ՀՀ Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի և նրա վստահորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող Գևորգ Մկրտչյանի և անդամներ Արմինե Ֆանյանի, Արմեն Ֆերոյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Էդգար Թումասյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ՝
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։
Այնուհետև, Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի (այսուհետ, նաև՝ Քննիչ) կողմից զննվել են այդ խոսակցությունները, դրանք արտացոլվել համապատասխան արձանագրության մեջ և կցվել քրեական գործին։
Բացի այդ, քննիչի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցություններն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցությունները քրեական գործով որևէ ապացուցման ենթակա հանգամանքի հիմքում չեն դրվել և չեն կարող դրվել, իսկ դրանք գործով էական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում։
Հանձնաժողովը, վկայակոչելով միջազգային և ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև ձևավորված միջազգային դատական պրակտիկան,
– ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում փաստաբան Էդգար Թումասյանի և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինչպես նաև հետագայում այն ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից զննելը, համապատասխան արձանագրության մեջ արտացոլելը և քրեական գործին կցելը խախտում է փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները:
– ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները:
– ՀՈՐԴՈՐՈՒՄ Է իրավասու ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։