Ասուլիս՝ ամեն ինչի, բայց՝ ոչնչի մասին
Ժամանակակից ՀՀ-ում քաղաքական գործընթացները հիմնականում անհատակենտրոն են, այսինքն՝ որոշակի անձանց խարիզմն ու կշիռը որոշում է քաղաքականության ընթացքը: Պետք է նշել նաև, որ հասարակական կյանքում քաղաքական լիդերի դերակատարությունը պայմանավորված է նաև մի շարք հանգամանքներով, մանավորապես՝ նույն լիդերի իմիջը, երկրի բնակչության մենթալիտետը, էթնո-կրոնական կազմը, կառավարման ձևը, պետության տիպը, արտաքին հարաբերությունները, և այլն:
Գործնականում այստեղ գործում է տնտեսագիտական հայտնի պահանջարկ ու առաջարկի կանոնը, լիդերությունն առաջանում է՝ ըստ հասարակական կոնկրետ պահանջարկի: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ՝ կոնկրետ քաղաքական լիդերության մասին դատողություններ անելու համար: Պետական ու քաղաքական գործիչներն իրենց տեսակով բաժանվում են մի քանի կատեգորիաների․ մարդիկ, ովքեր սիրում են հանրային անմիջական շփումներ, և գործիչներ, ովքեր «փակ» են և առանձնապես չեն «սիրում» հանրային լայն շրջանակների հետ շփումները։
Նախօրեին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը, որի ժամանակ նա խոսեց ամեն ինչից և ոչնչից։ Անընդհատ խոսելով Ղարաբաղի հարցի կարգավորման դետալների ու առանցքի շուրջ՝ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց ու չորոշակիացրեց, թե տվյալ փուլում ինչ փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները։ Այս ամենից պարզ է դառնում, որ Փաշինյանը չի ցանկանում հստակ պատասխանատվություն վերցնել Արցախի հարցի կարգավորման և բանակցային գործընթացի վերաբերյալ։
Զարմանալին այն է, որ իր ձեռքի տակ հստակ ունեցած փաստաթուղթն անտեսելով՝ Փաշինյանը հղումներ է անում մամուլի ինչ-որ հրապարակման։ Պետք է հստակ արձանագրենք, որ Արցախի բանակցային պատմության շրջանում բոլոր ղեկավարներն էլ խոսել են խնդրի փոխզիջումային տարբերակի մասին, այնպես որ՝ իր ասուլիսում հնչեցրած հերթական պնդումները Փաշինյանի հերթական, այսպես ասած՝ «կռուտիտների» շարքից են, որիշ ոչինչ։ Սերժ Սարգսյանի «ֆոբիայով» տառապելու փաստը Փաշինյանը ցույց է տվել դեռևս իր ընդդիմադիր ժամանակներում, երբ իր ելույթների հիմնական շեշտն ու բուն բովանդակությունը կառուցում էր Սարգսյանի շուրջ՝ նրա մասին ամենատարբեր լեգենդներն ու առասպելները մատուցելով հանրությանը։
Սերժը «մերժվեց», սակայն չդադարեց Նիկոլի համար մնալ՝ որպես կուլտ և հիմնական բուն ասելիքի ու կոնտենտի հիմնական ասելիքի էտալոն։ Իշխանության ղեկը ստանձնելուց հետո էլ Փաշինյանը չի դադարում իր «օրակարգում» Սերժ Սարգսյանի «ներկայությունից» հրաժարվել, և ամենուր փնտրում է նրա հետքերը։ Որքան էլ զարմանալի է, նա շարունակում է պարբերաբար հիշել Սարգսյանին ու ՀՀԿ-ին՝ փորձելով հերթական անգամ ի լուր աշխարհի հայտարարել, որ հենց նրանք են «ամենակոռումպացվածն» ու «դավաճանը», որ հենց նրանք են եղել ու շարունակում են հանրության համար մնալ միակ ու գլխավոր «չարիքը»։ Այս ամենը, իհարկե, այսօր արդեն զավեշտալի է, քանի որ սա հիշեցնում է հայտնի հերոսի պայքարը հողմաղացների դեմ․ ամենուր Նիկոլը տեսնում է Սերժի ուրվականը։ Իր ձախողումների մեջ ամեն ինչում տեսնում է նախկին իշխանություններին ու նրանց կողմից պահվող «ֆեյքերին»։ Կարող ենք փաստել, որ Փաշինյանն իր համար գտել է հեշտ տարբերակը․ յուրաքանչյուր տապալման ու ձախողման դեպքում նա փորձում է ամեն ինչ մանիպուլյացնելով՝ բոլոր սլաքներն ուղղել դեպի նախկինները, որպեսզի ժողովրդի շրջանում կարողանա ևս մեկ անգամ բարձրացնել ատելության ու դժգոհության հերթական չափաբաժինը և հերթական անգամ մանյովրելով՝ կարողանա դուրս գալ հենց իր սարքած «քաղաքական լաբիրինթոսից»։ Այն հանգամանքին, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը գտնվում է ՀՀ գործող իշխանությունների ուղղակի թիրախում, և նրա կողմից ցանկացած հանդիպում և այց ընդունվում է բավականին ցավոտ, ականատես ենք լինում բոլորս։
Իսկ նրա Զագրեբ կատարած այցից Փաշինյանն այնքան տպավորված էր, որ ասուլիսի ժամանակ հատուկ անդրադարձ կատարեց՝ այդ ամենը որակելով «խղճահարության արժանի դրսևորում»։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Սարգսյանի ելույթը իրականում հասել է նպատակակետին և համապատասխան տպավորություն է ստեղծել։ Հատկանշական է, որ հենց այս ելույթին հաջորդեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հայտնի «իրավական գործընթացը», որը, մասնագետների բնորոշմամբ, իրավական ոչ մի հիմք չունի։
Իր ասուլիսի ժամանակ Փաշինյանի կողմից հնչեցված 100 փաստերին, թերևս, արժե ավելացնել ամենակարևոր փաստերի շարքը․ փաստն այն է, որ Փաշինյանն այս 20 ամիսների ընթացքում տապալել է իշխանությունը, և ներկայումս այդ ամենը հասկանալով՝ փորձում է փնտրել և հանրությանը ներկայացնել իրեն ցանկալի մեղավորներին։ Անհերքելի փաստ է, որ Փաշինյանը գիտակցում է, որ ՀՀ-ում ներկայումս տեղի ունեցող այս վակխանալիայի ու անկառավարելի քաոսի ողջ պատասխանատվությունն ընկած է կոնկրետ իր ուսերին, ինչի համար վաղ թե ուշ, միանշանակ, պատասխան է տալու: Եվ ամենակարևոր փաստը, որն ըստ էության արդեն հասկանում են նաև իշխանական թիմի ներսում, այն է, որ նրանք գիտակցում են՝ հենց առաջին հարմար առիթի դեպքում Նիկոլ Փաշինյանը «քցելու» է սեփական թիմակիցներին։ Սա ամենակարևորն է:
Արմեն Հովասափյան