«Ինչ որ պետք ա, էն էլ անելու ենք». Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ կազմից ազատվելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ իրականացվող գործողություններին, ու, ինչպես շատերն են ասում, ՍԴ ներկա կազմից ազատվելու՝ իշխող ուժի ձեռնարկվող փորձերին, ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք այսօր չունենք:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահին ՍԴ-ն պետք է ընտրի իր կազմից: Բայց այսօր Հայաստանում կա Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ:
«Հիմա պարզվեց, որ Ազգային ժողովի կողմից ՍԴ նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Մենք չենք կարող այս իրավիճակն ուղղակի նայել, ասել՝ «դե լավ, մի թեթև կեղծիք են արել»: Այդ կարգավորումը 2015 թվականին ընդունվել է, բայց մինչև 2035 թվականն այդ կարգավորումը չի գործելու, ինչը նշանակում է, որ գործնականում երբեք չի գործելու: Եվ դա տեղի չի ունեցել ու չի ունենալու, որովհետև տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, և պաշտոնական կեղծիքի արդյունքում օկուպացվել է Սահմանադրական դատարանը մի անձի և մի խմբի կողմից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է:
Տեղեկացնենք, սակայն, որ Ազգային ժողովը Հրայր Թովմասյանին ընտրել է՝ որպես ՍԴ անդամ, հետագայում նրան Սահմանադրական դատարանն ընտրել է ՍԴ նախագահ:
«Ձեր կարծիքով՝ մենք անտարբեր, ուղղակի դիտորդի կարգավիճակո՞վ պետք է հետևենք այս ամեն ինչին: Ինչ որ պետք ա, էն էլ անելու ենք»,- ՍԴ կազմը փոխելու հետագա քայլերի մասին պարզաբանում տվեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեց 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն առաջադրած մեղադրանքից հետո ասած խոսքը, որ, եթե խաղաղ ժամանակահատվածում մարդիկ հերոսներ են փնտրում, ապա այդ հերոսներին կարող են գտնել ՍԴ շենքում, ու նրանք շենքում նստած աշխատում են, և թվարկեց դատարանի բոլոր անդամների անունները՝ բացի Վահե Գրիգորյանից:
«Դուխ ա տալիս, էլի: Ես ուզում եմ հասկանամ, էդ ո՞ւմ դեմ պայքարի, հանուն ինչի՞ պայքարում են նրանք հերոս: Սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ, պատկերացնո՞ւմ եք: Էդ ո՞ւմ դեմ ա պայքարում ՍԴ-ն, հանուն ինչի՞: Հանուն Հայաստանում իրավական, ժողովրդավարական պետությա՞ն: Լո՞ւրջ: Բա 2013 թվականի նախագահական ընտրություննե՞րը, բա Հայաստանի բոլոր ժամանակների կեղծված խորհրդարանական ընտրություննե՞րը, բա 1996 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը, բա 1998 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը: Բա 2003 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը, բա 2008 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը: Հանուն ընտրակեղծիքների մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում Սահմանադրական դատարանի նախագահը»,- հարցադրումներով արեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ գործադիրի ղեկավարի՝ իրենք պարզապես դիմել են ՍԴ անդամներին ու խնդրել «չպայքարել սեփական ժողովրդի և սեփական երկրի դեմ և սեփական ապագայի դեմ ու չդառնալ հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ»:
Այս հարցի պատասխանն էլ առանց պատկերազարդումների չտրվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց հոլիվուդյան ֆիլմերը, ապա Սահմանադրական դատարանին առնչվող հարցեր բարձրացնող լրագրողներին հորդորեց վերցնել թուղթ և մարդկանց նկարները, գործողություններն ու հայտարարությունները սխեմավորել, վստահեցնելով, որ դրա արդյունքում լրագրողների համար «վիզուալ ամեն ինչ պարզ կլինի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում