«Որևէ քաղաքական գործիք Սահմանադրական դատարանի հանդեպ չպետք է կիրառվի». Նաիրա Զոհրաբյան

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պատրաստվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողով, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվելու են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը: Հանձնաժողովում կլինեն մեկական ներկայացուցիչ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից, դատավորների ընդհանուր ժողովի կողմից լիազորված մեկ ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված 2 ներկայացուցիչ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար պարզ չէ, թե հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների կարգավորման ինչ օրակարգ է ունենալու:

Պատգամավորի կարծիքով՝ մինչև հանձնաժողով ստեղծելը առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին պետք է ներկայացվեր, թե ինչո՞ւ ենք գնում սահմանադրական փոփոխությունների, թե գործող Սահմանադրության մեջ ի՞նչն է, որ խոչընդոտում է իշխանություններին իրենց բարեփոխումներն իրականացնելիս:

«Բայց, ինչպես ասում են, սայլը դրվեց ձիուց առաջ: Այդուհանդերձ, մենք կքննարկենք, թե ինչ փոփոխություններ են լինելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկի վերաբերյալ Զոհրաբյանը հստակ տեսակետ ունի: Դատական համակարգը որևէ իշխանության կցորդը չպիտի լինի:

Անդրադառնալով տեսակետներին, թե դատական իշխանությունն ու Սահմանադրական դատարանը բոլոր իշխանությունների ժամանակ եղել է հենց այդ իշխանության «կրունկի տակ», Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ չի ուզում, որ այսօր էլ Սահմանադրական դատարանը հայտնվի այս իշխանության կրունկի տակ:

«Որևէ քաղաքական գործիք Սահմանադրական դատարանի հանդեպ չպետք է կիրառվի»,- հավելեց Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս