էին անել այնպես, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է ՍԴ-ն իր ստեղծման օրվանից, սակայն այդ ճանապարհով չեն գնացել։

«Սահմանադրական դատարանի նախագահն էլ տեսել է, որ մեզ դա պետք չէ, դարձել է ընդդիմություն և ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։  Դեռ պետք է հետաքննվի, որ էդքան գնացել-եկել են, ի՞նչ նպատակով են գնացել և ո՞ւմ հետ են հանդիպել, որովհետև կարող է պարզվի, որ այստեղ ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր է»,- ասաց  վարչապետը՝ նշելով, որ ամբողջ ճշմարտությունն այն մասին է, որ այն ժամանակ, երբ իրենք լեգիտիմ հարց չեն ունեցել, ասել են, որ այս պաշտոնյայի հեռացման հարց չեն դնում, իսկ  երբ տեսել են, որ կա կեղծիք, կա ենթադրյալ հանցագործության մասին կասկած, սկզբունքային գնացել են առաջ, որովհետև արդեն ասել են, որ անսկզբունքային կոմպրոմիսի չեն գնալու։

«Էս գրիչը դրա սիմվոլն է, էլի եմ ասում՝ եթե մենք ուզենայինք անսկզբունքային ճանապարհով գնալ, կասեինք՝ թող մեր ձեռքում կոմպրոմատ լինի, բայց երբ հասկացել են, որ մենք սկզբունքային ենք լինելու, սկսել են հանդես գալ մեր դեմ»,- ասաց  Փաշինյանը։

Վարչապետ նաև նշեց, որ այս ամբողջ պատմությանը ծայրից ծայր տիրապետում է երեք հոգի, բայց այդ երեքից երկուսն այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության և իր նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամանքի դիրքերից։

«Այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն և դիմում են»՝ շեշտելով, որ սատանան մանրուքների մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս