Թե ի՞նչ եղավ հետո, երբ…
Այսօր ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը փաստացի մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ հատկապես ոչ իշխանական իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Այլ կերպ ասած՝ այսօրվա կախյալ դատական համակարգի դեմ պայքարում վերջին օղակը շարունակում է մնալ ՍԴ-ն, որտեղ կարելի է ակնկալել սահմանադրական արդարադատության իրականացում։
Նախորդ տարեվերջը բավականին էպոպեային ստացվեց՝ ՍԴ-ում ընթացող անբովանդակ ու արհեստական շահարկվող դիսկուրսի հետ կապված։ Մասնավորապես՝ գործող ռեժիմը հասավ նրան, որ նախ ԱԺ կողմից ընդունվեց հակասահմանադրական ու մարդու իրավունքներն ու ազատ կամարտահայտության իրավունքը ոտնահարող՝ «ՍԴ մասին օրենքում փոփոխությունների նախագիծը», որը բավականին բուռն արձագանք ունեցավ, քանի որ ըստ նախագծի եզրափակիչ դրույթի` ՍԴ դատավորներին առաջարկվում է վաղ կենսաթոշակի գնալ, իսկ արդեն ավելի ուշ այս օրենքը վավերացվեց ՀՀ նախագահի կողմից։
Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ՀՀ-ում ներկայումս անկառավարելի քաղաքական քաոս է տիրում, և երկրում ողջ պետական ապարատը սպասարկում է մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքը։
Այսինքն` եթե ՍԴ դատավորներն այս նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում հրաժարական տան, կստանան ամսական որոշակի կենսաթոշակ։ Միանշանակ է, որ մարդուն անհնար է պարտադրել, որ նա անցնի թոշակի, եթե չի հասել համապատասխան տարիքի․ վաղ կենսաթոշակի անցնելը պետք է լինի անձի համաձայնությամբ` չպետք է դատավորներին դնեն այն իրավիճակի մեջ, որ ստիպված դիմեն այդ քայլին։
Եթե այս հարցին նայենք ոչ իրավաբանորեն, ապա պարզ է դառնում, որ գործ ունենք սոցիալական արդարության խնդրի հետ։ Ակնհայտ է նաև այն, որ ՍԴ-ում ընթացող զարգացումները բացահայտ քաղաքական նկրտումներ են, ուրիշ ոչինչ, վաղ կենսաթոշակի ուղարկելով՝ լուծում չեն ստանում, ավելին` ի հեճուկս օրվա իշխանությունների՝ այն իրավաբանները, որոնք աշխատում են ՍԴ-ի հետ, դիմումներ ներկայացնում ու ստանում համապատասխան պարզաբանումներն ու պատասխանները, չեն կարող ասել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա։ Իսկ այն «իրավապաշտպաններն» ու պալատական «սահմանադրագետները», ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, շարունակում են պնդել, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ․ նրանք իրավական գործընթացները չափում են քաղաքական բանաձևերով, ինչն անընդունելի է իրավական հարցերի մասին խոսելիս։ Պարզ է մի բան․ այս կերպ իշխանությունը ՍԴ-ում արհեստականորեն ստեղծում է իրական ճգնաժամ, կամ որ նույնն է՝ կեղծ ՍԴ ճգնաժամի պատրվակով գնում է իրական ճգնաժամի։
Ի դեպ՝ «վաղ կենսաթոշակի» մոդելը Վենետիկի հանձնաժողովի կողմից նախկինում արժանացել էր բավականին խիստ մոտեցման դատական իշխանության նկատմամբ նման տեսակի մոդելների իրացման մասով: Հենց այս արհեստական ճգնաժամն իրենց առաջնային օրակարգում ունենալով է, որ Փաշինյանն ու իր իրավախորհրդատուներն ասպարեզ բերեցին Վահե Գրիգորյանին՝ իր անհասկանալի նամականիով ու անբռնազբոս տեքստերով, այլապես ինչպե՞ս կարելի էր թույլ տալ քաղաքական բառապաշար ներմուծել «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» տերմինները։
168.am-ն օրերս գրել էր, որ ՍԴ գործող դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու կոշտ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքից: Մասնավորապես տեղեկություններ էին շրջանառվում, որ խոսքը տվյալ երկու դատավորի նկատմամբ անձնական բնույթի «դոսյեի» մասին է, որոնք դատավորներին կդնեն փակուղային դրության առաջ՝ ստիպելով օր առաջ հրաժարական ներկայացնել։
Չնայած իշխանությունը պնդում է, որ ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումները ոչ մի կապ չունեն Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի հետ, սակայն ակնհայտ է, որ դա ճիշտ չէ, քանի որ այդ ամենն ուղղակիորեն շաղկապված է Թովմասյանի անձի հետ։ Այսօր տրված իր հարցազրույցներից մեկում Արարատ Միրզոյանը նշել է, թե «անկախ հանգամանքից՝ Թովմասյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվեր, քանի որ տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում»։
Յուրաքանչյուր ապաքաղաքականացված և քաղաքական գործընթացների հետ որևէ առնչություն չունեցող անձնավորության համար միանշանակ պարզ է, որ սա ոչ այլ ինչ է, քան հերթական պոպուլիզմի դրսևորում, քանի որ բնական է, որ որևիցե մարդու չէր հետաքրքրում ու հիմա էլ հետաքրքիր չէ, թե ինչ գործունեություն է ծավալել Հրայր Թովմասյանը կամ մեկ այլ նախարար իր ղեկավարած տարիներին, և եթե այդ անձը չլիներ Թովմասյանը, կամ, ավելի կոնկրետ, իշխանության համար անցանկալի ՍԴ նախագահը, ոչ ոք և ոչինչ չէր հիշի։
ՍԴ-ի շուրջ ստեղծված «բոլոլայի» հետ կապված՝ իշխանությունները մի քանի այլընտրանքային սցենարներ են մշակում, որոնք կյանքի կկոչվեն հերթական անտիսահմանադրական «արարից» հետո։ Բավականին «կասկածելի» զուգադիպությամբ, արդեն տևական ժամանակ է՝ շրջանառության մեջ է դրվել ՀՀ-ում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին թեզը, որը վերջին օրերին պարբերաբար թմբկահարում է «Լուսավոր Հայաստանը»։ Հենց «Լուսավորն» է, որ փորձում է ՍԴ «ճգնաժամին» վիրահատական միջամտություն ցուցաբերելու մասին դրույթը դարձնել հանրային առաջնային օրակարգ, և, ամենայն հավանականությամբ, իշխանությունների հատուկ հանձնարարականով առաջ է քաշում հանրաքվե անցկացնելու գաղափարը։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ ՍԴ-ի շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամի լուծումը ոչ թե ՍԴ դատավորներին որպես «կաշառք» թոշակ առաջարկելը պետք է լինի, այլ իշխանությունների կողմից ՍԴ անկախության կարևորության գիտակցումը։