«Եթե դուք խաղաղ ժամանակներում հերոսներ եք փնտրում, նրանք ՍԴ շենքում են, հիմա նստած աշխատում են». Հրայր Թովմասյան

«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունի, ասաց՝ երևի աշխարհում ոչ մի քննիչ չի տեսել շատ պարզ պատճառով: Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ինձ մի օր մեղադրանք է առաջադրվելու»,- 168.am-ի հարցին, թե ի՞նչ տրամադրություն ունի  ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննվելուց հետո, ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախագահն ասաց, թե մի օր կխոսի այն մասին, թե ով էր իր նկատմամբ մեղադրանքի հնարավոր առաջադրման մասին զգուշացրել իրեն, ու հավելեց, որ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր:

«ՔՕ 308-րդ  հոդվածի 2-րդ մասով ինձ մեղադրանք առաջադրելն իմ կյանքում ոչ մի բան չի փոխել և չի էլ կարող փոխել: Քննիչի հետ մենք բաժանվեցինք՝ որպես պրոֆեսիոնալներ, և ես իրեն ասացի, որ որպես պրոֆեսիոնալ՝ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ  քաղաքական պրոցեսների մեջ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքի մասով հրաժարվել է որևէ ցուցմունք տալ:

«Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին Սահմանադրական դատարանն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո: Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ: Բայց այս ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը, փառք ու պատիվ իրենց, բոլոր դատավորներին, աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու, բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար»,- ասաց ՍԴ նախագահը:

Հրայր Թովմասյանի կարծիքով՝ շատ մարդիկ վատ են ճանաչում Սահմանադրական դատարանի դատավորներին:

«Նրանք ուժեղ մարդիկ են, նրանք հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են: Եվ, եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսները հիմա այս շենքում նստած աշխատում են: Եվ ես նրանց անուններն էլ չեմ վարանի ասել: Դա Ալվինա Գյուլումյանն է, դա Արևիկ Պետրոսյանն է, դա Հրանտ Նազարյանն է, դա Ֆելիքս Թոխյանն է, դա Արայիկ Թունյանն է, դա Արման Դիլանյանն է: Կարծես բոլորին ասացի: Վահե Գրիգորյանը այդ ցուցակի մեջ չի մտնում»,- նկատեց Թովմասյանը՝ հավելելով, որ իր թվարկած դատավորներն իսկապես հերոսներ են:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են արդեն «օրինական կաշառք» որակումը ստացածով գայթակղվել ու գնալ, ապա շատ ու շատ վատ են ճանաչում: Իմ ճանաչած Սահմանադրական դատարանի իմ թվարկած դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու: Շատ եմ ասել, թող ոչ ոք չմտածի, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու են ու մատուցեն իրենց:

Այսօր պայքար չի իրենց աթոռի համար: Ընդհակառակը: Միգուցե տարօրինակ է, բայց լրիվ հակառակն է: Այսօր պայքար է, թե մենք վաղը ինչպիսի դատական իշխանություն ենք ունենալու և ընդհանրապես ինչպիսի պետություն ենք ունենալու: Եվ ստանալ անաշխատ եկամուտ, իմ կարծիքով՝ այդ մարդկանց համար չէ: Իրենք չեն կարող նայել, թե որտեղ կա մի քանդված փողոց, մի քանդված դպրոց, բայց իրենք գնան, նստեն տանն ու այդ աշխատավարձը ստանան: Ես չեմ քննարկել, բայց վստահեցնում եմ, որ այս ամբողջը քաղաքական պրոցես է և մեկ նպատակ է հետապնդում»,- ասաց Թովմասյանը:

ՍԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ՍԴ շենքի մոտ հավաքված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իր խոսքով՝ երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց, ու վստահեցրեց.

«Այն Հրայր Թովմասյանին, որին դուք ճանաչում եք, իրեն ոչինչ չի կասեցնելու ու իմ թվարկած դատավորներին էլ ոչինչ չի կասեցնելու՝ վաղվա դատական իշխանությունը, վաղվա երկիրը կերտելու համար»:

Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: ՍԴ նախագահը եղածին իրավական գնահատականներ չտվեց, քանի որ ասաց, որ քաղաքական պրոցեսի դեպքում իրավունքի մասին խոսելն անիմաստ է: Թովմասյանի խոսքով՝ և՛ մեղադրանքի առաջադրումը, և՛ խափանման միջոցի կիրառումը իրավունքի հետ աղերս չունեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այդուհանդերձ, դեռևս հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում է առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ քննիչները ՍԴ նախագահին հարցաքննում էին Սահմանադրական դատարանում առավոտյան 10:00-ից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս