Բաժիններ՝

Եվրոպայի ամենահին սրճարանը պատրաստվում է նշել 300-ամյա հոբելյանը

Վենետիկում գտնվող «Ֆլորիան» բար-սրճարանը, որն ամենահինն է համարվում Եվրոպայում, պատրաստվում է նշել 300-ամյա հոբելյանը: Սուրբ Մարկոսի հրապարակում գտնվող այս հաստատությունը բացվել է 1720 թվականի դեկտեմբերի 29-ին՝ դեռ Վենետիկի սրբազան հանրապետության գոյության օրոք։

Սկզբնապես սրճարանը կոչվել է «Հաղթական Վենետիկ»: Սակայն շուտով այն սեփականատիրոջ՝ Ֆլորիանո Ֆրանչեսկոնիի անունով վերանվանել են «Ֆլորիան»: 19-րդ դարի կեսերին սրճարանն զգալիորեն ընդլայնվել եւ ամբողջովին վերափոխվել է: Այդ ժամանակվանից ինտերիերները հատուկ փոփոխությունների չեն ենթարկվել: «Ֆլորիան»-ի մշտական հաճախորդներն են եղել Ջակոմո Կազանովան, որը ծնվել է սրճարանի բացվելուց հինգ տարի անց, լորդ Բայրոնը եւ նրա ընկերը՝ Փերսի Շելլին, ինչպես նաեւ Չառլզ Դիքենսը եւ Գյոթեն: 20-րդ դարում նրա սեղանների շուրջը նստել են Էռնեստ Հեմինգուեյը, Չառլի Չապլինը եւ Էնդի Ուորհոլը: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել են հաստատությունում, հոբելյանի առթիվ հանդիսությունները պլանավորված են սեպտեմբերին եւ դեկտեմբերի վերջին: Իսկ առայժմ «Ֆլորիան»-ում սպասում են կառնավալին, որը մեկնարկելու է փետրվարի 8-ին: «Մեզ մոտ ավանդաբար հավաքվում են ամենագեղեցիկ ու շքեղ դիմակները: Նստելով մեր սեղանների շուրջը՝ հանրությունը դիտում է կառնավալի գլխավոր գործողությունները»,-նշել են սրճարանում:

Իտալիայի երկրորդ ամենահին սրճարանը գտնվում Է Հռոմում: Դա նշանավոր «Կաֆե Գրեկո»-ն է, որը բացվել է1760 թվականին (Իտալիայի միավորված թագավորության կազմավորումից գրեթե մեկ դար առաջ)՝ հույն վտարանդու կողմից: Նշվում է, որ այդ հաստատություն սիրում էր այցելել Հռոմում մի քանի տարի ապրած Նիկոլայ Գոգոլը (1809-1852 թթ.): Պատմական սրճարաններ են նաեւ «Կուադրի»-ն, որը բացվել է 1775 թվականին, եւ «Լեւանա»-ն, որը գտնվում է Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց. այն բացել են 1750 թվականին: Դրանք այսօր էլ աշխատում են: Վենետիկյան սրճարաններն ամենահինն են ներկայում գործողներից: Իսկ առաջին սրճարանները Եվրոպայում սկսել են հայտնվել դեռ 17-րդ դարի վերջին՝ սկզբում Վիեննայում եւ Փարիզում, իսկ այնուհետեւ՝ Վենետիկում: Դա կապված է Հին աշխարհում սուրճի հայտնվելու հետ: Համարվում է, որ սուրճը բերել են Օսմանյան կայսրության զինվորները, որոնք 1683 թվականին երկու ամիս պաշարել էին Վիեննան: Ենթադրվում է, որ ամենաառաջին սրճարանը Վիեննայում բացվել է 1685 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս