
Ուիթնի Հյուսթոնը և The Notorious B.I.G.-ը հետմահու կընդգրկվեն Ռոք-ն-ռոլի փառքի սրահում

Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (1963-2012 թթ.) եւ ռեփեր The Notorious B.I.G.-ը (1972-1997 թթ.) հետմահու կընդգրկվեն Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: Համանուն կազմակերպության գլխավոր տնօրեն Գրեգ Հարիսի համապատասխան հայտարարությունը հունվարի 15-ին զետեղված է նրա պաշտոնական կայքում։
Հյուսթոնի եւ The Notorious B.I.G.-ի (իսկական անունը՝ Քրիստոֆեր Ուոլես) հետ միասին 2020 թվականին Ռոք-ն-ռոլի փառքի սրահում կընդգրկվեն ամերիկյան այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ Nine Inch Nails-ը եւ The Doobie Brothers-ը, ինչպես նաեւ T. Rex եւ Depeche Mode բրիտանական կոլեկտիվները:
Հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Ռոք-ն-ռոլի փառքի սրահում արտիստներին ընդգրկելուն, տեղի կունենա Քլիվլենդում մայիսի 2-ին:
«Բարի գալուստ Փառքի սրահ»,-ասել է Հարիսը, ընդգծելով, որ կազմակերպությունում դիտարկել են «16 ցնցող թեկնածություն»: Նրանք բոլորն էլ անչափ տաղանդավոր են, անառարկելի ներդրում ունեն եւ ազդեցություն են ունեցել երաժշտության վրա»,-նշել է նա: Ռոք-ն-ռոլի փառքի սրահում ընդգրկվելուն երաժիշտները կարող են հավակնել միայն այն բանից հետո, երբ կլրանա նրանց առաջին սկավառակի թողարկման 25-ամյակը: Այդ պատվին արդեն արժանացել են, մասնավորապես, այնպիսի խմբեր եւ կատարողներ, ինչպիսիք են՝ The Beatles-ը, Բոբ Դիլանը, Էլվիս Փրեսլին, The Rolling Stones-ը, Բի Բի Քինգը, Չաք Բերին, Ռեյ Չառլզը, Արեթա Ֆրանկլինը եւ շատ ուրիշներ: Թե ովքեր են արժանի մտելու ընկերության մեջ, առաջարկվում է որոշել ունկնդիրներին, որոնք երաժիշտների օգտին քվեարկում են կազմակերպության կայքում: Բացի այդ, դափնեկիրներին որոշելու գործին մասնակցում է երաժշտության բնագավառի շուրջ 1000 փորձագետ, այդ թվում՝ երգիչներ, քննադատներ, շոու-բիզնեսի արհեստավարժներ եւ պատմաբաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: