
Toyota-ն շուրջ 400 մլն դոլար կներդնի թռչող տաքսիների տեխնոլոգիաների զարգացման գործում

Toyota ճապոնական խոշորագույն ավտոմոբիլային կորպորացիան 394 մլն դոլար կներդնի Joby Aviation ամերիկյան ընկերությունում, որն զբաղվում է թռչող փոխադրամիջոցների մշակմամբ ու արտադրությամբ՝ դրանք որպես տաքսի օգտագործելու համար: Այդ մասին ասված է ճապոնական կոնցեռնի՝ հունվարի 16-ին տարածված հայտարարության մեջ։
«Օդային փոխադրումները եղել են Toyota-ի երկարաժամկետ նպատակը: Առայժմ մենք շարունակում ենք մեր աշխատանքն ավտոմոբիլային բիզնեսում, ներկայիս համաձայնագիրը մեզ թույլ է տալիս հայացքն ուղղել դեպի երկինք: Մենք մտադիր ենք օդային փոխադրումների խնդիրը լուծել Joby-ի հետ միասին եւ զարգացնել ներուժը տրանսպորտի ոլորտում վերափոխումների համար»,-նշել է Toyota-ի նախագահ Ակիո Տոյեդան:
Երկու ընկերությունները մտադիր են զարգացնել թռչող տաքսիների տեխնոլոգիաները՝ հետագա զանգվածային արտադրության նպատակով: Համագործակցության ավելի կոնկրետ պլանների մասին կողմերը կհայտարարեն ավելի ուշ:
Նշվում է, որ նրանք միասին կարող են զբաղվել թռչող տաքսու նոր նախատիպի մշակմամբ: Ներկայում Joby Aviation-ն արդեն ունի վեց ռոտորով եւ էլեկտրական շարժիչով S4 մոդելը: Այդ փոխադրամիջոցը կարող է չորս ուղեւոր տեղափոխել մոտավորապես 200 կիլոմետր տարածությամբ: Նաեւ ընկերությունն զբաղվում է նոր 12-ռոտորավոր տաքսու մշակմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: