Բաժիններ՝

«FIFA-ն և CAS-ը մաֆիան են, բայց հանկարծ ես դարձա ֆուտբոլի Ալ Կապոնեն, գանգստեր»․ Պլատինի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին հերթական անգամ քննադատել է ՖԻՖԱ-ին՝ կազմակերպությունը համեմատելով մաֆիայի հետ:

– ՖԻՖԱ-ն և Լոզանի Սպորտի Արբիտրաժային դատարանը (CAS) հանդես են գալիս որպես մաֆիա: Սա փոքրիկ Շվեյցարիայից մեծ ընտանիք է: Նրանք հանդիպում են և համաձայնություն են ձեռք բերում ամեն ինչի շուրջ, որոշում են:

Նրանք կարող են ձեզ ստիպել անհետանալ ֆուտբոլից: Ես ոչ մի վատ բան չարեցի, և նրանք ինձ սպանեցին Բլատերի հետ միասին:

Ես ամեն ինչ տեսա ներսից: Նրանք անում են իրենց ուզածը, ոչ մեկին չեն հնազանդվում: ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և CAS-ի փաստաբաններն իրականում նույն մարդիկ են, ովքեր ապրում են Շվեյցարիայում և անընդհատ շփվում են իրար հետ:

Կարդացեք նաև

– Ի՞նչ եք անում վերջին 4.5 տարվա ընթացքում:

– Երկար տարիների աշխատանքից հետո ես արթնացա և ինձ ավերված զգացի: 55 տարվա ընթացքում առաջին անգամ չգիտեի՝ ինչ անել:

Հանկարծ ես դարձա համաշխարհային ֆուտբոլի Ալ Կապոնեն, գանգստեր։ ՖԻՖԱ-ի և հարյուրավոր լրագրողների հարձակումները իմ կյանքն անտանելի էին դարձնում:

Մեկ ամիս անց զգացմունքները սկսեցին մարել: Ես սկսեցի հասկանալ, թե ինչ դիրքում եմ գտնվում: Ես պատրաստ էի պաշտպանվել ինքս, բայց, միևնույն ժամանակ, ես գիտեի, որ սա անհույս դեպք է: Քանի որ դավադրության գլխավոր հերոսը իրավունք չունի հաղթելու այն համակարգին, որը ստեղծեց այն:

Հեշտ է ինչ-որ մեկին մեղադրել տասը վայրկյանում, և այդ ժամանակ ստիպված կլինեք պաշտպանել ինքներդ ձեզ տարիներ շարունակ: Ես շատ ժամանակ եմ անցկացրել փաստաբանների հետ՝ իմանալով, որ դա չի ստացվի:

Ես ժամանակ եմ նվիրել իմ ընտանիքին՝ կնոջս, երեխաներին, թոռներին և ընկերներին: Ես շատ ճանապարհորդեցի և խաղացի գոլֆ:

Ես չեմ լացելու՝ աշխատանքի կորստի պատճառով: Ես պայքարում եմ ինձ համար մեկ այլ կարևոր պատճառով՝ ատում եմ անարդարությունը:

Իմ պատմությունը իսկապես պարզ է: ՖԻՖԱ-ն ինձ գումար էր պարտք: Ես սպասեցի, սպասեցի և սպասեցի: Մի քանի տարի անց ես վերջապես խնդրեցի վերադարձնել իմ պարտքը: Ես ՖԻՖԱ-ին հիշեցրի այդ մասին:

Ես գանձել եմ, փող եմ ստացել, հարկեր եմ վճարել: Ես ոչինչ չէի թաքցրել: Ես ոչ մի վատ բան չեմ արել: Չորս տարի անց նույն ՖԻՖԱ-ն ինձ մեղադրեց խարդախության մեջ: Ինձ վճարած մարդկանց խումբը:

Դա ՖԻՖԱ-ի դավադրություն էր նախագահական ընտրություններին իմ թեկնածության դեմ:

Ես կվերադառնամ: Ես չգիտեմ, թե երբ և ինչպես: Ես ընդմիշտ չեմ հեռացել, չնայած որ հիմարներն ինձ հեռացրին:

Ես դարձա ՖԻՖԱ-ի և Շվեյցարիայի դատախազների դավադրության զոհը: Նրանց միջև պայմանավորվածություն կար, որի նպատակը ինձ հեռացնելն էր: Բայց ես չեմ մեղադրում Շվեյցարիայի կառավարությանը,- ասել է Պլատինին։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն դատի էր տվել Բլատերին և Պլատինին՝ 1.83 միլիոն եվրո սեփական հաշիվներին փոխանցելու համար: 2011 թվականի հունվարի 18-ին Բլատերը հաստատեց փոխանցումը Պլատինիի հաշվին: ՖԻՖԱ-ն միջոցները փոխանցեց Պլատինիին երկու շաբաթ անց:

Պարզվեց, որ այդ վճարման համար պատճառ չկա, և այն պետք է ընդունվի որպես «նվեր»: Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարանը փոխանցումը հայտարարեց «չարդարացված վճար»: Այժմ երկու ֆուտբոլային գործիչները իրավունք չունեն որևէ գործունեություն ծավալել ֆուտբոլում։

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ասել է նաև, որ ինքը գիրք կհրապարակի իր կյանքի վերջին 20 տարիների մասին, որտեղ նա «կասի ամբողջ ճշմարտությունը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս