Ատելության պետությա՞ն, թե՞ «սիրո և համերաշխության» կլոունադա
ՀՀ պետականության պատմության մեջ բարձրաստիճան պաշտոնյաների առեղծվածային մահվան դեպքերի, ցավոք, հաճախ ենք հանդիպում, որոնք հետագայում այդպես էլ հանրության համար մնում են՝ որպես «մութ պատմություն»։
Այդպիսի մի սահմռկեցուցիչ դեպք տեղի ունցավ նախօրեին։ Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է Երևանի Պարույր Սևակի փողոցի վրա գտնվող շենքի իր բնակարանում, հրազենային վիրավորումով։
Այս տեղեկատվությունից րոպեներ անց որոշ կայքեր շտապեցին «իրազեկել», որ ԱԱԾ նախկին տնօրենը ինքնասպան է եղել, չնայած պատկան մարմինների կողմից ոչ մի պաշտոնական վարկած դեռևս չէր շրջանառվում։ Սակայն այս ողբերգությանը զուգահեռ՝ սկսեց տեղեկատվական դաշտում տեղի ունենալ մի միտում, որն աստիճանաբար «ձնագնդի էֆեկտ» ստացավ։ Մահվան մասին տեղեկատվությունը տարածվելուց հետո, լրատվականներում սկսեցին անընդհատ զուգահեռներ անցկացնել ամիսներ առաջ տեղի ունեցած մի քանի ողբերգական դեպքերի հետ․ մասնավորապես նշվում էր, թե Կուտոյանի մահն իր ամառանոցում ինքնասպան եղած ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի և ՌԴ-ում գազի պայթյունից մահացած Երևան քաղաքի ոստիկանության վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանի մահվան հետ ասոցիացվող շղթա է։
Իշխանական որոշ պրոպագանդիստներ Կուտոյանի դեպքն անընդհատ փորձում էին շաղկապել հիշյալ դեպքերի հետ՝ նշելով, թե դրանք միմյանց հետ կապ ունեն և Մարտի 1-ի, Ապրիլյան պատերազմի ու ՊՊԾ գնդի գրավման հետ առնչություններ ունեն։
Իրականում պետք է փաստել, որ իշխանության կողմից բավականին անհասկանալի վերաբերմունք դրսևորվեց՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետ կապված։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ոչ մի կերպ չարձագանքեց Կուտոյանի մահվանը, ոչ մի ցավակցական խոսք մինչ այս պահը չի հնչել նրա կողմից։
Այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին ՀՀ հանրային կյանքի վիրտուալ տիրույթում՝ սոցցանցերում, վկայում է այն համընդհանուր պատկերը, որն այսօր տիրում է ՀՀ իրական հանրության շրջանում․ ատելություն, քամահրանք, հեգնանք՝ նախկինների նկատմամբ բացառապես նեգատիվ տրամադրություններ և դիրքորոշումներ։
Հատկանշական է, որ ատելության և հասարակության բևեռացման այս քաղաքականությունը, հենց այնպես՝ «օդից» չի ընկել, դա ՀՀ այսօրվա գործող իշխանության կողմից հստակ մշակված և իշխանության գալու հենց առաջին օրվանից կիրառված հստակ մարտավարական զենք է, որի միջոցով նրանք կարողանում են հասարակության լայն զանգվածների մոտ սեփական քաղաքականությունը պահպանել՝ նախորդներին պարսավելով։
Նախկին իշխանությունների նկատմամբ ատելության դրսևորումներն առաջին անգամ դրսևորվեցին 2018-ի իշխանափոխության օրերին, երբ դրսից կառավարվող հստակ խմբերն ու վիրտուալ տիրույթում «ուժեղ տղա» խաղացողները սկսեցին հայհոյանքներ ու զրպարտություններ հնչեցնել այն մարդկանց հասցեին, ովքեր այս կամ այն պատճառով չէին ընդունում և դեմ էին այն գործընթացներին, որոնք տեղի էին ունենում այդ օրերում երկրի ներսում։ Փողոցային սգո պաստառներ, ֆեյսբուքյան տարբեր տիպի անհեթեթ հրապարակումներ, սրանք այն գործիքակազմն էին, որոնք կիրառվում էին այդ օրերին, իսկ արդեն հետագայում դարձան ֆեյքերի բանակի ու «զոմբիացված» սեկտորի հիմնական բառամթերքը։
Արդեն ավելի ուշ՝ նախընտրական ընտրապայքարի օրերին, անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող այս մարտավարությունը բացահայտ ցույց տվեց, որ ատելությունը «աջակցվում» է պետական մակարդակով, որի վառ ապացույցներն էին՝ «ասֆալտին փռելու», «պատերով տալու», «գետնին պառկեցնելու», «գլուխները ցրելու», «հանգիստ տեղները նստելու» մասին սպառնալիքները, որոնց մասին մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է Փաշինյանը։
Ընդհանուր ատելության այդ վակխանալիայի ստարտը տվեց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով Կուտոյանի մահվան բոթից րոպեներ անց մի քամահրական գրառմամբ հանդես եկավ, որը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սաֆարյանը ոչ թե հանրային, այլ փաշինյանական խորհրդի ու նրա ընտանեկան խորհրդի նախագահն է, ուրիշ ոչինչ։
Այս ընդհանուր ատելության քաոսի մեջ շերտերով ընդգծվեցին, թե առավելապես ովքեր են մշտապես այդ քաղաքականության ու նման գործելաոճի կողմնակիցները։ Մասնավորապես, լրջագույն ակտիվությամբ էին աչքի ընկնում «սորոսականները», «Սասնա ծռերի» կողմնակիցները, որոնք ամենատարբեր որակումներով ու քամահրական արտահայտություններով էին հանդես գալիս։ Կարևոր է փաստել ևս մի առանցքային դրվագ․ Կուտոյանի մահվան մասին կազմակերպած իրենց հարցազրույցներում հստակ ուղղորդված ատելություն ու նեգատիվիզմ էր «ծորում» իշխանամետ որոշ լրատվական կայքերի հռետորաբանության ու հաղորդավարների հարցերի մեջ, ովքեր ամեն կերպ իրենց զրուցակիցներից փորձում էին իրենց քիմքին համապատասխան պատասխան կորզել՝ հարցերի մեջ հստակ սադրանք ներդնելով։
Ասել է թե՝ այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին, նորություն չէ, սակայն ամենաանթույլատրելին ու վիրավորականն այն էր, որ այս ամենը տեղի էր ունենում պետական բարձրաստիճան երիտասարդ պաշտոնյայի մահվան շուրջ, երբ մահացածի մարմինը դեռ չէր էլ սառել։ Հանրային բևեռացումն ու շերտավորումը, որն այսօր կիրառվում է ՀՀ-ում, ևս մեկ անգամ ապացուցում է բազում անգամներ փաստարկված այն թեզի ճշմարտացիությունը, որ իրեն «ժողովրդական» վարչապետ հռչակած և պարբերաբար մանիպուլյացիաներ ու ֆեյք օրակարգեր թելադրող Փաշինյանն ընդամենը հերթական շարքային «մուտիլովշիկ» է, ով հարմար առիթն ու պահն օգտագործելով՝ պոպուլիզմի ու դեմագոգիայի ալիքի վրա եկավ իշխանության։ Պոպուլիզմը, որպես կանոն, դրսևորվում է ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է եղել բազմաթիվ երկրներում, որտեղ կարծես թե անհնար է դա պատկերացնել, բայց ժողովրդավարությունն աչքիդ առջև վախճանվել է:
Արմեն Հովասափյան