Հազարավոր աղջիկներ են հայտավորվել ճապոնացի միլիարդատեր Մաեձավայի սիրեցյալը դառնալու համար
20 հազարից ավելի կանայք են հայտ ուղարկել, որպեսզի հաղթահարեն խիստ ընտրությունը եւ դառնան ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի սիրեցյալը: Հաղթողը գործարարի հետ միասին թռիչքի կուղեւորվի Լուսնի շուրջը: Այդ մասին հայտնել է AsiaOne-ը: Մրցույթի մասնակիցների թվի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել AbemaTV սթրիմինգային ծառայությունը, որը հեռարձակելու է հեռուստաշոուն: Մաեձավայի խոսքով՝ ինքը ցանկացել է գտնել իր միակին լուրջ հարաբերությունների համար:
Քասթինգի մեկնարկի մասին հայտնի է դարձել հունվարի սկզբին: Full Moon Lovers անվանումը կրող հեռուստաշոուին կկարողանան մասնակցել մինչեւ 20 տարեկան աղջիկներ: Պլանավորվում է, որ եթերում միլիարդատերը մի քանի տեսակցություն կանցկացնի հավակնորդուհիների հետ: Հնարավոր զուգընկերուհուն նա կընտրի 2020 թվականի մարտին: 44-ամյա Մաեձավան մոդելագործ է եւ Zozo հագուստի առցանց-խանութի հիմնադիրը:
Forbes-ը նրա կարողությունը գնահատում է երկու միլիարդ դոլար: Նա կդառնա առաջին տիեզերական զբոսաշրջիկը, որը կուղեւորվի Լուսնի ուղեծիր: Թռիչքը կկազմակերպի SpaceX-ը՝ ամերիկացի գործարար Իլոն Մասքի ընկերությունը: 2019 թվականի սեպտեմբերին ճապոնացի միլիարդատերը վաճառել է իր ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը եւ թողել գլխավոր տնօրենի պաշտոնը: