«Մեդիային պատերազմ հայտարարելն աբսուրդ է». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ դիմել է գլխավոր դատախազին ու ներկայացրել ԱԺ-ի իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն կոտրելու վերաբերյալ բոլոր նյութերը:

«Այո, քիչ առաջ խոսում էի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ։ ՄԻՊ-ի հետ էլ քննարկում ենք համատեղ խորհրդարանական լսում անցկացնելու հարցը։ Մենք փորձելու ենք օրենսդրորեն, եթե ստացվի (ինչի հավանականությունը մեծ չեմ համարում)՝ կարգավորում մտցնել: Մենք դեռ չենք կարողանում գտնել այն ոսկե միջինը, ճիշտ բանաձևը, որ՝ օրենսդրորեն պատժելով ատելության խոսքը, չենք վնասի խոսքի ազատությանը: Սոցիալական մեդիայում ատելությունը ես համարում եմ մեր երկրի ազգային անվտանգության լրջագույն խնդիր։ Ատելության խոսքը, գռեհկաբանությունը, հայհոյանքները վիրտուալ տիրույթից տեղափոխվել են իրական կյանք, ինչը պետք է կասեցվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ այսօր բոլոր ռեսուրսներն իշխանության ձեռքին են, և միայն նրանք կարող են փորձ անել այս ամենը կասեցնելու: Զոհրաբյանը չի հավատում, որ օրենսդրորեն կարողանալու են գտնել բալանսավորված լուծում, որը չի դառնա դամոկլյան սուր խոսքի ազատության սահմանափակման համար:

«Վերջին շրջանում որոշակի մեսիջներ կան, որն ինձ համար՝ որպես նախկին լրագրող, մտահոգիչ է, որտեղ ես ռիսկեր եմ տեսնում լրատվամիջոցների հանդեպ «օրենսդրության» շրջանակներում»,- անդրադառնալով ԶԼՄ-ների նկատմամբ հնարավոր ճնշումներին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ մեդիային պատերազմ հայտարարելն աբսուրդ է:

Տեսանյութեր

Լրահոս