Իրավական մարտահրավեր եմ նետում իրավապահ մարմիններին. Փաստաբանը՝ ՔՕ փոփոխությունների մասին
Հունվարի 22-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց հանցավոր աշխարհի դեմ պայքարի մասին ՔՕ փոփոխությունները։ Մասնավորապես, «գողական հիերարխիայի կոչում» ունենալը («օրենքով գող», «քրեական հեղինակություն») կդատապարտվի 7-10 տարվա ազատազրկման։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ սա ենթադրում է քրեական պատասխանատվություն քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, այդ միջայրին հարելու կամ վարքագծի հատուկ կանոններով առաջնորդվելու համար:
«Ունենք Սահմանադրության 79-րդ հոդվածը, որը սահմանում է իրավական որոշակիության սկզբունք, որ անձանց իրավունքների սահմանափակում և պատասխանատվություն նախատեսող նորմերը պետք է ունենան իրավական որոշակիություն, որպեսզի անձին հնարավորություն ընձեռեն համապատասխան դիրքորոշում դրսևորել: Այստեղ ունենք իրավական անորոշության դասագրքային տիպիկ օրինակ, երբ քրեական օրենսգրքի ոլորտ են ներմուծել ոչ միայն իրավական հասկացություն, այլև այնպիսի հասկացություններ, որոնք հավանաբար փիլիսոփայության կամ հոգեբանության բնագավառից են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանը՝ պարզաբանելով,- Պատկերացրեք՝ անձին պետք է մեղադրանք առաջադրվի վարքագծի հատուկ կանոններով առաջնորդվելու համար, սակայն օրենսդիրը կամ նախաձեռնող մարմինը չի մեկնաբանում, թե որո՞նք են հանդիսանում այդ վարքագծի հատուկ կանոնները. դրանք գրվա՞ծ կանոններ են, թե՞ չգրված: Եթե գրված են, ապա ո՞ւմ կողմից, որտե՞ղ են գտնվում: Մեղադրանք առաջադրելիս ի՞նչ է լինելու. անձն ի՞նչ է խախտել: Օգտվելով առիթից՝ իրավական մարտահրավեր եմ նետում մեր իրավապահ մարմիններին և պատրաստ եմ անվճար իրականացնել այն անձի պաշտպանությունը, ում այս հոդվածներից որևէ մեկով մեղադրանք կառաջադրվի»: