Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել եւ այն փոխանցել հանրապետության նախագահին։ «Ես պաշտոնն ստանձնել եմ՝ կատարելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար անկեղծության եւ օրինավորության օրինակ է: Սակայն որպեսզի փարատվեն նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության բոլոր կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել եւ փոխանցել նախագահին՝ խորհրդարանին ներկայացնելու իրավունքով»,-հունվարի 17-ին գրել է Գոնչարուկը Facebook-ի իր էջում:
«Վերջին օրերին դուք բոլորդ դարձաք այն իրադարձությունների վկաները, որոնք ծավալվել են ցանց արտահոսած ֆայլերի շուրջ, որոնք մոնտաժված են կառավարությունում խորհրդակցությունների ձայնագրությունների հատվածներից: Դրանց բովանդակությունն արհեստականորեն այն պատկերացումն է ստեղծում, որ ես եւ իմ թիմն իբր չենք հարգում նախագահին, որը մեր քաղաքական առաջնորդն է: Ազդեցության բազմաթիվ խմբերի, որոնք ձգտում են հասու լինել ֆինանսական հոսքերին, ձեռնտու է, որ բանն այդպես ներկայանա: Բայց դա ճշմարիտ չէ»,-ընդգծել է Գոնչարուկը:
Ավելի վաղ մի շարք Tdlegram-ալիքներ տարածել են ձայնագրություն, որում մի քանի մարդ քննարկում է նախագահի տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցը, ինչպես նաեւ գրիվնայի փոխարժեքի բարձրանալու պատճառներն ու հետեւանքները: Նրանցից մեկը Գոնչարուկի ձայնին նմանվող ձայնով խոսում է տնտեսության բնագավառում նախագահի «պրիմիտիվ» պատկերացումների մասին, իսկ իրեն համարում է «անձեռնհաս տնտեսության մեջ»:
Ինչպես պնդվում է, ձայնագրությունն արվել է դեկտեմբերի 16-ին, եւ խորհրդակցությանը, Գոնչարուկից, բացի, մասնակցել են Ազգային բանկի փոխնախագահ Եկատերինա Ռոժկովան, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան, նախագահի գրասենյակի փոխղեկավար Յուլյա Կովալիվը եւ ուրիշներ:
Ավելի ուշ Կովալիվը ժխտել է իր մասնակցությունը խորհրդակցությանը: Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղեկատվություն չունի տարածված տեսագրության հավաստիության վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: