Զինված ուժերում կարևոր է աղջիկների ներգրավումը. հոգեբան
«Բանակն աստվածացված է մեր հասարակությունում, սրբություն է համարվում, դա հոյակապ է»,- լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով՝ բանակում ծառայելու գործընթացը մի տեսակ արդար է դարձել, ծառայում են նաև պաշտոնյաների որդիները, խախտումներ կատարելու նկատմամբ վախ կա:
«ՀՀ վարչապետը լավ օրինակ ցույց տվեց, ասաց, որ՝ իմ տղան ծառայում է: Երկրորդ կարևոր պայմանն այն է, որ սննդի, հագուստի, նոր զենքերի գնման առումով կարծես թե տեղաշարժեր են եղել: Այս բոլորը ոգևորում է: Հոգատարությունը շատ մեծ պետք է լինի, ֆինանսները հիմնականում պետք է ուղղվեն բանակին: Ամենակարևորն այն է, որ նոր իշխանությունները բանակի հզորացման, զիջումներ չանելու ուղու վրա են կանգնած»,- նշեց հոգեբանը:
Սամվել Խուդոյանը նաև փոխանցեց լրագրողներին. «Հաճախ ենք լսում ագրեսիվ վարքագծի դրսևորման մասին տեղեկություններ: Նախորդ իշխանության ժամանակ մեծ ուշադրություն էր դարձվում հոգեբանական աջակցությանը: Մեծ գործ է անում բանակի հանրային խորհուրդը, որը մտավորականներին տանում է զորամասեր, դասախոսություններ են կարդում, օրինակ՝ այն մասին, թե ինչպես ինքնակառավարեն, վախերը հաղթահարեն, և այլն: Բանակում պետք է հոգեբանական աջակցության պահն ավելի մեծանա: Պատրաստում ենք պրոֆեսիոնալ զինվորական հոգեբաններ, և նրանք հաճախ մեկնում են զորամասեր»:
Հոգեբանը կարևորեց Զինված ուժերում նաև աղջիկներին ներգրավելը: Ըստ նրա՝ աղջիկների ներկայությունը կնպաստի զսպելու տղաների ագրեսիան, որոշ դեպքերում ոգևորելու է նրանց: Ընդգծեց նաև, որ բանակում ծառայելով պետք է ամենալավ վարձատրությունը ստանան:
Հոգեբանը տեղեկացրեց նաև, որ հասարակության շրջանում պահպանվում է վախը, որ երեխային բանակ ուղարկեն, հնարավոր է՝ չվերադառնա:
«Այդ տագնապը կա, պետք է շատ լուրջ զբաղվեն այդ հարցով, անփորձ երիտասարդներին առաջին գիծ չտանեն, այնպիսի հագուստ պատրաստեն, որ մարդուն վնաս չլինի»,- ընդգծեց նա:
Մեր դիտարկմանը, որ շատերը կան՝ խուսափում են բանակ գնալ, ինչո՞ւ պետք է մյուսները գնան, իրենք՝ ոչ, հասարակությանը չպե՞տք է բացատրել, որ Հայրենիքը մեկն է, ու հողը պաշտպանելը՝ բոլորի պարտականությունը, հոգեբանը պատասխանեց.
«Աշխատանք պետք է տարվի, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ մարդկանց տիպեր կան, որոնք հեչ բանակի բան չեն: Ես միշտ մեր Լևոն Արոնյանի օրինակն եմ բերում, կան նաև գիտնականներ, ովքեր անգամ լավ էլ չեն տեսնում: Հիմա այս մարդկանց հանես-տանես բանա՞կ: Ի վերջո, մասնագիտական զատում էլ պետք է լինի: Բժիշկը, ծրագրավորողը, երաժիշտը պետք է ծառայեն իրենց մասնագիտությամբ: Ամեն դեպքում բանակում ծառայելը կարևոր է, պատասխանատվությունն է բարձրացնում, կարգապահություն են սովորում»: