Տիգրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՆԱ-ի վերաբերյալ հայտարարության մասին
Տարվա սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հայաստանի ՀՆԱ ցուցանիշներին՝ գրել էր. «Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորև):
Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով)»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը՝ նշեց, որ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանն այսօրվա դրությամբ այն երկրների շարքում են, որոնք 2019 թվականը կամփոփեն 4600-4700 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով:
«Կարծում եմ՝ Հայաստանում այն կլինի 4650 դոլար: Այս ամենին մեր հարևանները տարբեր կերպ են արձագանքում, ես այն մեկնաբանել չեմ կարող, երևի յուրաքանչյուրի համար էլ կարևոր է, որ առաջինն ինքը լինի: Եվ եթե այլ դեպքերում ստացվում է այնպես, որ առաջինը լինում է մեր հարևաններից մեկը, թող ինքը լինի, եթե մենք ենք՝ մենք ենք, այստեղ մեկնաբանելու որևէ խնդիր չեմ տեսնում: Այո, վիճակագրական որոշակի հարցեր կան, նկատի ունեմ՝ մեթոդաբանական, բայց դա այս հարցի այն առանձնահատկությունն է, որը ես կթողնեի, որ Վիճակագրական կոմիտեն պարզաբաներ: Այստեղ որոշակի նրբություններ կան, որոնք պայմանավորված են այնպիսի միջազգային կազմակերպություններով, որոնք մեթոդաբանություն են հուշում հետևորդ երկրներին»,- նշեց Էկոնոմիկայի նախարարը:
Հիշեցնենք, որ վարչապետի այդ գրառման հետ կապված հայտարարությամբ էր հանդես եկել նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարարը: