Պարզ չէ, թե այս իշխանությանը Սահմանադրության որ կետերը չեն բավարարում. Հրանուշ Խառատյան
Ունենք լեգիտիմ իշխանություն, սակայն ներքաղաքական լարվածությունն ու տագնապի զգացողությունը չի լքում: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ պատճառները մի քանիսն են:
«Եթե գլոբալ պատճառին անդրադառնանք, ապա հեղափոխությունից ավելի մեծ սպասելիքներ կային, քան այն կարող էր օբյեկտիվորեն տալ կամ սուբյեկտիվորեն այս պահին պատրաստ է գնալ դրան: Ինչպես նաև՝ հեղափոխության ալիքով իշխանության եկած մարդիկ բավարար պատրաստ չեն նաև պետական կառավարման համակարգի մասնագիտական աշխատանքի: Սրանք բոլորը խորքային պատճառներ են և սուր առճակատման առիթ են հաճախ հանդիսանում: Կարծում եմ՝ իշխանությունը չի փորձում քաղաքական այլ հայացքներ կամ հանրային կարծիք, շահեր ունեցող խմբերի հետ երկխոսության գնալ»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունների և քաղաքական ուժերի միջև երբևէ այսքան մեծ լարվածություն չի եղել, նույնիսկ 1995 թվականից հետո։
Ազգագրագետի մեկնաբանությամբ՝ այն ժամանակ կար հաղթած և պարտված կողմ, հիմա կան բազմաթիվ կողմեր։
«Եվ այդ բազմաթիվ կողմերն ունեն իշխանությունում լինելու նկատմամբ հայտերի տարբեր մակարդակներ, կան տարբեր չափով պատրաստված քաղաքական հռետորաբաններ, որոնց մի մասը շատ լարված մթնոլորտ է առաջացնում: Այս պահին, ընդհանուր առմամբ, չկա իշխանության կողմից առաջարկված ծրագիր։ Քաղաքական իրական բանավեճը ծրագրերի շուրջ է լինում․ կա քաղաքական ծրագրի պահանջարկ։ Հասարակությունը և քաղաքական տարբեր ուժեր կարող են իրենց առաջարկն անել, բայց նրանք էլ չեն անում, քանի որ թվում է՝ կուսակցություններից քիչ թե շատ հայտնիները իրենց ծրագրերը, գաղափարները համարում են հայտնի։ Եթե ունեն փոփոխության առաջարկ, այդ մասին չեն խոսում։ Չեն խոսում նաև այն պատճառով, որ իրենց պատկերացմամբ՝ դա կհամարվի իրենց գործունեության նկատմամբ քննադատական վերաբերմունք, իսկ նրանք այդպիսի վերաբերմունք չունեն իրենց անցյալի նկատմամբ»,- պարզաբանեց ազգագրագետը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Հրանուշ Խառատյանը նկատեց.
«Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանն այս պահին գտնվում է նախորդ իշխանության ուժեղ ճնշման տակ։ Այնպես չէ, որ Սահմանադրական դատարանի անդամներն այդպես կառչած են գաղափարին, ես կարծում եմ՝ նրանց վրա այնպիսի ճնշում կա, որ չեն կարողանում հաղթահարել դա։ Այս պահին դա ամենակարևոր և առարկայորեն ամենաաշխատող այն օղակն է, որի վրա նախորդ իշխանությունը ռևանշով փորձում է իշխանության գալ, կամ անկարելի է դարձնում այս իշխանության հետագա քայլերը, որով արատավորում է և մեր հասարակությանը շատ վնասում»:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա Հրանուշ Խառատյանին հայտնի չէ, թե ի՞նչ խնդիր է դրված լուծելու:
«Պարզ չէ, թե այս իշխանությանը Սահմանադրության որ կետերը չեն բավարարում: Հասկանանք՝ մեզ էլ չեն բավարարո՞ւմ: Հանրային լսարանը սթափ, ոչ հեղափոխական իրավիճակում է լինելու, և սրանք ունենալու են լուրջ քննարկումներ: Ձևավորել են հանձնաժողով, որն ի՞նչ պետք է առաջարկի. երկրի կառավարման հետ կապված խնդիրները, Սահմանադրության կետե՞րը… Բոլորս գիտենք, որ Սահմանադրությունից դժգոհ ենք, բայց հեղափոխական պաթոսով հնարավոր չի լինի նոր Սահմանադրությունն անցկացնել»: