Ինչու նույն մեթոդներով չեն գնում Դատախազություն, գուցե Գլխավոր դատախազը հավաստիացրել է՝ պատրաստ է ցանկացած իրենց մոտեցում կիսե՞լ. Հովսեփ Խուրշուդյան

Այն մեթոդաբանությունը, որն ընտրել է գործող իշխանությունը Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար, ըստ իս, անընդունելի է։ Մենք մշտապես ասում էինք, որ իշխանությունը պետք է հենց սկզբից գնար սահմանադրական փոփոխությունների, որի արդյունքում էլ ինքնաբերաբար կփոխվեր Սահմանադրական դատարանի կազմը, բայց այդպես չեղավ։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը։

«Ես կողմնակից եմ, որ այս Սահմանադրական դատարանը դադարեցնի իր գործունեությունը, որովհետև իրենք պատասխանատվություն են կրում այն բոլոր ապօրինությունների լեգիտիմացման համար, որոնք մինչև այսօր տեղի են ունեցել։ Բայց միանշանակ է, որ դա պետք է արվեր նոր Սահմանադրությամբ, որովհետև մի կողմից՝ ասել, որ այս Սահմանադրությունն անընդունելի է, կարված է մեկ անձի համար, մյուս կողմից՝ գալ իշխանության և ասել, որ ակտուալ չէ սահմանադրական փոփոխություններ անցկացնելը, ինձ համար տարօրինակ է»,- ասաց  Խուրշուդյանը։

Սահմանադրական դատարանի նախագահից, այդ դատարանի կազմից ազատվելու՝ իշխանության շտապողական քայլերի, այդ թվում՝ հարուցված քրեական գործերի ու  օրենքի խախտմամբ անցկացվող խուզարկությունների պատճառը, ըստ Խուրշուդյանի, այն է, որ այսօր Սահմանադրական դատարանը մնացել է նախկին իշխանությունների պաշտպանության միակ բաստիոնը, ուստի այսօրվա դատական համակարգը միակ դատական համակարգն է, որտեղ հեղափոխական փոփոխություններ այդպես էլ տեղի չունեցան։

Հարցին՝ իսկ ինչո՞վ  է պայմանավորում այդ շտապողականությունը միայն Սահմանադրական դատարանի,  և ոչ, ասենք, Գլխավոր դատախազության նկատմամբ, այն դեպքում, երբ և՛ Հրայր Թովմասյանը, և՛ Արթուր Դավթյանը աշխատել են իրենց այդ պաշտոններում՝ սկսած նախկինների ժամանակներից, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ես մշտապես պահանջել եմ, որ օր առաջ այն նույն մեթոդաբանությամբ, որով, օրինակ, ՀՔԾ-ում իրականացվեցին փոփոխություններ, փոփոխություններ արվեն նաև Դատախազությունում։ Եթե, օրինակ, քննչական մարմինների պետերը հրաժարական չտային, ապա նրանց շատ դժվար էր լինելու իրենց տեղից հանել, քանի որ շատ բարդ ընթացակարգեր կային, հետևաբար՝ ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ նույն մեթոդաբանությամբ չգնացին նաև Գլխավոր դատախազության պարագայում։ Իսկ միգուցե Գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ պատրաստ է ցանկացած իրենց մոտեցում կիսե՞լ»։

Հարցին՝ փաստորեն այդ նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ Հրայր Թովմասյանը չի հավաստիացրել, որ պատրատ է կիսել իրենց ցանկացած որոշում, դրա համար էլ ցանկանում են ազատվել նրանից, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում։ Իմ կարծիքով՝ բոլոր այդ մարմինները պետք է նոր մարդկանցով համալրվեին։ Ե՛վ Գլխավոր դատախազությունը, և՛ Սահմանադրական դատարանը իրավական ճանապարհով չեն ձևավորվել, այդ մարմինները լեգիտիմ չեն, բայց թողնել նրան, ով համաձայն է, որ իրեն օգտագործեն, իսկ ով համաձայն չէ, նրա նկատմամբ ինչ-որ գործընթացնե՞ր սկսեն, նույնիսկ, եթե այդ գործընթացները հիմնավոր են, ես դա սխալ  եմ համարում»։

Նա նաև վստահեցնում է՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա։ Հարցին՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարությունը խնդրում ճգնաժամում գտնվող Սահմանադրական դատարանին՝ այս կամ այն համաձայնագրի սահմանադրականության հարցը քննել,  Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց.

«Մեկը մյուսին չի հակասում, օրենքի տառն է  դա պահանջում, ճգնաժամ՝ չի՛ նշանակում, որ իրենք չեն ընդունում Սահմանադրական դատարանի լիազորությունները»։

Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ նաև պետական հեղաշրջման փորձի մասին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարություններին  և նշեց.

«Պետական հեղաշրջման փորձը դա ամենավտանգավոր հանցագործություններից է և դա նշանակում է, որ հիմա պետք է լինեին արդեն մի քանի տասնյակ կալանավորումներ։ Եթե հայտարարություն է  արվում, որը որևէ իրավական հետևանք չի ունենում, դա ինձ համար տարօրինակ է և անհանգստացնող։ Հիմա ինչ՝ չե՞ն կարողացել բռնել, թե՞ այլ պատճառ կա, եթե չեն կարող, դա վտանգավոր է և նշանակում է, որ  պետության գլխին կանգնած մարդիկ չեն կարողանում ապահովել պետության անվտանգությունը։ Տարօրինակ է նաև, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ու Անվտանգության խորհրդի ղեկավարը տարբեր բաներ են ասում. հիմա ես որևէ բանից չեմ զարմանում»։

Անդրադառնալով  Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվան հանգամանքներին՝ Խուրշուդյանը նշեց, որ  ինքնասպանությունը, ինքնասպանության դրդելը կարող էր ձեռնտու լինել նախկին իշխանությանը կամ Ռուսաստանին։

Հարցին՝ փաստորեն գործող իշխանության  ժամանակ նախկին պաշտոնյայի մահվան սլաքը կարելի՞ է ուղղել գործողների ընդդիմախոսներին՝ նախկիններին, բայց նույն տրամաբանությամբ՝ նախկինների ժամանակ արձանագրված նախկին պաշտոնյաների մահվան սլաքները չի կարելի ուղղել այն ժամանակվա ընդդիմադիրներին, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց՝ այո, որովհետև այսօրվա ընդդիմությունն ունի ուրիշ որակ և լեցուն է կրիմինալով, իսկ այն ժամանակվա ընդդիմությունը եղել է սկզբունքային, նստել է բանտերում, հրաժարվել  կաշառվելուց և ծախվելուց։

«Դուք ուզում եք համեմատեք այդ մարդկանց այսօրվա ընդդիմադիրների հետ, որոնք թալանե՞լ են»,- ասաց Խուրշուդյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս