Բաժիններ՝

Հունվարի 15-ից օդանավակայանի տարածքում կգործեն կայանման նոր սակագներ. տերմինալների միջոցով վճարման դեպքում սակագինը կմնա անփոփոխ

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում 2020թ. հունվարի 15-ից թանկանում է ավտոկայանատեղիի համար սահմանված վճարը:

168.am-ն այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց՝ 2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագներ դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում միայն:

«Օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 տերմինալ: Եթե դրանց միջոցով վճարումն իրականացնեն, գնային փոփոխություն չի լինում: Այսինքն՝ մարդիկ շարունակելու են վճարել այն գումարը, որը գործել է մինչ այս պահը: Գնային փոփոխությունը լինելու է միայն դրամարկղերում: Եվ սա արվում է, որպեսզի օդանավակայանում դրամարկղի մոտ կուտակումները, խցանումները նվազեն, գործընթացը լինի հնարավորինս ավտոմատացված, մարդկային գործոնը նվազեցվի և ավելի արագ ստացվի: Հավելեմ, որ տերմինալով վճարում կատարելուց հետո դուրս գալիս պետք է միայն կտրոնը ցույց տան և տարածքից դուրս գան: Այսինքն՝ դրամարկղի մոտ երկար մնալու խնդիր չի լինում: Ավտոբուսների և միկրոավտոբուսների դեպքում մեկանգամյա մուտքի գնային փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես վերջիններիս վարորդները կարող են միայն դրամարկղում վճարում իրականացնել: Միկրոավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը 2000 ՀՀ դրամ է, ավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ»,- նշեց Հովհաննիսյանը:

Ավտոկանգառի վճարման տերմինալներ

Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրված 7 վճարային տերմինալից 4-ն առաջին հարկում է՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ՝ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ՝ մեկական), և 1-ը՝ VIP սրահում: Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը հնարավոր է վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, վճարողը կունենա

10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:

2020 թվականի հունվարի 15-ից գործելիք կայանման նոր սակագները.

(տերմինալների միջոցով վճարելիս գները, որոնք գործել են մինչ օրս, կմնան անփոփոխ)

Վճարային տերմինալ.

– առաջին 10 րոպեն անվճար է,

– ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ,

– ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ,

– ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 10.000 ՀՀ դրամ:

Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.

– ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը 800 ՀՀ դրամ է,

– ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ,

– ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ:

Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.

– Միկրոավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է,

-ավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:

Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս