Վարկածներ շրջանառության մեջ դնելու մեխանիզմը «միատեսակ է»
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հերթական անգամ շտապեց առանց հիմնավոր ապացույցների կարծիք հայտնել: ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին գույժը տարածվելուց րոպեներ հետո Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Գեորգի Կուտոյանի՝ կասկածելի հանգամանքներում մահվան վերաբերյալ լուրն ու գրել․
«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել… Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին…»։
Բայց վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Սաֆարյանն այսքանով չի բավարարվել, զանազան կասկածներով ու ենթադրություններով լի գրառումներով նա նոր վարկածներ է առաջ քաշում: «Հայկ Հարությունյանն «ինքնասպան» եղավ իր տանը, սեփական զենքով, ալկոհոլի ազդեցության տակ, ընկած էր եղել… Գևորգ Կուտոյանն «ինքնասպան» է եղել իր տանը, սեփական զենքով, կոնյակի դատարկ շիշը կողքին, ընկճված է եղել /Հրապարակի աղբյուրի վկայությամբ/… Կարծես նախկին ուժային կառույցների ղեկավարների «ինքնասպանության» միատեսակ ինստրուկցիա կա․․․»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Տարիներ առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ենթարկել երկու ցուցարարների:
Իր այդ հայտարարությունից ընդամենը 6 օր անց՝ մարտի 10-ին, փաստաբանի ներկայությամբ (նրա փաստաբանը քույրն էր՝ Սեդա Սաֆարյանը), որպես վկա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելիս՝ Ստյոպա Սաֆարյանը, ըստ էության, հրաժարվել էր ԱԺ-ում հնչեցրած իր հայտարարությունից:
Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց Ստյոպա Սաֆարյանի հացաքննության արձանագրությունից մի հատված՝ քննիչի հարցն ու պատգամավորի պատասխանը.
«…Հարց – Որտեղից է Ձեզ հայտնի դարձել ցուցարարներին ոստիկանական մեքենայով վրաերթի ենթարկելու մասին, անձամբ տեսե՞լ եք, թե՞ ոչ:
Պատասխան – Այո, անձամբ ես և Անահիտ Բախշյանը «Մոսկվայի» տան մոտից տեսել ենք, որ ժամը 15-ի սահմաններում ոստիկանական տարբերանշաններով մոխրագույն «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան «Մոսկվայի» տան մոտից դեպի Ֆրանսիական դեսպանատան ուղղությամբ մխրճվեց ժողովրդի մեջ, որից հետո այլևս այդ մեքենան չեմ տեսել հոծ բազմության պատճառով, չեմ տեսել նաև, թե ինչպես է այդ մեքենան ինչ-որ մեկի վրաերթի ենթարկել, սակայն մինչ մեր կանգնած տեղից մի փոքր ուշացմամբ հասանք Ֆրանսիայի դեսպանատան դիմացի խաչմերուկ, քանի որ Անահիտ Բախշյանը զբաղված էր մարդկանց հանգստացնելով, մեզ մոտեցավ մի անծանոթ երիտասարդ և ասաց, որ ոստիկանական մեքենան հարվածեց 50-ամյա մի կնոջ և տղամարդու, և ինքն առաջին օգնություն ցույց տվողներից մեկն է եղել, ասեց նաև, որ այդ մարդկանց արդեն տեղափոխել են հիվանդանոց:
Հարց – Կրկին անգամ առաջարկում եմ տալ հստակ պատասխան. Դուք անձամբ տեսե՞լ եք, թե ինչպես է ոստիկանական ավտոմեքենան վրաերթի ենթարկել 50-ամյա կնոջ և տղամարդու:
Պատասխան –Ոչ, ես անձամբ չեմ տեսել, որ ոստիկանական ավտոմեքենան վրաերթի ենթարկի որևէ անձի: Տեսել եմ միայն բազմության մեջ մխրճվող ոստիկանական «Վիլիսը»: Ինչպես վերը նշեցի, կրկնում եմ, որ վրաերթի դեպքի մասին հայտնել է ինձ անծանոթ մի տղամարդ: Հետագայում, նույն օրը, ես իմացա, որ դեպքին ականատես են եղել Զարուհի Փոստանջյանը, Սեդա Մելիքյանը, Հայկ Գևորգյանը:
Հարց – Պարզաբանեք, թե ինչ նկատի ունեք՝ ասելով. «դեպքին ականատես են եղել»: Այսինքն` Ձեր թվարկած անձինք տեսել են հենց վրաերթի պահը, թե` ինչպես Դուք` միայն ավտոմեքենայի ընթացքը դեպի մարդկանց բազմությունը:
Պատասխան -Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել: Զարուհի Փոստանջյանն ու մյուսները ինձ հայտնել են, որ եղել են դեպքի վայրում, իսկ անմիջականորեն վրաերթի պահը տեսել են, թե` ոչ, չեմ կարող ասել»…:
Վարկածներ շրջանառության մեջ դնելու մեխանիզմը «միատեսակ է», նպատակը՝ անհայտ, շարունակությունը՝ իրավական երկրում պետք է լինի՝ հիմա արդեն հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննելը:
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ