Ղարաբաղյան ի՞նչ առաջընթացի մասին է խոսել Լավրովը 

«Լավրովը փորձում է բոլոր ուղղություններով արձանագրել Ռուսաստանի և անձամբ իր ղեկավարած նախարարության դիվանագիտական հաջողությունները, ինչը բնական էր»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշմանը ԼՂ հակամարտության կարգավորման նախորդ տարվա ընթացքում գրանցված զարգացումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ առկա է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրականացման որոշակի շարժ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ասվում է լրատվամիջոցների հարցերին ՌԴ ԱԳՆ կայքում տեղակայված պատասխաններում, որոնք պատրաստվել, սակայն չեն հնչել արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի՝ 2019 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Շարժ կա «փոքր քայլերի» իրականացման հարցում, որոնց մասին պայմանավորվել են արտաքին գործերի նախարարները 2019 թվականի ապրիլին Մոսկվայում հանդիպման ժամանակ՝ զարգացնելով Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև Վիեննայում 2019 թվականի մարտին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Իրավիճակը սահմանին և շփման գծում մնում է համեմատաբար հանգիստ։ Գործում է թեժ գիծ Երևանի և Բաքվի միջև,- նշել են նախարարությունում։ -Կարծում ենք, որ այս ամենը վկայում է կողմերի՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին՝ ուղղված բնակչությանը խաղաղության պատրաստելուն»։ «Սակայն կարգավորման էության հարցերի գծով առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,- ավելացրել են արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ երկրների միջև առարկայական խոսակցությունը կվերականգնվի։

Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ առաջընթաց ասելով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նկատի ունի այն երկու պայմանավորվածությունները, որոնք հասան իրենց նպատակին նախորդ տարի, ՌԴ միջնորդական ջանքերի շնորհիվ։

«Դրանցից վերջինը լրագրողական փոխանակումն էր, առաջինը՝ ռազմագերիների վերադարձը։ Այս պայմանավորվածությունները հաջողվեց իրագործել Մոսկվայում անցյալ տարի  Լավրովի միջնորդությամբ կազմակերպված նախարարական հանդիպումից հետո։ Հայտարարությունից պարզ է դառնում, որ Մոսկվան կարևորում է Դուշանբեի պայմանավորվածությունները ևս, որոնք, ըստ տեղեկությունների՝ ևս Մոսկվայի ջանքերի արդյունքն էր, ինչը փոքր-ինչ փոխել է հրադադարի խախտումների ինտենսիվությունը շփման գծում։ Սա գործընթացի մի ուղղությունն է, որտեղ նախկինի համեմատ՝ կա առաջընթաց։ Բայց առաջընթաց չկա բանակցային  բուն գործընթացում, ինչպես դա պարզ դարձավ Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո։

Այսինքն՝ ես չեմ կարծում, որ որևէ նոր արձանագրում է արել Մոսկվան։ Կարծում եմ՝ դիվանագիտական առումով նպատակահարմար է եղել նշել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Մոսկվայի աջակցությամբ, և Լավրովը դա համարում է իր աշխատանքի արդյունքը, որի մասին խոսում է, հաշվի առնելով նաև այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքական դաշտում, ինչը ենթադրում է, որ Լավրովը պետք է հեռանա՝ արձանագրելով որոշակի դիվանագիտական հաջողություններ։ Սակայն մենք հասկանում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը այսօր և վաղը կարգավորվող խնդիր չէ, և այն առաջընթացը, որից խոսք է գնում, չենք կարող դիտարկել երկարաժամկետ տևական հաջողությանը միտված դրական պայմանավորվածություն։

Իմ խորին համոզմամբ, դեռ շատ նախաձեռնություններ են լինելու, այսօր հիմքեր չկան ենթադրել, որ որևէ փոփոխություն կարող է այս տարի լինել բանակցային գործընթացում կամ շփման գծում՝ դիտարկելով այն ներքաղաքական զարգացումները, որոնք ծավալվում են՝ ինչպես հակամարտող երկրներում, այնպես էլ՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրանում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և այս բոլոր երկրների միջև։ Պետք է արձանագրեմ, որ որքան կանխատեսելի, այնքան էլ անկանխատեսելի է այս հակամարտությունը, որում մենք համոզվեցինք 2016 թվականին»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս