Աֆղանստանում չեն բացառում, որ կործանված ինքնաթիռը պատկանում էր օտարերկրյա ավիաընկերության
Աֆղանստանի Ղազնիի նահանգում հունվարի 27-ին կործանված մարդատար ինքնաթիռը կարող էր պատկանել օտարերկրյա ավիաընկերության: Այդ մասին, ինչպես հայտնել է Աֆղանստանի 1TVNews հեռուստաալիքը, հայտարարել են տեղի իշխանությունները։Ղազնիի նահանգապետ Վահիդուլլա Քալիմզայի խոսքով՝ «ինքնաթիռը չի պատկանել հայրենական որեւէ ընկերության»:
«Ըստ երեւույթին, խոսքը վերաբերում է օտարերկրյա փոխադրողի,- նշել է նա:- Ինքնաթիռն ամբողջովին այրվել է»: Մինչ այժմ ստույգ տեղեկատվություն չկա աղետի ենթարկված ինքնաթիռի մասին: Օդանավն ընկել է երկրի կենտրոնական մասում՝ «Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ գտնվող Դիհ Յաքի գավառում: Այժմ դեպի այդ վայր են շարժվում աֆղանական հատուկ նշանակության ուժերը: Սկզբնապես տեղեկացվելէր, որ օդանավը պատկանում է Ariana Afghan Airlines ավիաընկերությանը, բայց ազգային ավիափոխադրողը հերքել է այդ տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: