Ամերիկացի երգիչ Դևիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ
Ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ: Այդ մասին հայտնել է NME-ն: Ամենայն հավանականությամբ, Ֆլորիդայի Սանտա-Ռոսա-Բիչ քաղաքում համերգի ժամանակ 71-ամյա կատարողը սրտի նոպա է ունեցել:
Վերականգնողական միջոցառումներին բժիշկ է մասնակցել, որն ունկնդիրներից մեկն էր, բայց դրանք չեն օգնել: Էմի Ռիգբին, որը ելույթ էր ունենում Օլնիի հետ միասին, Facrbook-ում գրել է. «Մահացել է հիանալի մարդը, լեգենդը, բանաստեղծը եւ կոմպոզիտորը: Երրորդ երգի կեսին նա կանգ առավ, ներողություն խնդրեց ու փակեց աչքերը»: Իր մահվանից ոչ շատ առաջ Օլնին ակուստիկ շարք է ձայնագրել WUWF 88.1 ռադիոկայանում: Այն զետեղել են Ցանցում: Երաժիշտն ամերիկյան ֆոլկ-ռոքի հայտնի կատարող էր, նա թողարկել է ավելի քան 20 ալբոմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: