Ո՞վ կձերբակալվի առաջիկա օրերին` Հրայր Թովմասյա՞նը, թե՞ Արթուր Վանեցյանը

Երեկ Կապանում տված իր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, ասաց. «2018-ի մայիսից սկսած՝ սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքանով ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակն է, կարող է պատմել բոլոր խութերի մասին, և մենք միասին կարող ենք անել չգիտեմ ինչ-ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»:

ՍԴ նախագահն այս խոսքերն անպատասխան չթողեց, և վարչապետի այս հայտարարությունից քիչ անց ինքն էլ հայտարարություն տարածեց` մասնավորապես նշելով.

«Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։

Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։

Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։

Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։

Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:

Փոխհրաձգությունն այսքանով չավարտվեց, և Հրայր Թովմասյանին, ինչպես և ակնկալվում էր, պատասխանեց ՀՀ վարչապետը:

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:

Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:

Երեկ վարչապետը Երևան չվերադարձավ, սակայն մինչ այդ վերջինիս թիմակիցներն իրենց գրառումներով տաք էին պահում թեման` Հրայր Թովմասյանի համար գուժելով խայտառակ վերջաբան:

Այսօր ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանն արդեն Երևանում հրապարակեց այդ «հուժկու հակահարվածը»: Նա իր ֆեյսբուքյան էջում մի գրիչի նկար հրապարակեց ու գրեց.

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով: Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է: Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:
Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:
Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:

Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետեւ հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:

Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաեւ, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):

Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում: Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»:

Այս գրառումից հետո ՍԴ նախագահի պաշտպաններից Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»:

Այս թեման անտարբեր չթողեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ով թվիթերյան իր էջում գրեց. «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:

Մինչ այդ Արթուր Վանեցյանն իր տեսակի մեջ նախազգուշական ևս մեկ գրառում էր կատարել:

«Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է»,- գրել էր Արթուր Վանեցյանը:

Սակայն ԱԱԾ նախկին տնօրենի հենց նոր վարչապետ ընտրելու վերաբերյալ գրառումից հետո վարչապետը կատարեց հերթական գրառումը. «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»:

Եվ ահա 168.am-ի հավաստի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգել է առաջիկա օրերի ընթացքում որևէ պատրվակով, շատ արագ ձերբակալել կամ Հրայր Թովմասյանին, կամ Արթուր Վանեցյանին:

Տեսանյութեր

Լրահոս