«Նախաքննության մարմնին հարցում ենք կատարել այդ տեղեկատվության իսկությունը պարզելու համար». Ամրամ Մակինյանը՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ վերջին տեղեկատվության մասին

Այսօր hraparak.am կայքում մի տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի՝ օրերս ՀՔԾ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի և հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ։

«Սակայն դատավորը, ում անունն այս պահին չենք հրապարակում, մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ, հաշվի առնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բնույթն ու էությունը, անհնար է, որ վերջինիս բնակարանում, աշխատասենյակում կամ հայրական տանը գտնվի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ որեւէ ապացույց։ Այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերաքննիչը նույնպես մերժել է բողոքը՝ տեղի չտալով Բարձրագույն դատական խորհրդի ճնշումներին»,- գրված է հրապարակման մեջ:

168.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ԶԼՄ-ներից են տեղեկացել, որ հնարավոր է՝ նման բան է տեղի ունեցել, և քննիչը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի և հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ։

«Նախաքննության մարմնին մենք հարցում ենք կատարել՝ այդ տեղեկատվության իսկությունը պարզելու համար, և պատասխանը ստանալուց հետո համապատասխան դատավարական ընթացակարգերով մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Վերջինս նշում է նաև, որ համապատասխան հարցումներ են կատարելու «Հրապարակում» ավելի վաղ հրապարակված այն նյութի վերաբերյալ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով գաղտնի ժողով է հրավիրել, որին  մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները, որոնք էլ հանձնարարական են ստացել 1 շաբաթվա ընթացքում ազատվել ՍԴ նախագահից ու անցանկալի դատավորներից:

«Անպայման պարզելու ենք այդ հանգամանքները, որովհետև դրանք շատ կարևոր են: Դրանց հաստատվելու դեպքում մեր կողմից անպայման գնահատականներ կտրվեն»,- վստահեցրեց ՍԴ նախագահի պաշտպանը:

Ինչ վերաբերում է 168.am-ի  տեղեկություններին, թե ոստիկանությունը պատրաստվում է անձնական բնույթի կոմպրոմատ հավաքելու եղանակով ազատվել ՍԴ երկու դատավորներից, Ամրամ Մակինյանն ասաց, որ որևէ փուլում այդ տեղեկատվությունը հաստատվելու դեպքում գործ ենք ունենալու ակնհայտ հանցագործության հետ:

Անդրադարձ կատարեցինք նաև այդ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկություններին, թե այս մերժումներից հետո ԲԴԽ որոշ անդամներ ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը ժողով են արել և որոշել Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդությունները և բողոքները գործերի բաշխման համակարգչային համակարգ մուտքագրել այնպես, որ դրանք մակագրվեն առաջին ատյանի դատարանի առավել վստահելի և հոգեբանորեն «կայուն» 6 դատավորներից մեկին՝ Հաց բերողին կալանքի տակ պահած Արթուր Մկրտչյանին, ԱԱԾ կոռուպցիայի դեպարտամենտի պետ Միքայել Հարությունյանի մանկության ընկեր Մեսրոպ Մակյանին, Երևանի քննչական վարչության պետի եղբայր Կարեն Ֆարխոյանին, Գևորգ Կոստանյանի կալանքը բավարարած Մարինե Մելքոնյանին, ինչպես նաև Կենտրոն դատարանի հանրահայտ զույգին՝ Մնացական Մարտիրոսյան և Գագիկ Պողոսյան, այսինքն՝ այն դատավորներին, որոնք վերջին 20 տարում իշխանությանը հակառակ ակտեր չեն կայացրել:

Մեր հարցին, թե արդյո՞ք այս պարագայում ԲԴԽ-ն ասելիք չունի, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ այս պահին կսպասեն հարցումների պատասխաններին, և եթե ԲԴԽ-ում եղել է նման քննարկում, թե ում պիտի մակագրվեն Հրայր Թովմասյանին վերաբերող գործերը, ապա դա անպայման իր արձագանքը կունենա, քանի որ այդտեղ հստակ հանցագործության հատկանիշների հետ գործ ունենք:

Տեսանյութեր

Լրահոս