«Վարչապետի հնչեցրած հայտարարություններն առնվազն ֆեյք են». Ռոբերտ Հայրապետյան

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ զրուցել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած որոշ հայտարարությունների շուրջ.

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով՝ «ՀՀ սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք այսօր չունենք, և ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ, և հիմա պարզվեց, որ ԱԺ կողմից ՍԴ նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Պաշտոնական կեղծիքի արդյունքում ՍԴ-ն օկուպացվել է մի անձի կողմից և մի խմբի կողմից, և այդ խումբը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն է»: ՍԴ նախագահի նկատմամբ նման մեղադրանք կա՞ առաջադրված, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

– ՍԴ-ն օկուպացնելու մասով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքի վերաբերյալ՝ նման մեղադրանք ինձ հայտնի չէ: Իսկ ինչ վերաբերում է հայտարարության տեքստի մնացած հատվածներին, ապա պետք է նշեմ, որ կա՛մ պարոն վարչապետի խորհրդականները պետք է մի քիչ խորացված և մասնագիտացված տեսանկյունից ուսումնասիրեն, առհասարակ, ցանկացած իրավական ակտի անցումային դրույթները և դրանով ապահովվող պաշտոնավարման ժամկետների ժամանակահատվածներ կամ այլ իրավական դրույթներ, կա՛մ նման հայտարարություններ անելուց առաջ առնվազն պետք է ունենան փաստեր: Համոզիչ թվալու համար հայտարարել, որ Հրայր Թովմասյանին պաշտոնապես առաջադրվել է նման մեղադրանք, դա կարող է շփոթմունքի մեջ գցել սակավաթիվ մարդկանց: Մասնագետներն ու իրավաբանները, ովքեր ուշի ուշով հետևում են ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին, վստահ եմ, որ իրենց բանական դատողության արդյունքում հասկանում են, որ այս հայտարարությունները, որոնք հնչվեցվել են վարչապետի կողմից, առնվազն ֆեյք են:

– Այսինքն՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անում: Ի դեպ, Արսեն Բաբայանն ասաց, որ իր հոդվածն էլ Նիկոլ Փաշինյանը փոփոխեց:

– Նման հայտարարություններ ՍԴ հասցեին հնչեցնելը ևս մեկ անգամ ապացուցում է նաև այն տեսակետը, որ բազմիցս հնչեցվել է նաև իմ կողմից, որ ՍԴ ներկայիս կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ օրախնդիրն է: Ինչպես փորձը ցույց է տալիս, և ինչպես փաստերն են ապացուցում, իշխանական թևը՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, նաև այլ պաշտոնատար անձինք, ոչ մի անգամ բաց չեն թողնում պատեհ առիթը, որպեսզի այս կամ այն կերպ փորձեն հասարակության մոտ ևս մեկ անգամ թարմացնել կամ ակտիվ պահել ՍԴ թեման՝ ՍԴ նախագահի և ՍԴ դատավորների անձերը այս կամ այն կերպ կապելով որևէ ոչ իշխանահաճո արարքների կամ հանցագործությունների հետ, որոնք նույնիսկ տարրական իրավական գիտելիքներ ունեցող անձինք իրենց ներսում հակափաստարկներով կոտրում են:

– Ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ ՍԴ գործող նախագահը ԱԺ կողմից է ընտրվել: Չէ՞ որ ՍԴ նախագահն ԱԺ կողմից չի ընտրվում: ԱԺ կողմից Հ. Թովմասյանն ընտրվել է՝ որպես ՍԴ անդամ, և ՍԴ-ն է ընտրել նրան՝ որպես ՍԴ նախագահ:

– Հրայր Թովմասյանը ԱԺ կողմից ընտրվել է ՍԴ անդամ, որից հետո ընտրվել է ՍԴ նախագահ: Չեմ ուզում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որովհետև դրանք իրավական առումով, մեղմ ասած՝ հիմնավոր չեն:

– Խնդրում եմ անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը. «Ձեր կարծիքով՝ մենք դիտորդի կարգավիճակում պետք է հետևե՞նք այս ամենին: Ինչ պետք է, դա էլ անելու ենք»: Ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար իրավական ի՞նչ ճանապարհ կա:

– Եթե Նիկոլ Փաշինյանը կամ իշխանական թիմը իրավական որևէ գործընթաց կատարելու հնարավորություն ունենար ՍԴ գործող կազմից ձերբազատվելու վերաբերյալ, հավատացեք, այդ քայլը վաղուց արվել էր: Եթե այդ քայլը լիներ, ապա իշխանությունը չէր ապավինի, օրինակ, նույն օրինական կաշառքի անվանում ստացած օրինագծի վերջնաժամկետը երեք անգամ երկարացնելու կամ հետաձգելու թեզով, չէր պայմանավորի Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն կատարելու պրոցեսով, որն ակնհայտորեն կեղծ գործընթաց էր այն տեսանկյունից, որ խուզարկությունն ինքնին անհապաղ իրականացվող քննչական գործողություն է, և դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրել և դրանից 10-20 օր հետո իրականացնել խուզարկություն, դա ընդամենը թեման տաք պահելու և հասարակության որոշ զանգվածին ցույց տալու համար էր:

– Դա Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ «ինչ պետք է, դա էլ անելու ենք» կոնտեքստո՞ւմ է:

– Իշխանական թևի՝ «ինչ պետք է, դա էլ անելու ենք», և իրավական պետության ներսում օրենքին համապատասխան՝ «ինչ պետք է, դա էլ անելու ենք»-ը իրարից կարդինալ տարբերվում են:

– Արդյոք խուզարկություն իրականացնելու համար օրենքով պետք չէ՞ր ՍԴ համաձայնությունը:

– Հաշվի առնելով այն փաստը, որ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու իրավական գործընթացը տեղի է ունեցել 2005թ. խմբագրության Սահմանադրության նորմերի կարգավորման ժամանակահատվածում, այդ ժամանակահատվածում կարգավորվող նորմերը ենթադրում էին, որ ՍԴ համապատասխան ակտն անհրաժեշտ էր, որպեսզի թե՛ մեղադրանք առաջադրելը, թե՛ խուզարկությունը պետք է իրականացվեր ՍԴ համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում: Այսինքն՝ այս դեպքում միայն դատարանի որոշումը՝ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ, բավարար չէր: Ես ցավում եմ, որ նրանց գործողությունները, որոնք հիմա իրականացվում են Հրայր Թովմասյանի դեմ, առերևույթ, ըստ իս՝ որպես իրավաբան, կարող են պարունակել Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, որովհետև ներկա պահին Սահմանադրությունը և այլ կենսական կարևոր իրավական ակտերը մեկնաբանվում են կամայական և բացառապես որոշակի խումբ անձանց քիմքին հաճո տեսանկյունից, որը խարխլում է միայն իրավական պետության հիմքերը:

– Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հնարավոր սահմանադրական փոփոխություններին՝ ասելով. «Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը մեր այսօրվա քաղաքական իրողություններին, նկատի ունեմ՝ ժողովրդի իշխանությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը»: Ինչպե՞ս պետք է դատական համակարգը համապատասխանեցվի այսօրվա քաղաքական իրողություններին: Դատական իշխանությունը քաղաքական իրողություններից անկախ մարմին չէ՞, որն առաջնորդվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

– Առհասարակ, առաջին հայացքից դա ծիծաղ է առաջացնում, որովհետև դատական համակարգը քաղաքական հայացքներին համապատասխանեցնելը առնվազն ոչ իրավական գործընթաց է: Դատական համակարգի վերաբերյալ տարրական գիտելիք ունեցող անձը պետք է հասկանա, որ դատական իշխանությունն իշխանության առանձին ճյուղ է, որը գործում է գործադիր իշխանությունից առանձին, և սահմանադրական բազմաթիվ նորմեր կան, որոնք ապահովում են հենց այդ իշխանության երեք թևերի զսպումների, հակակշիռների իրացումը: Նման հայտարարություն բարձրագույն իշխանություն կրողի կողմից հնչեցնելը բավականին պատասխանատու է՝ այն պարզ տրամաբանությամբ, որ կարելի է ընդունել՝ վարչապետը խոստովանում է, որ գործող դատարանները որոշ մասով չեն իրականացնում իշխանության քաղաքական շահին համապատասխան գործառույթներ կամ որոշումներ, և նպատակ ունեն սահմանադրական փոփոխություններով դատական համակարգին փորձել ենթարկել կամ մոտարկել իշխանության գործադիր թևին: Սա աբսուրդ է:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս