Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը. պարզաբանում է հոգևորականը
Սուրբ Սարգիս զորավարի տոնը հայության մեջ համարվում է երիտասարդության և սիրո օրհնության տոն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը: Նրա խոսքով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր:
«Տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը, որը տևում է հինգ օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է, ում միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:
Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ»,-մասնավորապես ասել է նա: