Ինչպե՞ս հագեցնել հոգևոր սովը
«Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի» (Հովհ. 6:35):
Հաճախ մարդիկ մտածում են, որ աշխարը միայն նյութական է, սակայն ինչպես Հովհան Ոսկեբերան Հայրապետն է ասում․«Մարդը կառչել է երկրային կյանքի նյութերին»։
Բնական է, որ հոգևոր սնունդը կարևորելով, չենք բացառում նյութականի անհրաժեշտությունը Նյութականը նույնպես կարևոր է մարդու կյանքում, քանի որ նյութական պայմանների ապահովությունն էլ, նպաստում է հոգևոր կյանքին զորացմանը:
Սակայն սա կյանքի մի կողմն է, քանզի պարզ է, որ մեր ֆիզիկական գոյության համար նյութական հացի չափ անհրաժեշտ է նաև հոգևոր հացը։ Հիսուս հիշեցնում է մեզ, որ չպետք է աշխատենք միայն նյութական սննդի համար, այլ այն հոգևոր սնունդի, որը մնում է հավիտենական կյանքում։ Կյանքում երկու տեսակ քաղց կա․ ֆիզիկական և հոգեկան: Նյութական ուտելիքը հագեցնում է մեր ֆիզիկական քաղցը, բայց չի գոհացնում մեր հոգեկան ապրումները:
Հիսուս սովորական հոգևոր մի առաջնորդ, մարգարե կամ վարդապետ չէր։ Նա Երկնավոր Հացն էր, Ով ծնվեց Բեթղեհեմում։ Եվ Աստված ուղարկել է Նրան, որպեսզի Իրենով հագեցնենք մեր հոգևոր սովը:
Մեր Տերը Վերջին Ընթրիքի ժամանակ հաստատեց Հաղորդության Սուրբ Խորհուրդը, վերցրեց հացը, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով․ «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արեք իմ հիշատակի համար»: Բաժակով գինին էլ օրհնեց և ասաց, «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված» (Ղուկաս 22:19-20):
«Չենք ապրում ուտելու համար, այլ ուտում ենք ապրելու համար»։ Երբ Հիսուս քառասուն օրեր անապատում ապաշխարությամբ անցկացրեց և չկերավ ու չխմեց, սատանան Նրան ուզեց փորձել․ «Եթե Աստծու որդի ես, այդ քարին ասա, որ հաց լինի»։ Հիսուս նրան պատասխանեց․ «Գրված է՝ «Միայն հացով չէ որ կապրի մարդ, այլ Աստծու ամեն խոսքով» (Ղուկաս 4:3-4):