Գաղտնալսվում է ոչ միայն անձը, այլ նաև նրա հետ փոխկապակցված անձանց անորոշ և բազում շրջանակ. Փաստաբան
Ազգային ժողովը հունվարի 21-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որն ավելի հայտնի է՝ որպես «գաղտնալսումների մասին օրենք»։ Այս փոփոխություններով ՀՀ ոստիկանությանն իրավունք է տրվում օպերատիվ-հետախուզական աշխատանքների շրջանակում գաղտնալսում կատարել՝ առանց դրա համար հատուկ թույլտվություն ստանալու։
Նշենք, որ մինչ օրենքի փոփոխությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք էր վերապահված միայն ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ԱԱԾ-ի թույլտվությամբ, և ՔԿՀ-ին՝ միայն հիմնարկի տարածքում ու միայն դատապարտյալների նկատմամբ։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սա ենթադրում է, որ հետաքննության մարմինը ստանալով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություններ՝ կայացնում է պատճառաբանված որոշում, միջնորդություն, դիմում է դատարան և, ստանալով դատարանի թույլտվություն՝ նախկինում դատարանի որոշման քաղվածքը և համապատասխան հեռախոսահամարը տրամադրում էր ԱԱԾ համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությանը, որի կողմից էլ իրականացվում է այդ միջոցառման ամրագրումը կամ նյութականացումը:
«Տեսա մի քանի հրապարակումներ, որտեղ նշված էր, որ ներկա օրենսդրական փոփոխություններով պետք է ոստիկանությանը և ԱԱԾ մարմիններին հնարավորություն ընձեռվի, որպեսզի առանց դատարանի որոշման՝ իրականացնեն այդ միջոցառումը: Ես այդպիսի օրենսդրական փոփոխություն չտեսա: Այսինքն, առանց դատարանի որոշման՝ և՛ նախկինում, և՛ այժմ օրենսգիրքը նախատեսում է: Դա այն դեպքն է, երբ առկա են ահաբեկչության կամ պետական, ռազմական, բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների մասին տեղեկություններ: Այս դեպքում հետաքննության մարմնի ղեկավարն առանց դատարանի որոշման՝ իրավունք ունի կայացնել պատճառաբանված որոշում և իրականացնել այդ միջոցառումը: Սակայն այս դեպքում 48 ժամվա ընթացքում պետք է դիմի դատարան և ստանա թույլտվություն: Եթե թույլտվություն չի ստանում՝ միջոցառումը դադարեցվում է: Այս մասով օրենսդրական փոփոխություն առկա չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ՝ միակ փոփոխությունն այն է, որ Ոստիկանությանը ևս տրամադրվել է այդպիսի լիազորություն:
«Իշխանության քիչ թե շատ ողջամիտ պատճառաբանությունն այն է, որ դրանով ցանկանում են հավասարակշռել ոստիկանության և ԱԱԾ-ի լիազորությունները, սակայն այդ պատճառաբանությունը, իմ կարծիքով, քննադատության չի դիմանում, քանի որ, եթե շարժվում ենք այդ տրամաբանությամբ, ապա այդ լիազորությունը պետք է տրվեր նաև Քրեակատարողական ծառայությանը, ինչն այս դեպքում չի կատարվել: Հիմա, թե ինչո՞ւ է այս տեխնիկական-օրենսդրական փոփոխությունը կատարվել, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Եթե ընդունելու լինենք, որ պետությունը չունի լատենտ նպատակ՝ ստեղծել ոստիկանապետություն, և չունի տոտալ գաղտնալսումներ իրականացնելու նպատակ, ըստ իս՝ իրավական ողբերգություն տեղի չի ունեցել: Բայց վերջին շրջանի իրադարձությունները հանգեցնում են նրան, որ իրականում այդպիսի վտանգ կա,- նկատեց փաստաբանը՝ հավելելով,- Գործող Քրեական օրենսգրքով և կատարված փոփոխություններով լիազոր մարմնի լիազորությունները շատ ավելին են, քան անձանց իրավունքների և ազատությունների վերաբերյալ երաշխիքները:
Այսինքն, դրանք չեն հավասարակշռվում, ինչը կարող է հանգեցնել կամայականության: Օրինակ՝ անձին հնարավորություն է ընձեռվում, որ կարող է ծանոթանալ իր նկատմամբ իրականացված միջոցառմանը միայն այն դեպքում, երբ իր նկատմամբ կայացվում է դատական արդարացման ակտ, կամ քրեական հետապնդումը դադարեցվում է: Այն դեպքում, երբ քրեական գործով անձը չունի դատավարական կարգավիճակ կամ իր նկատմամբ չեն կայացվում այդ որոշումները, ապա անձն իր ողջ կյանքում երբևէ չի կարող իմանալ՝ իր նկատմամբ այդպիսի միջոցառում իրականացվե՞լ է, թե՞ ոչ, և եթե իրականացվել են, ապա ի՞նչն է հանդիսացել դրա հիմքը: Այսինքն, այստեղ ունենք մի մութ սենյակ, որի դուռը բացելու հնարավորություն օրենքը չի նախատեսում»:
Փաստաբանը նկատեց՝ օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով գաղտնալսվում է ոչ միայն անձը, այլ նաև նրա հետ փոխկապակցված անձանց անորոշ և բազում շրջանակ, ուստի իրենք դիմել են ՍԴ՝ նորմի սահմանադրականությունը վիճարկելու:
Բանախոսն անդրադարձավ նաև փաստաբանի գաղտնալսմանը (Հիշեցնենք ՝ առևանգման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում գաղտնալսել են փաստաբան Էդգար Թումասյանի ու նրա վստահորդ մեղադրյալի միջև խոսակցությունները, փաստաբանը քննիչից պահանջել է ոչնչացնել նյութերը, վերջինս մերժել է միջնորդությունը).
«Այստեղ ունենք կոպիտ խախտում, քանի որ հստակ նախատեսված է՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում չի կարելի իրականացնել այն դեպքում, երբ փաստաբանը շփվում է իր վստահորդի հետ: Եթե անգամ անուղղակի եղանակով գաղտնալսել են, ապա նյութերն անհապաղ ենթակա են ոչնչացման: իսկ այս դեպքում ոչ միայն չէին ոչնչացվել, այլև դրվել էին քրեական գործի հիմքում, ինչն անթույլատրելի է»: